Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ-ՈՒՄ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է



ՌԴ գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի նախագահ Ալեքսանդր Ասաևը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի մասնակցությունը բաժանմունքի՝ փետրվարի 8-9-ին կայանալիք նախագահության նիստի աշխատանքներին անմիջականորեն պայմանավորված է պաշտպանության և անվտանգության բնագավառում Ռուսաստանի գիտնականների կատարելիք աշխատանքների առաջիկա ակտիվացմամբ:

Նա հայտարարել է, որ երկրի ղեկավարությունն այժմ ուղղում է 90-ականներին թույլ տրված սխալը, երբ որոշվեց ապառազմականացնել հիմնարար գիտությունը, և այժմ սպասվում է պաշտպանության բնագավառում գիտական աշխատանքների նոր ալիք:

Ակադեմիկոս Ասաևը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը հանձնարարությամբ երկու տարի առաջ կազմվել է «Հիմնարար հետազոտություններ ի շահ երկրի պաշտպանության և անվտանգության» գաղտնի ծրագիրը, և այժմ լուրջ ուսումնասիրություններ են կատարվում հիպերձայնի, բարձրէներգետիկ նյութերի, նոր որակի տեղեկատվական տեխնոլոգիաների և նորագույն լազերային համակարգերի բնագավառներում, իսկ մի քանի ոլորտներում ՌԴ ԳԱ Սիբիրի բաժանմունքն առաջինն է ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


07/02/2012