Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳՐԱՎԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ



ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳՐԱՎԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԲանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելուն, զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելուն միտված տարաբնույթ միջոցառումների շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները պարբերաբար այցելում են տարբեր կրթօջախներ: Օրերս Երեւանի թիվ 87 միջնակարգ դպրոցի հյուրն էր կուրսանտ Արման Մկրտչյանը:

-Ավիացիոն ֆակուլտետի անօդաչու թռչող սարքերի ապագա մասնագետ եմ,- ներկայանում է կուրսանտ Մկրտչյանը: -Մանկուց սիրել եմ ռազմական գործը, զինվորական համազգեստը, ծնողներս զինվորականներ են: Միևնույն ժամանակ, երազել եմ արտերկրում կրթություն ստանալու մասին: Երազանքս իրականություն դարձավ՝ ընդունվեցի ԱՄՆ բուհերից մեկը, սակայն կամուկացի մեջ էի՝ որպես կյանքի ճանապարհ քաղաքացիակա՞ն, թե՞ ռազմական մասնագիտությանը նախապատվություն տալ: Եկա այն համոզման, որ զինվորական ուղին ինձ առավել հոգեհարազատ է, ու որոշեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա դիմել:

Արմանը դպրոցականներին ներկայացնում է ռազմական բուհում սովորելու առավելությունները, թվարկում արտոնությունները.

-Հայաստանի Հանրապետության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է մեր ակադեմիան: Այն ապահովում է որակյալ ու մրցունակ կրթություն, հնարավորություն է տալիս հիմնարար գիտելիք ձեռք բերել, սովորել օտար լեզուներ, նաև արտերկրում ռազմական կրթությունը շարունակել: Ակադեմիայում սովորելը պատիվ է:

-Մեր դպրոցը սերտորեն համագործակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հետ, ե՛ւ կուրսանտներն են գալիս դպրոց, ե՛ւ մեր աշակերտներն են այցելում ռազմական բուհ: Մեր նախկին աշակերտներից մի քանիսը պաշտպանության նախարարության առաջարկած ծրագրերով են ծառայում: Տարբեր հանդիպումների, միջոցառումների ընթացքում աշակերտները ավելի ու ավելի են համոզվում, որ Հայրենիքի զինվոր, սպա լինելը պատվաբեր առաքելություն է,- նշում է դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանը:

Այս տարի դպրոցի երկու աշակերտ ցանկություն է հայտնել սովորելու ռազմական բուհում:

-Այսօր մեր դպրոց հյուր եկած կուրսանտի հետ զրույցի շնորհիվ հավելյալ տեղեկություններ ստացանք զինվորական գործի մասին, մտադրությունս ավելի որոշակիացավ՝ ծառայել հանուն Հայրենիքի,- ասում է Միքայել Բարսեղյանը:

-Ինձ ուրիշ ասպարեզում չեմ պատկերացնում,- լրացնում է դասընկերը՝ Էդգար Ղամբարյանը:- Մեր դպրոցի զինղեկի հետ խորհրդակցել եմ այս թեմայով, տեղեկացել եմ ռազմական ակադեմիայի ընդունելության կարգին, հնարավորություններին, ուզում եմ սպա դառնալ:

Դպրոցի ՆԶՊ առարկայի ուսուցիչ Մխիթար Թովմասյանը քիչ հեռվում կանգնած, անթաքույց հպարտությամբ ունկնդրում է սաների խոսքը: Պատերազմի մասնակից զինվորականը պատմական եւ նորօրյա հերոսների, նաև իր օրինակով է ոգեւորում աշակերտներին: Դասաժամերին ու դրանցից հետո ամենօրյա զրույցների առանցքում Հայրենիքի պաշտպանի դերի կարեւորումն է՝ որպես պետականության պահապանի:

ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳՐԱՎԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՄինչ ռազմական բուհի կուրսանտները շրջում են տարբեր կրթօջախներում, հանրապետության տարբեր մարզերի դպրոցականներ, ուսանողներ այս օրերին ճանաչողական շրջայցեր են կատարում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ սպաների դարբնոց:

