Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ



ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸՓոխգնդապետ Հրայր Չոբանյանի հրամանատարությամբ գործող պայմանագրային գումարտակը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող լավագույն գումարտակ։ Որպես գերազանց ծառայության գնահատանք, տվյալ ոլորտում լավագույն ստորաբաժանմանը տրվող փոխանցիկ պատվադրոշն արդեն մշտական կմնա այս զորամասում։

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Աթաբեկյանի հետ մեկնում ենք սահմանագոտու՝ տվյալ գումարտակի պահպանությանը վստահված տեղամաս, տեղում ծանոթանում առաջնագծում տիրող իրավիճակին։ Գնդապետը նշում է՝ գումարտակի անձնակազմի հաջողությունը պատահական լինել չի կարող, այն փաստում է զորամասում մարտական պատրաստության, կարգապահության բարձր աստիճանը, անցկացվող պարապմունքների և անհրաժեշտ միջոցառումների արդյունավետությունը։ Նրա գնահատմամբ՝ գումարտակի զինծառայողները ունակ են կատարելու իրենց առջև դրված ամենաբարդ առաջադրանքները։

Հրամանատարական դիտակետում հանդիպում ենք փոխգնդապետ Հրայր Չոբանյանին։ Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է, արդեն 29 տարի բանակում է և լավ գիտի ծառայության արժեքը, հայրենի հողը պաշտպանելու կարևորությունը։ Խստապահանջ հրամանատարի  համար ծառայության ընթացքում կարևոր է մի քանի սկզբունքի հետևելը՝ ցանկություն, կարգապահություն, պարտաճանաչություն։ Ինքն էլ առաջինն է օրինակ ծառայում՝ վաստակելով ենթակաների անվերապահ հարգանքն ու վստահությունը։ Պայմանագրայինների մեծամասնությունը մոտակա բնակավայրերից է, գյուղացիներից ամեն մեկն իր հոգսն ունի, հատկապես հողագործական աշխատանքների շրջանում։ Այդուհանդերձ, գումարտակում ծառայությունն այնպես է կազմակերպված, որ նույնիսկ հերթափոխից ազատ օրերին պայմանագրայիններից շատերը մի կանչով ներկայանում են զորամաս, մասնակցում որոշակի աշխատանքների։ Նրանք գիտեն՝ ամեն ինչ առաջին հերթին իրենց ու իրենց համագյուղացիների անվտանգության համար է արվում։

Փոխգնդապետի ուղեկցությամբ շրջում ենք մի քանի մարտական դիրքերում։ Արձանագրում ենք՝ գումարտակի պատասխանատվության գոտում մեծածավալ ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարվել, նաև դժվարամատչելի տեղանքում։ Դիտակետեր, ամրացված կրակակետեր, թաքստոցներ, լրացուցիչ խրամուղիներ և այլն, դիտարկման և մարտ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքը ըստ անհրաժեշտության ավելացվում, թարմացվում է։ Ցանկացած շարժ արձանագրվում է նաև տեսադիտարկման համակարգով։

-Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն իր պատասխանատվության գոտում ապահովում է իր ընտանիքի, մոտակա բնակավայրերի, հայրենիքի անվտանգությունը։  Մենք էլ պարտավոր ենք ապահովել նրա անվտանգությունը։ Ճիշտ է, մարտական բառն արդեն հուշում է, որ բացարձակ պաշտպանություն հնարավոր չէ, սակայն դիրքապահը պետք է վստահ լինի, որ արվում է հնարավոր ամեն ինչ նրա անվտանգ ծառայության համար։ Մեր պայմանագրայինները հստակ գիտակցում են իրենց ծառայության կարևորությունը և ամենայն պատասխանատվությամբ կատարում են մասնագիտական պարտականությունները,- ասում է գումարտակի հրամանատարը։

Դիրքերից մեկում ենք։ Դիտակետերից մեկում հերթափոխն ստանձնել է շարքային Էրիկ Պողոսյանը։ Տավուշ գյուղից է, հայրը սպա է, հենց նրա օրինակով էլ ոգեշնչված՝ ընտրել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայելու տարբերակը։

-Ծրագրի պայմանները շատ հավանեցի,- պատմում է Էրիկը։ -Մինչև զորակոչվելս վարորդական դասընթացներ եմ անցել, իսկ պարտադիր ժամկետային ծառայությանս առաջին ամիսներին եղել եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում։ Ավելի ամրապնդվեց  զինվորականի ուղին բռնելու իմ որոշումը, ու ես արդեն մի քանի ամիս ծառայում եմ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ Ես եմ այստեղ ծառայելու, իմ բնակավայրին մոտ սահման պահելու ցանկություն հայտնել։ Հակառակորդին մոտ ենք, առաջնահերթ զգոնությունն ենք պահպանում, գիտակցում ենք՝ ինչ կարևորության մարտական խնդիր ենք կատարում։ Ապահովվածությունը բարձր մակարդակի է, ինձ մնում է գիտելիքներս ճիշտ կիրառել։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸՀերթափոխի ընթացքը վերահսկում է վաշտի հրամանատար, կապիտան Անդրանիկ Խուրշուդյանը։ Մարտունի քաղաքից է։

