Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏՈՎ ԵՄ ԿԱՏԱՐԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՍ



ՀԱՎԱՏՈՎ ԵՄ ԿԱՏԱՐԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՍԴիրքապահ Հարություն Բաբայանը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներից է: Նա պարտադիր զինվորական ծառայության վեց ամիսը լրանալուց հետո ընտրել է ծրագիրը և արդեն ինն ամիս ծառայում է առաջնագծում: Հարությունը ծնունդով Բերդից է: Իրենից մեծ երկու եղբայր ու քույր ունի:

-Ես մեր տան փոքրն եմ: Ինչպես կատակով հայրս էր մեկ-մեկ ասում. «Փոքրին ամեն ինչ, մնացածին՝ ոչինչ»,- ժպտալով հիշում է Հարությունը: Թեև ինձ շատ են սիրել, բայց ես երես չեմ առել, լսել եմ եղբայրներիս էլ, քրոջս էլ: Քույրս իմ երկրորդ մայրն է:

Որպեսզի զրույցը անկեղծ ու անմիջական լինի, խնդրեցի Հարությունին առանձնանալ: Հենակետի դիմացի տաղավարում էլ կայացավ մեր զրույցը:

-Կյանքում ի՞նչն ես շատ սիրում,- հարցնում եմ դեռ քսանը չբոլորած պայմանագրայինին:

-Իմ ծննդավայրի բնությունը, նրա արևոտ օրերը:

-Ի՞նչը չես սիրում:

-Միայնությունն ու շատախոսությունը:

-Վերջինը լավ ասացիր: Հատկապես առաջնագծում դա շատ գովելի հատկանիշ է:

-Առհասարակ, կյանքում է այդպես: Հայրս ասում էր՝ քիչ ու տեղին խոսողին, խոսքի չափն ու արժեքն իմացողին միշտ էլ հարգում են կյանքում:

-Հարությո՛ւն, «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ինչ-որ մեկի խորհրդո՞վ էս ընտրել, թե…

Պատասխանը հնչում է անմիջապես: Կարծես՝ նա սպասում էր այդ հարցին:

-Ընկերոջս՝ Գևորգի խորհրդով ընտրեցի: Նա այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայում է ուսումնական զորամասերից մեկում: Իր հերթական արձակուրդներից մեկի ժամանակ մի օր եկավ մեր տուն և ինձ մանրամասն ներկայացրեց ծրագրի էությունը: Ես էլ մի երկու օր ծանր ու թեթև անելուց հետո կայացրի որոշումս: Հավատով կայացրի որոշումս: Հայրս ու մայրս միաձայն խրախուսեցին:

-Կյանքիդ առաջին հինգ տարին որոշեցիր կապել բանակի հետ:

-Ու չեմ ափսոսում, որ կյանքիս հինգ տարին բանակում է անցնելու, բանակի հետ է անցնելու,  սահմանին է անցնելու: Երբ պայմանագիրը կապել էի և ուրախ-ուրախ եկա տուն, մայրս ասաց. «Մեր ամենամեծ հույսը, մեր հաջողությունների գրավականը այս համազգեստը կրող զինվորի մեջ է: Թող երբեք չխռովվի քո պահած սահմանի անդորրը, տղա՛ս»: Մորս խոսքերն ինձ ուժ ու զորություն են տալիս ամեն օր:

Հարությունի անկեղծությունն ինձ էլ է ոգևորում, և ես հետաքրքրվում եմ, թե ծրագրի ո՞ր դրույթներն են նրան առավել գրավել…

-Իհարկե, բարձր վարձատրությունը լավ է, սակայն ինձ համար առաջնայինը իմ Հայրենիքի, իմ երկրի, իմ ծննդավայրի, իմ ընտանիքի պաշտպանությունն է, և ինձ համար կարևորը, որ ես էլ գոնե ինչ-որ չափով իմ համեստ չափաբաժինն ունենամ նրանց պաշտպանության գործում:

-Կարծում եմ՝ ինն ամիսը քիչ ժամանակ չէ, որպեսզի զինծառայողը այս ծրագրի շնորհիվ զգա նաև իր կեցության վիճակի փոփոխությունը: Քո պարագայում ինչպե՞ս է:

-Շատ լավ: 19 տարեկան եմ և արդեն ավտոմեքենա եմ գնել, տան կահավորանքի հարցում եմ իմ ներդրումն ունեցել: Իսկապես լավ է, ես գոհ եմ:

ՀԱՎԱՏՈՎ ԵՄ ԿԱՏԱՐԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՍ-Ինչպե՞ս է ծառայությունն անցնում առաջնագծում:

-Հետաքրքիր: Զգոն, մի բռունցք եղած, հարգանքով ու պատվով ծառայում ենք: Մի տան պես ենք: Մեզ մոտ գրեթե բոլորը ընտանիք ունեցող մարդիկ են: Առանց չափազանցության՝ այստեղ ամեն ինչ ժամացույցի ճշգրտությամբ է կատարվում:

-Ի՞նչ մասնագիտություն ունես:

-Ես մեր ջոկի գծային վերակացուն եմ:

-Կարելի՞ է ենթադրել, որ կապի հետ կապված ամեն խնդիր դու ես կարգավորում:

-Ամեն ինչ անում եմ, որ հենակետում կապը գործի անխափան: Ազատ ժամանակ փորձում եմ գիտելիքներս հարստացնել, կատարելագործել իմացածս:

-Գումարտակի հրամանատարն ասաց, որ մասնակցել ես ատեստավորման առաջին փուլին: Ինչպիսի՞ արդյունքներ ես ցույց տվել:

-Ընդամենը մեկ «բավարար» գնահատական ստացա: Աշխատավարձս բարձրացել է 140.000 դրամով: Որոշել եմ նորից փորձել:

-Հարությունը կարգապահ ու պատասխանատու է իր պարտականությունները կատարելիս: Գոհ եմ նրա ծառայությունից,- ասում է գումարտակի հրամանատարը:

Այս թեև փոքրիկ, սակայն անմիջական զրույցն ու հրամանատարի խոսքը վկայում են  զրուցակցիս՝ դիրքապահ Հարություն Բաբայանի անկեղծության, հայրենասիրության ու անձնվիրության մասին, այն մասին, որ միասնական ու համախումբ լինելով է միայն հնարավոր ուժեղ ու հզոր լինել:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #15 (1528) 23.04.2024 - 30.04.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/05/2024