Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՆԹԱՍՊԱ ՄԱՐԻՆԵ ԱՐՏԵՆՅԱՆ



ԵՆԹԱՍՊԱ ՄԱՐԻՆԵ ԱՐՏԵՆՅԱՆՌազմական ոստիկանության պարետային ծառայության ճանապարհային պարեկների շարքում կանանց ոչ հաճախ կարելի է հանդիպել։ Մարինե Արտենյանն իր օրինակով կոտրեց այդ կարծրատիպը։ Նա պարետային ծառայության ընդգրկված առաջին կին ռազմական ոստիկանն է։

Ծառայությունը սկսվում է առավոտյան 8-ից։ Ներգրավված լինելով պարետային ծառայության կարգախմբերում՝ ենթասպա Արտենյանն էլ մյուսների հետ նախ հրահանգավորվում է զորամասում, ստանում օրվա խնդիրները, երթուղիների ցանկը և ըստ բաժանված խմբերի՝ նախանշված վայրերում անցնում գործառույթների կատարմանը։

Ծառայության պետի թույլտվությամբ մի քանի ժամ մեր ստեղծագործական խումբը հետևեց ռազմական ոստիկանության պարետային ծառայության ճանապարհային պարեկների, հատկապես Մարինե Արտենյանի ծառայողական առօրյային։

-Մեր որոշ հայրենակիցների շրջանում դեռևս թյուր կարծիք կա, որ ռազմական ոստիկանը պարտադիր խախտման դեպքում միայն պետք է կանգնեցնի ՊՆ զինհամարանիշով ավտոմեքենա կամ ճանապարհին հանդիպող որևէ սպայի կամ զինվորի։ Մինչդեռ, շատ դեպքերում, եթե կանգնեցնում ենք ավտոմեքենա, զորամասից դուրս հանդիպող որևէ սպայի կամ զինվորի, մեր խնդիրն է պարզապես ստուգել անհրաժեշտ փաստաթղթերի ճշգրտությունը նաև, հետևել զինվորական կարգ ու կանոնի պահպանմանը,- իր դիտարկումներով մեզ հետ է կիսվում Մարինե Արտենյանը:

ԵՆԹԱՍՊԱ ՄԱՐԻՆԵ ԱՐՏԵՆՅԱՆԿարգազանցության դեպքեր իհարկե հանդիպում են, օրինակ՝ զինվորական համազգեստի կրման կանոնների, առանց ամրագոտի մեքենա վարելու խախտումները: Սակայն ենթասպա Արտենյանի խոսքով՝ այդ դեպքերի վիճակագրությունը տարեցտարի նվազում է, ինչը վկայում է զինծառայողների ավելի բարձր գիտակցության և օրինապահության մասին։

Այս գիտակցումով էլ յուրաքանչյուր օր նա սկսում է իր ծառայությունը, օրվա ավարտին էլ կատարված աշխատանքների, հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում ծառայության պետին։ Մարինե Արտենյանը համոզված է՝ կանանց ներգրավվածութան մեծացումը զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում անհրաժեշտ է և խրախուսելի։ Ռազմական ոստիկանության այս բնագավառը նույնպես բացառություն չէ։

-Իհարկե, կանայք պետք են, կանանց ներկայությունը դրական արդյունքներ է տալիս,- համոզված է Մարինեն:

Ծառայողական հերթական օրն ավարտվեց, ժամանակն է տուն գնալ, որտեղ արդեն ոչ թե ենթասպա Արտենյանին, այլ Մարինե մայրիկին ու Մարինե տատիկին են սպասում ընտանիքի անդամները, որոնք նույնպես վաղուց արդեն սովոր են Մարինեին տեսնել ավելի շատ ռազմական ոստիկանի համազգեստով, քան քաղաքացիական հագուստով։

Այսպիսին է ռազմական ոստիկան, մայր, տատիկ և պարզապես հայուհի Մարինե Արտենյանը, որն իր անփոխարինելի ու պատվաբեր առաքելությունն է համարում հայրենիքին ծառայելը։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #15 (1528) 23.04.2024 - 30.04.2024, Ազգային բանակ


02/05/2024