ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ երկու ռազմաբազաների հզորությունը թույլ է տալիս անհամեմատ ուժեղ հակահարված հասցնել ցանկացած ագրեսորի և պաշտպանել այդ փոքրիկ պետություններն ու Ռուսաստանի շահերը, ինչը շատ լավ գիտակցում են Վրաստանի իշխանությունները և «նույնիսկ անխելք Սահակաշվիլին»: Նա նաև հայտնել է, որ Վրաստանի բանակի վերազինման հնարավորությունը մշտապես նկատի է առնվում ռուսաստանյան զինված ուժերի շինարարության ընթացքում, քանի որ, Մոսկվան տեղյակ է անգամ 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից անմիջապես հետո Միացյալ Նահանգների և մի քանի այլ պետությունների՝ Վրաստանին սպառազինություն մատակարարելու մասին:
Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ մի քանի պետությունների ղեկավարներին ինքը մատնացույց է արել Վրաստանի սպառազինման հետևանքով ծագող վտանգները, սակայն Մոսկվան չի կարող արգելել սպառազինության մատակարարման գործընթացը, որը որևէ վտանգ չի կարող ներկայացնել Ռուսաստանի համար:
ՌԴ նախագահը միաժամանակ հավաստել է, որ Ռուսաստանի իշխանությունները դրականորեն են տրամադրված Վրաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները վերականգնելու հարցում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական