ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ
Կրտսեր սերժանտ Վահե Եղիազարյանն ու շարքային Ալբերտ Խաչատրյանը զորամասի լավագույն զինծառայողներից են, արժանացել են «Լավագույն հրաձիգ» կոչմանը:
-Կրտսեր սերժանտ Եղիազարյանը դասակի հրամանատարի տեղակալ է: Իր պարտականությունները կատարում է ճիշտ և ժամանակին, օրինակելի և բանիմաց զինծառայող է, մեր լավագույն հրաձիգներից է,- ներկայացնում է հրամանատարը:
Վահեն բռնցքամարտիկ է, մասնակցել է մի շարք մրցաշարերի և բարձր արդյունքներ գրանցել:
-Սիրում եմ բռնցքամարտը, սպորտը իմ կյանքում մեծ դեր ունի: Ֆիզիկական լավ տվյալներ ունեմ, ինչը շատ կարևոր է ծառայության ընթացքում: Սակայն այժմ ինձ համար առաջնահերթ է զինվորական գործը: Հատկապես հրաձգությունից ձգտում եմ մշտապես լավագույնը լինել,- նշում է կրտսեր սերժանտ Եղիազարյանը:
Շարքային Ալբերտ Խաչատրյանը գնդացրորդ է, վերջերս է զորակոչվել բանակ:
-Ծառայակիցներիս և հրամանատարներիս աջակցությամբ ամբողջովին հաղթահարել եմ սկզբնական դժվարությունները, ծանոթացել զինվորական ծառայության առանձնահատկություններին: Արդեն հմտանում եմ զինվորական գործում: Շատ եմ զբաղվում ինքնակրթությամբ թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական մասնագիտությունների ոլորտում, ծառայության ավարտից հետո ցանկանում եմ ուսումս շարունակել,- նշում է շարքային Խաչատրյանը:
Վահեն և Ալբերտը ինքնապատրաստության ժամերին առավել կարևորում են «Կրակային պատրաստություն» առարկան, լրացուցիչ նյութեր են ուսումնասիրում, ինչի շնորհիվ գործնական հրաձգության ժամանակ անվրեպ խոցում են թիրախները:
Զինծառայողները տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մշտապես զարգացնում են մասնագիտական հմտությունները, կատարելագործում են հաստիքային զենքերի կիրառմամբ մարտավարական տարբեր իրավիճակներում ստորաբաժանման կազմում ներդաշնակ գործելու կարողությունները:
ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ
լեյտենանտ
Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ազգային բանակ