ՁԳՏԵԼՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻՆ
Զորամասերից մեկում հրամանատարական կազմին խնդրում եմ ներկայացնել լավագույն սպաներից մեկին. նրա մասին հոդված պիտի գրեմ: Բոլորն առաջինը նշում են մայոր Հրաչ Պապյանի անունը ու հակիրճ նկարագրում նրան. «Բանիմաց, կարգապահ ու բարեխիղճ զինվորական է: Բոլոր հրամաններն անխտիր կատարում է ճշգրտորեն ու ժամանակին: Ծառայողական պարտականություններն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ: Վայելում է հրամանատարության և զինակից ընկերների վստահությունն ու հարգանքը»:
Մայոր Հրաչ Պապյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, տարբեր պաշտոններում հմտացել է որպես հրետանու մասնագետ: Այժմ իր փորձն ու գիտելիքը համադրելով՝ կազմակերպում է զորամասի հրետանային ստորաբաժանումների ծառայությունը, մասնագիտական ուսուցումն ու կատարելագործումը:
-Մասնագիտական դասընթացները հիմնականում անցկացնում ենք զորամասի մարտավարական դաշտում, գործնական պայմաններում,- ասում է մայոր Պապյանը: -Զինծառայողն անմիջապես մարտական տեխնիկայի վրա սովորում է տարբեր դետալները, մեխանիզմները, հրետանային միջոցի բացազատման, մարտական վիճակի բերման կարգը: Յուրաքանչյուր միջոց ունի կիրառման իր առանձնահատկությունները, որոնք հրետանավորը պարտավոր է իմանալ գերազանց: Նման գիտելիքներ կարելի է ստանալ միայն գործնական վարժանքների միջոցով: Մեր զինծառայողները ուսումնասիրում են հաստիքային սպառազինությունը, կատարում են մասնագիտական նորմացույցներ, սովորում այն ամենը, ինչից կախված է կրակային խնդրի կատարումը: Ունենք նաև կրակային խնդրի կատարման տեխնիկական նոր միջոցներ, որոնցով աշխատանքը ուսումնական գործընթացի կարևոր մասն է:
Հրետանավորի համար կարևոր է խնդիր ստանալուց հետո ժամանակին ու ճիշտ կրակելը: Զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում, գումարտակային հրետանին առաջնագծում է, հրետանային դիվիզիոնն էլ իր խնդիրներն է ստանում: Այնպես որ, մասնագիտական պատրաստվածությունը առավել քան լավ պիտի լինի:
Մայոր Պապյանը մասնակցել է ատեստավորման քննություններին: Երեք «գերազանց», մեկ «լավ» գնահատականներով ապահովել է աշխատավարձի զգալի ավելացում:
-Ատեստավորում անցկացնելու գաղափարը, իմ կարծիքով, շատ լավն է: Ֆինանսական բարելավումը երևի թե բոլորին էր պետք: Բայց, ամենակարևորը, սա մի հավելյալ միջոց է, որ զինծառայողը ամբողջապես նվիրվի ծառայությանը, ձգտի առավելագույն արդյունքների և մասնագիտական աճի: Ծառայության ընթացքում որոշակի թերացումներ ունեցողն արդեն պիտի աշխատի դրանք վերացնելու համար, փորձի կրկնել բարձր գնահատական ստացած իր ծառայակցի ցուցանիշը: Անպայման պետք է լրացուցիչ պատրաստվել, մարզվել: Իմացածը վերհիշելուց, նոր գիտելիքներ ձեռք բերելուց պատրաստության գործընթացը միայն կշահի: Իմ մարզավիճակը միշտ լավ է եղել, գիտելիքներիս պաշարն էլ բավարար է, բայց հիմա հասկանում եմ, որ ատեստավորումից հետո իմ ծառայության արդյունավետությունն էականորեն ավելացել է,- իր դիտարկումներով մեզ հետ կիսվում է մայոր Պապյանը:
Մայորի հետ զրուցում ենք կարճատև դադարներով. մեկ կիսատ գործ է մնացել, պիտի անհապաղ ավարտի, մեկ սպաներից մեկը խորհրդի կարիք ունի: Ամբողջ օրը նա բազմազբաղ է:
-Զինվորական ծառայությունն սկսվում է կարգապահությունից,- նշում է մայոր Պապյանը: -Պահանջկոտ եմ, բայց նախ ինքդ պետք է կարգապահ լինես, որ կարողանաս պահանջել մյուսներից: Կարգապահ մարդը միշտ էլ հաջողությունների կհասնի: Ծառայության մեջ բոլոր գործերն էլ հրատապ են, դրա համար էլ րոպե առաջ ուզում եմ եղածն ավարտել ու մյուսին անցնել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի, եթե ուսումնական ծրագրերը ժամանակին չհաստատվեն, պարապմունքները հետաձգվեն, բոլոր միջոցառումները լցվեն իրար վրա: Ես սիրում եմ, երբ զինվորականը գործում է հստակ աշխատող մեխանիզմի պես: Այդ դեպքում գերազանց արդյունքը երաշխավորված է: Ճիշտ է, դրա համար անընդհատ, հետևողական աշխատանք է պահանջվում բոլոր ուղղություններով, բայց մեր գործն էլ դա է:
Ունենք «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայող կամ ռազմական բուհը նոր ավարտած սպաներ: Նրանք անձնակազմի հետ անմիջականորեն աշխատողներն են, մարտական առաջադրանքի կատարման պատասխանատուները: Հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայելիս սկզբնական դժվարությունները շատ են, բոլորս էլ անցել ենք այդ ճանապարհը: Հնարավոր ամեն կերպ օգնում ենք, որ նրանք կայանան որպես սպաներ, հրամանատարներ: Յուրաքանչյուրի մասնագիտական աճը տեսնելով՝ ես մոռանում եմ սեփական ծանրաբեռնվածության մասին և նրանց հետ միասին ձգտում առավելագույնին:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ազգային բանակ