ԷԴՎԱՐԴ ՋԵՐԵՋՅԱՆ
Էդվարդ Ջերեջյանը ամերիկյան դիվանագիտության առանցքային դեմքերից է: Նա աշխատել է ԱՄՆ-ի ութ նախագահների հետ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Ջոն Քենեդիի նախագահության ժամանակ (1962) և հեռացել Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ (1994)։
Էդվարդ Ջերեջյանը ծնվել է 1939 թվականի մարտի 6-ին ԱՄՆ-ում։ Նրա ծնողները ԱՄՆ ներգաղթած հայեր էին, որ փրկվել էին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից։ Հայրը՝ Պետրոսը, ցեղասպանության ականատեսն էր, որի աչքի առաջ թուրքերը սպանել են ծնողներին, և նա իր մյուս հայրենակիցների հետ թողնելով հարազատ Հաճն քաղաքը, Դեր Զորի անապատում հաղթահարելով բազում դժվարություններ, վերջապես հանգրվան է գտել Սիրիայում։ Արաբ մի ընտանիք խղճում է նրան և վերցնում աշխատանքի որպես ձիապան։ Այստեղ Պետրոս Ջերեջյանը լսում է երկու հայ գեղեցիկ աղջիկների մասին, որ որբացել էին գաղթի ճանապարհին և հայտնվել մի թուրք սպայի հարեմում։ Պետրոսն ինքնակամ ձի է հեծնում և սուրում փրկելու նրանց։ Շատ մեծ ջանքերի գնով ազատելով հայուհիներին, նրանց հանձնում է հայ եկեղեցու հոգածությանը։ Պետրոս Ջերեջյանը շուտով տեղեկանում է, որ այդ երկու աղջիկների եղբայրը, որ մի կերպ հասել էր ԱՄՆ, ցանկանում է ԱՄՆ տեղափոխել ոչ միայն իր քույրերին, այլ նաև նրանց օգնության ձեռք մեկնած հայ երիտասարդին։
ԱՄՆ-ում Պետրոս Ջերեջյանն ամուսնանում է Մերի Յազուջյանի հետ, որ նույնպես փրկվել էր ցեղասպանությունից և հասել մինչև Կուբայի Հավանա քաղաք՝ մինչ այդ ապաստան գտնելով լիբանանյան որբանոցում։
Մեծ եղեռնից մազապուրծ Ջերեջյանները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց զավակներին ավելի բարեկեցիկ կյանք պարգևելու համար։ «Իմ ծնողները ցանկանում էին ինձ ու եղբորս տալ այն հնարավորությունները, որոնք անձամբ երբևէ չէին ունեցել։ Նրանք օգնեցին ինձ ստանալու լավագույն կրթությունը և մշտապես խրախուսում էին, որպեսզի ես հասնեմ հաջողության»։
1950 թվականին Էդվարդ Ջերեջյանը ԱՄՆ զինված ուժերի շարքերում ծառայության է մեկնում Կորեա։ 1955 թ. նա ընդունվում է Ջորջթաունի համալսարան։ 1962 թվականին դառնում է ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Բոլլիի տեղակալը, իսկ 1966-1972 թթ. աշխատում է Լիբանանում և Մարոկոյում։ 1975-1977 թվականներին՝ որպես գլխավոր հյուպատոս, ծառայում է Բորդոյում։
Էդվարդ Ջերեջյանը տիրապետում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և ռուսերեն լեզուներին։ Եվ հենց ռուսերենի իմացությունն է օգնում նրան 1979-1981 թվականներին ղեկավարել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժինը։ Ջերեջյանը մինչև Մոսկվա ժամանելը հասցրել էր ծանոթանալ իր նշանավոր հայրենակցի՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Անաստաս Միկոյանի հետ։ «1963 թվականին Միկոյանը Վաշինգտոնում հանդիպում ուներ ԱՄՆ պետքարտուղար Դին Ռասկիի հետ։ Հայրս ինձ շատ էր պատմել Միկոյանի մասին։ Նա ասել էր, որ ԽՍՀՄ-ից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների թվում մի շատ հայտնի հայ կա։ Ես մտածում էի անպայման ծանոթանալ նրա հետ։ Միջանցքում կանգնած նրան էի սպասում, երբ հանկարծ նա դուրս եկավ, իսկ ես ծանոթանալու կամ անուն-ազգանունս ասելու փոխարեն, ասացի՝ ես հայ եմ։ Միկոյանը շատ էր զարմացել»։
ԽՍՀՄ-ում դիվանագիտական ծառայությունից հետո Ջերեջյանը գործուղվում է Մերձավոր Արևելք՝ որպես Հորդանանում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալ (Deputy chief of the US Mission)։ 1981-1988 թթ. Ջերեջյանը ԱՄՆ-ի դեսպանն էր Սիրիայում, իսկ 1993-1994 թթ. Իսրայելում։
