ՓՈԼ ԻԳՆԱՏԻՈՍՅԱՆ. ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀԱՅԸ
Փոլ Իգնատիոսյանը ԱՄՆ ռազմական ոլորտում ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայն է: Նա ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Հովսեփ Իգնատիոսյանի և Էլզա Ժամկոչյանի ընտանիքում։ Հայրը՝ Հովսեփը, իր երեք եղբայրների հետ ԱՄՆ էր գաղթել Խարբերդ քաղաքից 19 տարեկանում։ Մայրը նույնպես ներգաղթյալների ընտանիքից էր: Հայրական պապը մեծ հարգանք է վայելել ԱՄՆ գաղթած հայերի շրջանում և նույնիսկ ընտրվել է Գլենդելի հայ համայնքի ղեկավար։ Մայրական պապը Անգլիայում ՀԲԸՄ առաջին մասնաճյուղի հիմնադիրն է: Իգնատիոսյան եղբայրները սկզբնապես հաստատվել են Փիթսբուրգ քաղաքում, այնուհետև տեղափոխվել են Լոս Անջելես։ Եվ հենց այստեղ մի միջոցառման ժամանակ Հովսեփը հանդիպել է Էլզա Ժամկոչյանին, որը հայտնի էր հայկական թերթերում հրապարակված իր բանաստեղծություններով ու նամակներով։ Մի քանի տարի անց նրանք ամուսնացել են։
Փոլ Իգնատիոսյանն սկզբնական կրթությունն ստացել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության բաժնում, այնուհետև սովորել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան: Հարվարդի բիզնես դպրոցում նա ստացել է վարչական գործարարության մագիստրոսի աստիճան։
Իր զինվորական մկրտությունն ստացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ «լեյտենանտ» կոչումով ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Manila Bay ավիակրի վրա ծառայելիս: Իգնատիոսյանը Ֆիլիպիններում մասնակցել է Լեյտե ծովածոցի ճակատամարտին, որը պատմության մեջ հայտնի է որպես խոշորագույն ծովամարտերից մեկը։
Փոլ Իգնատիոսյանը վերապրել է ճապոնական նավատորմի գրոհն ամերիկյան ավիակիրների խմբի վրա։ «Այդ ժամանակ ճապոնական ռազմանավերից երկուսն աշխարհում ամենամեծն էին,- հետագայում իր հուշերի գրքում գրել է Իգնատիոսյանը,- ամերիկյան ռազմանավերից մի քանիսը ջրասույզ են լինում, այդ թվում՝ երեք ականակիրներ։ Երկար ու դաժան կոտորած էր»։
Մեկ ուրիշ անգամ Իգնատիոսյանի նավը Լինգայեն ծովածոցում գրոհել են ճապոնական օդանավեր, որոնց օդաչուները կամիկաձեներ էին՝ ինքնասպանություն գործող նվիրյալներ։ Օդանավերից մեկը վայր է ընկնում ամերիկյան ավիակրի թռիչքային տախտակամածին և պայթում։ «Մեր հիանալի արհեստավարժ նավապետի շնորհիվ կարողացանք հանգցնել հրդեհը, քանի դեռ այն չէր հասել ավիավառելիքին ու զինամթերքին»,- պատմել է Փոլ Իգնատիոսյանը։ Չնայած լրջագույն հարվածներին՝ ավիակրի անձնակազմը կարողացել է փրկել ավիակիրը, որը ևս մի քանի շաբաթ մասնակցել է մարտական գործողություններին, նախքան ԱՄՆ վերադառնալը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Իգնատիոսյանը շարունակել է ուսումը Հարվարդի համալսարանում։ Այնուհետև սկսել է ծառայությունը Պենտագոնում՝ որպես ռազմական գերատեսչության փոխնախարար, հետագայում՝ ռազմածովային ուժերի հրամանատար։
Իգնատիոսյանն իր պաշտոններն զբաղեցրել է ամերիկյան պատմության խիստ հակասական ու բարդ ժամանակահատվածներում՝ Վիետնամի պատերազմի և Կարիբյան ճգնաժամի տարիներին։
1961 թ. հունվարի 20-ին Ջոն Քենեդին դառնում է ԱՄՆ 35-րդ նախագահը, իսկ Փոլ Իգնատիոսյանն զբաղեցնում է պաշտպանության նախարարի՝ նյութատեխնիկական ապահովման գծով օգնականի պաշտոնը։ Իգնատիոսյանն իր գործունեությունը շարունակում է որպես պաշտպանության նախարարի տեղակալ նաև մյուս՝ ԱՄՆ 36-րդ նախագահի օրոք։
1967 թ. սեպտեմբերի 1-ին նախագահ Լինդեն Ջոնսոնի հրամանով Իգնատիոսյանը նշանակվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար։
Իգնատիոսյանը, կամ ինչպես նրան անվանում են ամերիկյան միջավայրում՝ Փոլ Ռոբերտ Իգնատիուսը, արժանացել է մի շարք բարձրագույն պարգևների.
