Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ԿԱՅԱՑՐԵԼ



ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ԿԱՅԱՑՐԵԼՊողոսյան եղբայրները՝ Վարդանն ու Վահրամը, շուրջ կես տարի առաջ են  ստացել «լեյտենանտ» զինվորական կոչում և որպես դասակի հրամանատար ծառայության անցել N զորամասում: Ծնունդով Տաշիր քաղաքից են: Եղբայրները ավարտել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժինը, այնուհետև «Պատիվ ունեմ» ծրագրով 2023 թվականից անցել զինվորական ծառայության:

-Գիտեինք, որ պետք է ծառայության մեկնեինք, բայց ուսումն էլ էր կարևոր տեղ զբաղեցնում մեր կյանքում, և չէինք ցանկանում այն կիսատ թողնել: Եվ հետո՝ մենք վստահ ենք եղել մեր ուժերին, որ կարող ենք սպայի ուսադիր կրելով ծառայություն իրականացնել,- ասում է եղբայրներից Վարդանը:

-«Պատիվ ունեմ» ծրագրի մասին տեղեկացել ենք պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի էջից, որը մեզ հետաքրքրեց առաջին իսկ պահից: Այս որոշումը երկուսով ենք կայացրել և այժմ ավելի ենք համոզվում, որ շատ ճիշտ որոշում ենք կայացրել: Ռազմական գիտելիքներ ունենալն այսօր ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ է,- եղբորն է միանում Վահրամը:

-Շուտով կմեկնարկի զորակոչը, զորամասերը կհամալրվեն նորակոչիկներով: Մենք պատրաստ ենք նորակոչիկներին ցույց տալ և սովորեցնել ամեն ինչ, սկսած ներքին ծառայությունից մինչեւ մարտական հերթապահություն իրականացնելը,- վստահեցնում են Պողոսյան եղբայրները:

Եղբայրներից Վահրամը աթլետիկ կազմվածքով է, 2021 թվականի ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն է, նաև արհեստավարժ ֆիտնես մարզիչ:

-Ֆիզիկական պատրաստվածությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն քաղաքացիական կյանքում, այլ նաև մեր բանակի առօրյա գործունեության ընթացքում, հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, քանի որ գոյություն ունեն դիրքեր, որտեղ բարդ ռելիեֆային պայմաններ են, և հերթափոխ իրականացնելը երբեմն պահանջում է ֆիզիկական լավ պատրաստվածություն թե՛ զինվորի, թե՛ սպայի կողմից,- մեր զրույցի ավարտին ասաց լեյտենանտ Վահրամ Պողոսյանը:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #15 (1528) 23.04.2024 - 30.04.2024, Ազգային բանակ


02/05/2024