Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ ԱՊԱՔԻՆՎԱԾ ՀԻՎԱՆԴԻ ԺՊԻՏՆ Է



ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ ԱՊԱՔԻՆՎԱԾ ՀԻՎԱՆԴԻ ԺՊԻՏՆ ԷՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ավագ օրդինատոր, բուժծառայության փոխգնդապետ Արտակ Բայադյանը մասնագիտությամբ պլաստիկ, վերականգնողական վիրաբույժ և միկրովիրաբույժ է։ Ավարտելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև պլաստիկ, վերականգնողական վիրաբուժություն և միկրովիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան՝ ժամկետային զինծառայության է անցել որպես զորամասի բժիշկ մասնագետ: 2006 թվականին տեղափոխվել է ԿԿԶՀ՝ շարունակելով ծառայությունը պայմանագրային հիմունքներով: Շուրջ 20 տարի բժիշկ Արտակ Բայադյանը մեծ սիրով ու նվիրումով է կատարել իր մասնագիտական պարտքը թե՛ խաղաղ տարիներին և թե՛ պատերազմական օրերին:

 

-Ծառայությունն ինձ համար ապրելակերպ է, որ իր մեջ ներառում է սերը Հայրենիքիս, ընտանիքիս, ժողովրդիս հանդեպ,- ասում է բժիշկ Բայադյանը: -Բժշկությունն ինքնին բարդ մասնագիտություն է, իսկ զինվորական բժշկությունը կրկնակի ծանրաբեռնվածություն և պատասխանատվություն է ենթադրում: Հաջողելու համար պետք է սիրես մասնագիտությունդ։

Ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունն ու միկրովիրաբուժությունը զինվորական հոսպիտալում միշտ արդիական են: Խաղաղ ժամանակ ծառայությունը հիմնականում վերջույթների ջլերի, նյարդերի, անոթների, մեծ վնասվածքներով վերքերի խնդիրներին է առնչվում, իսկ պատերազմի ընթացքում դեպքերի 80-90%-ը վերաբերում էին համակցված վիրավորումներին։ Մարտական գործողությունների ընթացքում փոխգնդապետ Բայադյանը, մյուս բժիշկների հետ միասին, բազմաթիվ կյանքեր է փրկել։

-Այդ օրերին մշտապես եղել ենք կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Ծանրաբեռնվածությունը հսկայական էր։ Պետք է ասեմ, որ կողքիս էին նաև իմ քաղաքացիական միկրովիրաբույժ ընկերները։ Հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ ինձ մեծ աջակցություն է ցուցաբերել Արթուր Հարությունյանը։ Կցանկանամ հատուկ նշել նաև իմ ուսուցչին՝ ճանաչված բժիշկ, մեր մասնագիտության հիմնադիր և առաջատար մասնագետ Արտավազդ Սահակյանին։ Այս մարդիկ մշտապես կողքիս են եղել՝ փորձելով լրացնել այն, ինչ ես չէի հասցնում։

Փորձառու բժիշկը վերհիշում է ծանր դեպքերը, վիրահատական միջամտությունները, որոնցից մեկի ժամանակ հաջողվել է վիրավորի՝ անդամահատության ենթակա ձեռքը բառացիորեն փրկել:

-Ականի պայթյունից վիրավորի մոտ առկա էր դաստակի սուբտոտալ ամպուտացիայի վտանգ: Տավուշցի տղա էր, սկզբնական հետազոտությունների արդյունքները հուսադրող չէին: Այդուհանդերձ, որոշեցինք ամեն գնով պահպանել ձեռքը: Վիրահատությունը տևեց ուղիղ 8 ժամ: Հաջողվեց պահպանել դաստակը, հինգ մատները, ամբողջությամբ վերականգնել գործառույթը: Միկրովիրաբուժական տեսանկյունից սա համարվում է բարդագույն վիրահատություններից մեկը, երբ վերականգնվում են թե՛ ոսկրերը, թե՛ ջլերը, թե՛ մանր զարկերակները, թե՛ նյարդերը: Անկեղծ ասած՝ չէինք սպասում նման լավ արդյունքի, քանի որ հատկապես ականային վնասվածքները սովորաբար շատ բարդ են լինում: Օրինակ՝ հնարավոր է վերականգնել զարկերակը, բայց դրա գործառույթը վերականգնելու հավանականությունը փոքր է: Հուրախություն մեզ՝ ամեն ինչ հաջող ստացվեց: Բնականաբար, որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ կան, բայց հիմա այդ ձեռքը իրեն ծառայում է:

