ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների հետ պարբերաբար անցկացվում են գործնական վարժանքներ, որոնց նպատակը անձնակազմի գիտելիքները զարգացնելն է, գործողություններն ավելի ներդաշնակ դարձնելը: Բանակի մարտունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումները զինվորին դարձնում են ավելի պատրաստված, կոփված, փորձառու և ունակ՝ հմտորեն կատարելու հրամանատարության առաջադրած խնդիրները:
Օրերս նմանատիպ գործնական վարժանքի մասնակցեց հրետանային դիվիզիոններից մեկի անձնակազմը: Ճամբարային հավաքի շրջանակում դիվիզիոնի զինծառայողների հետ անցկացվեց ցուցադրական զորավարժություն:
Մեկնարկից հետո ստորաբաժանումն անմիջապես անցնում է զորավարժության պլանով նախատեսված խնդիրների կատարմանը։ Նորանոր հրամաններն ու խոցման ենթակա թիրախների կոորդինատների փոխանցումը հաջորդում են մեկը մյուսին։ Նպատակը մեկն է. դաշտային պայմաններում զարգացնել հրետանավորների արագ կողմնորոշվելու, առաջադրված խնդիրները օպերատիվ եւ արդյունավետ լուծելու ունակությունները։
Զինվորներից ոմանք առաջին անգամ էին ներգրավվել ճամբարային հավաքին, մի մասն էլ, ունենալով դաշտային ելքերի բազմակի փորձ, ստանձնել էր նորակոչիկներին ուսուցանելու պարտականությունը: Բոլորն էլ փաստեցին, որ ճամբարային հավաքի ժամանակ ավելի շատ են զբաղվել հրանոթով, կատարելագործել են գործնական իմացությունը, մարտական պատրաստվածությունը:
Սպաներն էլ գոհունակությամբ նշեցին՝ յուրաքանչյուր այսպիսի գործնական վարժանք ամրապնդում է զինվորների մարտավարամասնագիտական պատրաստվածությունը, նաև ոգևորում է նրանց:
Մարտական հրաձգությամբ անցկացված կրակի կառավարման վարժանքին զուգահեռ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությանը ենթակա դիվիզիոնների հրամանատարներին և նրանց տեղակալներին ներկայացվեցին հայրենական ռազմարդյունաբերության նորագույն տեխնիկական միջոցներն ու դրանց կիրառման կարգը։ Ի դեպ, ներկայացված տեխնիկական միջոցներն արդեն իսկ տեղ են գտել բանակի զինանոցում և ապացուցել են իրենց արդյունավետությունը։
Ընդհանուր առմամբ, զորավարժությունը ստորաբաժանման զինծառայողներին ընձեռեց առավել արդյունավետ գործելու, դաշտային վարժվածությունը բարձրացնելու հնարավորություն: Բացի այդ, այն դիվիզիոնի սպաների և զինվորների ներդաշնակ փոխգործակցելու, առաջադրված խնդիրները համատեղ կատարելու արդյունավետությունը զարգացնելու կարևոր միջոց դարձավ:
-Մարտական գործողությունների ընթացքում հրետանու դերն ու նշանակությունը ավելի է կարևորվել, ու այժմ ավելի մեծ նշանակություն է տրվում հրետանու պատրաստությանը: Գործնական պարապմունքները շատացրել ենք, որպեսզի զինծառայողը ավելի լավ պատկերացնի մարտ վարելու առանձնահատկությունները: Ուսումնական ծրագրում նոր գաղափարներ և նոր մոտեցումներ են ներդրվել հետագայում ստորաբաժանումների կենսունակությունը բարձրացնելու նպատակով,- ասաց ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Վազգեն Ամիրյանը:
Ստորաբաժանման հրամանատար Սասուն Պողոսյանն էլ նշեց, որ դիվիզիոնի անձնակազմի գործողությունները գնահատվել են գերազանց:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #15 (1528) 23.04.2024 - 30.04.2024, Ազգային բանակ