ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Ապրիլի 28-ից 29-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացավ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադան: Մարզերի թիմերի միջև մրցույթից բացի, կային նաև անհատական մրցաձևեր, որոնց համար նախատեսված էին առանձին մրցանակներ։
Օլիմպիադան ներառում էր ինչպես գրավոր՝ թեստային առաջադրանքներ, այնպես էլ ռազմամարզական մրցաձևեր՝ շարային պատրաստություն, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում, նռնակի նետում և այլն։ Օլիմպիադան եզրափակվեց կրոսավազքով՝ 1000 մետր տղաների և 500 մետր աղջիկների համար։ Օլիմպիադայի ամփոփիչ արդյունքներով՝ մրցանակային 1-ին տեղը զբաղեցրեց Կոտայքի մարզի թիմը, 2-րդ տեղը՝ Արարատի մարզի հավաքականը, 3-րդ պատվավոր տեղը՝ Լոռու մարզը ներկայացնող թիմը։
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն, ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արթուր Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ այս տարվա օլիմպիադայի մասնակիցներն իրենց լավագույնս դրսևորեցին ինչպես թիմային, այնպես էլ անհատական մրցաձևերում՝ գրանցելով բարձր ցուցանիշներ։