Վիրավորներից մեկին էլ չորս փուլով վիրահատելու կարիք է եղել՝ մի քանի մասնագետների մասնակցությամբ։ Միայն մեկ անգամ ենք անհաջողություն ունեցել… պացիենտը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում էր ստացել ֆոսֆորային զինամթերքի կիրառումից հետո: Սկզբում ինքներս էլ չէինք հասկանում, թե ինչպես պետք է վարվել նման վիրավորման դեպքում, սակայն հետագայում շատերի կյանքը փրկեցինք։ Այս բացասական փորձի օրինակով կարողացանք ճիշտ լուծումներ գտնել հետագայի համար։ Ֆոսֆորային զինամթերքից վիրավորման բարդությունն այն է, որ վերքի իրական վիճակն ու հետևանքները առաջնային փուլում չեն երևում: Վիրաբուժական միջամտությանը հաջորդող ժամերի ընթացքում պատկերը լիովին փոխվում է, կարծես որևէ գործողություն արված չլինի։ Եթե ինքս վիրահատած չլինեի, երբևէ չէի մտածի, որ այդ վերքին վիրահատական նշտար է դիպել։ Տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով՝ համակցեցինք վիրահատական միջամտությունն ու դեղորայքային բուժումը: Դրանից հետո մեր հոսպիտալում ֆոսֆորային զինամթերքից վիրավորների մահացության դեպքեր չունեցանք։

Բժիշկ Բայադյանը բարձր գնահատականներով է հանձնել ատեստավորման քննությունները: Հարցնում եմ՝ դժվար չէ՞ր բժշկի բազմազբաղ ծառայությունը ատեստավորմանը նախապատրաստվելու հետ համատեղելը:

-Եթե կա ցանկություն ու կամք՝ ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել,- ասում է բժիշկը: -Ատեստավորում կարող են անցնել բոլորը: Պարզապես հարկավոր է որոշակի ժամանակ և ջանք տրամադրել քննություններին նախապատրաստվելուն: Մասնագիտական գիտելիքների, կրակային հմտությունների, ֆիզիկական վիճակի բարելավում. բոլորն էլ կարևոր են զինվորականի համար: Ես գոհ եմ իմ ցուցաբերած արդյունքից, ինչի շնորհիվ նաև զգալիորեն բարձրացել է աշխատավարձս:

Բժիշկ Բայադյանն առանձնահատուկ ջերմությամբ է արտահայտվում իր ծառայավայրի մասին:

-Աշխատել եմ նաև քաղաքացիական կլինիկայում ու պետք է ասեմ, որ զինվորական բժիշկների կոլեկտիվը տարբերվում է քաղաքացիականից: Հոսպիտալում ծառայությունս շարունակելու որոշմանս պատճառը հենց յուրահատուկ կոլեկտիվն էր: Բժիշկների համախմբված թիմն աշխատում է յուրաքանչյուր հիվանդի հնարավորինս արագ ապաքինման ուղղությամբ, և չկա «իմ կամ քո հիվանդ» հասկացությունը: Այս բուժհաստատությունում ինձ զգում եմ ինչպես իմ ընտանիքում:

Ես չորս հրաշալի դուստր ունեմ, որոնցից մեկն էլ հայրիկի օրինակով բժշկի մասնագիտությամբ է հետաքրքրված: Դուստրերս մեծ հպարտությամբ են վերաբերվում իմ ծառայությանը։ Շատ են ուրախանում հատկապես, երբ ինձ զինվորական համազգեստով են տեսնում։ Շաբաթ ու կիրակի օրերն ընտանիքիս հետ անցկացնելուց հետո շտապում եմ ծառայավայր ու նորից ասես տանն եմ:

Ծառայողական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ գիտական աշխատանքով մինչև այժմ չեմ կարողացել զբաղվել, բայց հիմա փորձում եմ լրացնել այդ բացը: Հոսպիտալում բոլոր հնարավորությունները կան դրա համար: Գիտական թեզիս թեման վերջույթների վիրավորումներն են:

2022 թ. «Որակի նշան» ամենամյա մրցանակաբաշխությանը Արտակ Բայադյանը ճանաչվել է տարվա լավագույն զինվորական բժիշկ՝ պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն անվանակարգում: Ծառայության ընթացքում գնահատված, բազմաթիվ պատվոգրերի և գերատեսչական մեդալների արժանացած բժշկին հարցնում եմ.

-Ո՞րն է Ձեր ծառայության ամենաբարձր գնահատանքը, ինչն է՛լ ավելի մեծ եռանդով ու սիրով աշխատելու ուժ է հաղորդում Ձեզ:

-Կարծում եմ՝ բոլորի համար է կարևոր գնահատված լինելը, բայց բժշկի իրական գնահատանքը ապաքինված հիվանդի ժպիտն է:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1528) 23.04.2024 - 30.04.2024, Ազգային բանակ


02/05/2024