. ԱՄՆ բանակի «Քաղաքացիական ակնառու ծառայությունների» մեդալ,
. ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հասարակական ակնառու ծառայությունների» մեդալ,
. ԱՄՆ պաշտպանության նախարարության «Հասարակական ակնառու ծառայությունների» մեդալ։
Նրա պատվին են կոչել ԱՄՆ նավատորմի USS Paul Ignatius էսկադրային ականակիրը։
Պետական ռազմական գործունեությունից զատ Փոլ Իգնատիոսյանն ստանձնել է նաև ԱՄՆ ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի՝ The Washington Post թերթի նախագահի պաշտոնը, որն զբաղեցրել է շուրջ երկու տարի։ Այնուհետև շուրջ 15 տարի նա եղել է ամերիկյան «Օդային փոխադրական ընկերակցության»՝ Air Transport Association-ի նախագահը, նաև George Marshal հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, արտաքին հարաբերությունների վաշինգթոնյան ինստիտուտի խորհրդի անդամ։
Փոլ Իգնատիոսյանն ունի չորս զավակ՝ երկու որդի և երկու դուստր։ Անդրանիկ զավակը՝ Դեյվիդ Իգնատիոսյանը The Washington Post թերթի սյունակագիրն է, արձակագիր, վիպասան։ Կրտսեր որդին՝ Էդին, Harvard Business Review-ի գլխավոր խմբագիրն է։ Երկու դուստրերն էլ իրավաբան են։ Ավագ դուստրը՝ Սարան, հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների NAASR (National Association for Armenian Studies and Research) ազգային ասոցիացիայի գործադիր տնօրենն է։ Կրտսեր դուստրը՝ Էմին, Նյու Հեմփշիր նահանգում գերագույն դատարանի դատավոր է։
2006 թ. Փոլ Իգնատիոսյանն իր երկու որդիների հետ կատարում է իր կյանքի կարևորագույն ուղևորությունը՝ այցելում է պապերի ծննդավայր, հետո նաև՝ Հայաստանի Հանրապետություն։ Իգնատիոսյաններն այցելում են իրենց պապենական տունը Խարբերդ քաղաքում։ Այս այցելությունը, նրա խոսքերով, հրաշալի փորձառություն էր խառը զգացմունքներով։ Մեր հայրենակիցը նաև մեծ ցավ է ապրում՝ տեսնելով հայոց գյուղերն ու եկեղեցիները, նշանավոր հուշարձանները ավերակ։
Իր հուշերում Պոլ Իգնատիոսյանը գրել է. «Հասուն տարիքում եմ սկսել կարդալ և ուսումնասիրել հայոց պատմությունը։ Երևի ավելի շատ ժամանակ եմ ունեցել դրա համար։ Հիմա ուրիշ հայացքով եմ նայում իմ ժառանգությանը և հավատացած եմ, որ այդ ժառանգության պատճառով ես առավել հետաքրքրական անձնավորություն եմ դարձել ինչպես ինքս ինձ, այնպես էլ ուրիշների համար։ Ես բարձր եմ գնահատում իմ հայկական ինքնությունն ու անցյալը։ Սովորական ամերիկյան մի քաղաքում մեծանալով՝ ես ամերիկացի երիտասարդների մթնոլորտում եմ եղել, տանը խոսել եմ անգլերեն, շրջապատում միակ հայերն իմ եղբայրն ու քույրն են եղել։ Բայց հայրս և՛ ամերիկյան գործարար, և՛ հայկական համայնքի շրջանակներում հարգված անձնավորություն է եղել, և ես բախտավոր եմ, որ ծանոթացել են նրա ընկերներից շատերի, ինչպես, օրինակ, Վիլյամ Սարոյանի ու նրա հորեղբայր Արամի հետ։ Մկրտվել եմ Լոս Անջելեսի հայկական եկեղեցում։ Վայելել եմ հորս մեծ ընտանիքի անդամների մտերմությունը։ Հրաշալի ժամանակ անցկացրել նրանց հետ տարբեր առիթներով։ Բարեբախտություն եմ համարում ունենալ նման հայկական ժառանգություն։ Բարձր եմ գնահատում այն»։
1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Փոլ Իգնատիոսյանը համակարգում է Հայաստան ուղարկվող օգնությունը։
«Հայկական դաստիարակությունն ու արժեքները մշտապես օգնել են ինձ, որ ես երբեք չմոռանամ ով եմ ես, չմոռանամ իմ արմատներն ու իմ ժողովրդին»,-ասել է Փոլ Իգնատիոսյանը Վաշինգթոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում կազմակերպված հանդիպման ժամանակ։
Հայ նշանավոր ռազմական ու քաղաքական գործիչ Փոլ Իգնատիոսյանը, անցնելով վաստակած հանգստի, զբաղվել է իր երկու գրքերի հրատարակությամբ՝ «Այժմ ես մասամբ գիտեմ. Մեծանալ-հասունանալու իմ պատմվածքները» և «Դիրքերում. Կյանքս ռազմածովային նավատորմում, կառավարությունում և բիզնեսում»։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ճակատագրեր