-Չափազանց կարեւոր է այս փոխգործակցությունը: Ճանաչողական նմանատիպ այցերն օգնում են աշակերտներին ապագա մասնագիտության ընտրության հարցում, խթանում են զինվորական մասնագիտության հանդեպ հետաքրքրվածությունը,- ասում է ռազմական ակադեմիայի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Մարտիրոսյանը: -Դպրոցականները շրջում են մեր բուհում, ծանոթանում են կուրսանտի կենցաղային ընդհանուր պայմաններին, ուսումնական ծրագրերին, շփվում են կուրսանտների հետ: Նշեմ, որ աղջիկների հետաքրքրությունը ռազմական գործի հանդեպ մեծացել է: Աշակերտուհիները ոգևորվում են՝ տեսնելով, որ աղջիկ կուրսանտներն իրենց զինվորական ունակություններով ու հմտություններով չեն զիջում տղաներին, իսկ ռազմական ակադեմիայում աղջիկների համար կեցության հարցը լուծված է լիարժեք:

Աշակերտուհի Մարինե Գասպարյանը երկրորդ անգամ է այցելում ակադեմիա:

-Ծանոթացանք կուրսանտների կենցաղին, եղանք աղջիկների ննջասենյակում: Ամեն ինչ գեղեցիկ ու հարմարավետ է, շատ տպավորված եմ: Մեծ ցանկություն ունեմ այստեղ սովորելու:

-Միգուցե ես էլ մի օր նման ցանկություն հայտնեմ,-15-ամյա Կարինա Պողոսյանն իր մտորումն է բարձրաձայնում: Զինվորական գիտելիքներով լավ «զինված» է Կարինան, կրակելու վարպետ է՝ հրաձգության դպրոցական մրցումներին մշտապես առաջին հորիզոնականում է:

***

Աշակերտները շրջում են մասնագիտական լսարաններում, կրակում վարժասարքով: Այնուհետև ակադեմիայի լեզվի կենտրոնում նրանց ներկայացնում են օտար լեզուների դասավանդման ժամանակակից լսարանները և ուսումնական բազան՝ կարևորելով գրագետ, տարբեր լեզուների տիրապետող սպայի դերը բանակում:

Բոլորն էլ համոզվում են, որ լիարժեք պայմաններ են ստեղծված կուրսանտների ուսումնառության, մարզվելու ու կոփվելու, հանգստի համար: Բացի այդ, պարտադիր լինում են այցելություններ մշակութաժամանցային վայրեր՝ կինո, թատրոն, օպերա… Ու այս բոլոր ծախսերը հոգում է պետությունը:

-Մեր ակադեմիան որակյալ բարձրագույն կրթություն է ապահովում՝ արդի մարտահրավերներին համահունչ,- գնդապետ Արթուր Մարտիրոսյանը մանրամասն ներկայացնում է սպայական դարբնոցում սովորելու առավելությունները: -Կուրսանտը ստանում է անվճար ուսում, կացարան, սնունդ, հագուստ, վարորդական վկայական, բուժօգնություն, ուսումնառության ընթացքում կրթաթոշակ՝ 15 հազարից մինչեւ 175 հազար՝ կախված կուրսից եւ կուրսանտի ՄՈԳ-ից (միջին որակական գնահատական), միջքաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն: Գործող առավելություններին և արտոնություններին գումարվել է եւս մեկը՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված ապագա սպաներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով Երեւան քաղաքում 3 սենյականոց ծառայողական բնակարաններ են հատկացվելու: Այսինքն՝ 21-22 տարեկանում ռազմական ակադեմիան ավարտած կուրսանտն արդեն բնակարանով ապահովված կլինի, կարող է ընտանիք ստեղծել՝ ունենալով կայուն աշխատանք ու աշխատավարձ: Սպային մնում է միայն պատվով ծառայել:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1528) 23.04.2024 - 30.04.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


02/05/2024