-Ռազմական բուհն ավարտելուց հետո նշանակվել եմ այս զորամասում, երկար տարիներ ծառայում եմ ու չեմ ուզում տեղափոխվել։ Հարմարվել եմ, շատ եմ կապվել տեղացիների հետ, ինձ կիսով չափ տավուշեցի են արդեն համարում։ Ամուսնացել եմ այստեղ, կինս Տավուշի մարզից է, երկու երեխա ունեմ։ Հերթապահության ժամանակ շատերի տները մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են, և անձնակազմը կարծես ավելի սրտացավ է մոտենում ծառայությանը՝ ոգևորելով մյուսներին։ Այս կողմերում կռվով անցածները շատ են։ Չափազանց բարձր մակարդակի է սերունդների համագործակցությունը, նոր եկածները տարիքով մեծերից շատ բան են սովորում, հաղթահարում սկզբնական դժվարությունները։

Հերթափոխից առաջ անձնակազմի հետ մասնագիտական և կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվում, մանավանդ հիմա, երբ ատեստավորման միջոցով կենսակերպը բարելավելու հնարավորություն կա, զինծառայողները ինքնապատրաստությամբ ավելի շատ են զբաղվում։ Դիրքերում ստեղծված են անհրաժեշտ պայմանները նաև ֆիզիկական պատրաստության համար, թեև ես ամեն օր դիրքերում ծառայությունը ստուգելու նպատակով այնքան եմ քայլում, վեր ու վար անում, որ գերազանց մարզավիճակս երաշխավորված է,- ժպտալով ամփոփում է կապիտանը։

Հաջորդ դիտակետում շարքային Կարեն Գրիգորյանն է Ներքին Կարմիրաղբյուր գյուղից։ Գումարտակի հնաբնակներից է, 18 տարի ծառայության է։

-Իրադրությունը նորմալ է։ Շատ բան է փոխվել ծառայությանս տարիների ընթացքում, միայն մի բան է անփոփոխ՝ մեր տունուտեղը պաշտպանելու պատրաստակամությունը։ Պայմանագրիս ավարտին մտածում եմ թոշակի անցնելու մասին, բայց, դե, գյուղում եմ լինելու երեք աղջիկներիս հետ։ Կարիք լինի, էլի սահմանին կկանգնեմ, բոլոր գյուղացիներն էլ պայմանագրային են, իրենց հայրենիքի պաշտպան։

2022 թվականից «Պատիվ ունեմ» ծրագրով այս գումարտակում է ծառայում լեյտենանտ Դավիթ Օդաբաշյանը։

-Գոհ եմ իմ ծառայության պայմաններից։ Այս ընթացքում տեսանելի է իմ մասնագիտական աճը։ Տեսականորեն, թեկուզ գործնականում սովորելը նույնը չէ, ինչ բուն ծառայությունը մարտական հենակետում, տարբերվում է։ Ուսումնառության ընթացքում ես համակողմանի գիտելիքներ եմ ստացել, իսկ այստեղ սովորել եմ դրանք արդյունավետ կիրառել։ Իհարկե, սովորելու տեղ միշտ էլ ունեմ, գումարտակում տիրող առողջ մթնոլորտն էլ ավելի է ստիպում կատարելագործվել։

Սերժանտ Նիկոլայ Աբգարյանին, շարքային Հարություն Բաբայանին հանդիպում եմ նրանց հերթափոխից առաջ։

-Ուրիշ աշխատանք ինձ չի հետաքրքրում,- ասում է Նիկոլայը։- Երեք տղա ունեմ, ամեն ինչ նրանց համար է, թիկունքում մեր հարազատների համար։ Թող բոլորն իրենց վստահ ու ապահով զգան, երբ ես ու իմ ընկերներն առաջնագծում ենք։

Հարցուփորձ եմ անում իրենց գումարտակի, մարտական հերթապահության առանձնահատկությունների մասին։ Մեկը արագ ասում է՝ ամեն ինչ լավ է, իդեալական է։ Մյուսն էլ, թե՝ է, դրանից էն կողմ էլ ի՞նչ ասեմ, լրիվ պատմեցիր։ Մի լավ ծիծաղում ենք, ու տղաները շտապում են իրենց ընկերներին փոխարինելու։ Ծառայություն է։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1528) 23.04.2024 - 30.04.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/05/2024