Սիրիայում աշխատելու տարիներին Էդվարդ Ջերեջյանին հաջողվում է սերտ աշխատանքային հարաբերություններ հաստատել երկրի այն ժամանակվա առաջնորդ Հաֆեզ ալ-Ասադի հետ նաև իր ընտանիքի ցավալի փորձությունների շնորհիվ։ Ջերեջյանը որպես դեսպան իր հավատարմագրերը Սիրիայի նախագահին հանձնելիս պատմում է, որ ինքը ԱՄՆ-ում է ծնվել իր հոր՝ Սիրիայում երկու հայ աղջիկների փրկության սխրանքի շնորհիվ։
«Եթե որևէ մեկն այդ տղային, որ ցեղասպանությունից մազապուրծ, հայտնվել էր Սիրիայում, այն ժամանակ ասեր, որ մի օր իր որդին վերադառնալու է Դամասկոս՝ որպես ԱՄՆ-ի դեսպան, նա կասեր. «Դուք խելագարվել եք»: Բայց դա իսկապես իրողություն էր, և այդ ժառանգությունն իմ ամբողջ կյանքի աշխատանքը դարձավ»,- հիշում է դիվանագետը:
Ջերեջյանը առանցքային դեր է խաղացել արաբա-իսրայելական խաղաղ գործընթացի և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում։
2003 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի առաջարկով հայազգի դիվանագետն ստանձնում է հասարակական դիվանագիտության և ծրագրերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ջերեջյանը համակարգում է արաբական աշխարհին, մասնավորապես՝ իսլամին ու իսլամական աշխարհին վերաբերող հարցերը։ Այս հեղինակավոր պաշտոնը նա վարում է մինչև 2008 թվականը, որից հետո դարձյալ վերադառնում է ակադեմիական հետազոտություններին։
2013 թվականին Ջերեջյանն ընտրվում է «Occidental Petroleum» կորպորացիայի տնօրենների խորհրդի անկախ նախագահ և աշխատում այդ պաշտոնում մինչև 2015 թվականը։
Էդվարդ Ջերեջյանն արժանացել է ԱՄՆ կառավարության մի շարք պատվավոր մրցանակների ու կոչումների՝ պետքարտուղարության վաստակավոր պատվո մրցանակի, նախագահի երախտիքի արժանի ծառայողի մրցանակի, Էլլիս կղզու պատվավոր մեդալ (որպես ներգաղթյալների ընտանիքի անդամ), Ռայսի շրջանավարտների ասոցիացիայի ոսկե մեդալ (2009 թ.)։
1994 թվականից ի վեր նա Ռայսի համալսարանի հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենն է, որը աշխարհի ամենաազդեցիկ վերլուծական կենտրոններից է և զբաղվում է էներգետիկ քաղաքականության, առողջապահության, կենսաբանական գիտությունների, Մերձավոր Արևելքի, Մեքսիկայի, ինչպես նաև հարկային և բյուջետային քաղաքականության հարցերով։
«Մի օր ես սկսեցի մտածել՝ ինչու փրկվեցի, ինչու եմ ես այստեղ, երբ այդքան շատ թվով մարդիկ զոհվեցին։ Ես զգում էի, որ պետք է մի ձևով պատվեմ այն մարդկանց, ովքեր ինձ պես հաջող բախտ չունեցան, ինչպես նաև վարձահատույց լինեմ այն երկրին, որ ապաստան է տվել իմ ծնողներին»,- ասել է Ջերեջյանը։
2011 թվականին Էդվարդ Ջերեջյանն ընտրվում է մշակույթի և գիտության ամերիկյան ակադեմիայի՝ երկրի հնագույն և հեղինակավոր հասարակության և անկախ քաղաքականության հետազոտական կենտրոններից մեկի անդամ։ Նա ունի Ջորջթաունի համալսարանի գիտության բակալավրի և հասարակական գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան, ինչպես նաև Միդլբուրի քոլեջի իրավաբանական գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան։
Դիվանագիտական առաքելության ավարտից հետո նա ստանձնում է Տեխասի նահանգում գտնվող Ռայսի համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի նախագահի պատվավոր պաշտոնը։
Էդվարդ և Ֆրանսուազ Անդրեե Լիլիան Մարի Ջերեջյաններն ունեն երկու զավակ՝ Գրիգոր և Ֆրանչեսկա Նատալիա Ջերեջյանները։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #17 (1530) 9.05.2024 - 15.05.2024, Ճակատագրեր