Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ



ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Մենք այսօր սկսում ենք մեդիագրագիտության մասին մի դասընթաց, որը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ պատկերացում կազմելու մեդիա ոլորտի մասին, ըմբռնելու դրա ազդեցության հնարավոր ձևերը անհատի, հասարակության գիտակցության վրա: Կսովորեք ավելի գրագետ մոտենալ տեղեկատվության ստացման «հիգիենային» և մեդիա ռեսուրսի առավել ճիշտ սպառող դառնալու հմտությունները։

Որպեսզի իմանանք, թե ինչ է մեդիագրագիտությունը, բնականաբար, նախ և առաջ պետք է հասկանանք, թե ինչ է մեդիան։ Սովորաբար մարդիկ «մեդիա» հասկացության մասին խոսելիս նախ և առաջ պատկերացնում են հեռուստատեսությունը, որը, բնականաբար, մեդիա է՝ թերթերը, ռադիոն, սոցիալական ցանցերը՝ Facebook, Tik-tok, Telegram և այլն: Բայց մենք կարող ենք ավելի լայն դիտարկել այս հասկացությունը՝ որպես մեդիա ընկալելով այն ամենը, ինչի միջոցով ստանում ենք այս կամ այն տեղեկությունը։ Եթե ավելի լայն տեսանկյունից դիտարկենք մեդիան, դրա մեջ մտնում են նաև գրքերը՝ գիտական, գեղարվեստական գրականությունը։ Անգամ դպրոցական ուսուցումը ինչ-որ առումով կարող է որպես մեդիա դիտարկվել։ Համակարգչային խաղերը ևս կարող են մեդիայի գործառույթ կրել, քանի որ այսօր մեծ թվով համակարգչային խաղեր կան, որոնք, ասենք, պատմություն են սովորեցնում, և երեխաները, ի դեպ, ավելի հեշտությամբ սովորում են դրանց հիման վրա, քան դասագրքերից։ Եթե բոլորովին պարզեցնենք ու ելնենք այս՝ տեղեկության աղբյուր լինելու բնութագրիչից՝ մեդիա կարող է դիտարկվել անգամ ցանկապատի վրայի գրությունը, քանի որ որևէ մեկը կարող է դրա միջոցով էլ տեղեկատվություն ստանալ կամ փոխանցել։ Հարցն այստեղ այլ է՝ թե մենք որտեղի՞ց ենք ստանում տեղեկությունը, ո՞րն ենք ընկալում որպես վստահելի տեղեկություն, գիտելիքի աղբյուր, ճշմարիտ և կեղծ տեղեկատվությունը և տարբերակելու ի՞նչ չափորոշիչներ ունենք։

Այսպիսով, «մեդիա» ասելով պետք է հասկանանք գրեթե այն բոլոր աղբյուրները, որոնք մեզ գիտելիք ու տեղեկություն են տալիս։ Կարող է առաջին հայացքից զարմանալի թվալ, բայց դա այդպես է։

Հիմա այն մասին, թե ինչո՞ւ է անհրաժեշտ մեդիագրագետ լինելը։ Մի քանի կարևոր պատճառ կա։ Մեկն այն է, որ հատկապես հենց մեդիաների միջոցով են մեր մեջ ձևավորվում հիմնարար գիտելիքներն այն ամենի մասին, ինչի հիման վրա ձևավորում ենք մեր հետագա քայլերը, մեր վարքն ու դիրքորոշումները։ Հարկ է նկատել, որ մենք անընդհատ տեղեկատվական տարբեր հոսքերի ազդեցության տակ ենք, և անկախ մեր դաստիարակությունից, մեր սեփական ընկալումներից ու վերլուծություններից, դրանք որոշակիորեն ձևավորում են մեզ, մեր ընկալումները։

Մեդիագրագիտությանը կարող են առնչվել, օրինակ, առողջապահական հարցերը։ Եվ դրա բացը կարող է բերել շատ վատ հետևանքների։ Հաճախ մենք, ելնելով մեր զգացողություններից, դիմում ենք, օրինակ, համացանցի օգնությանը։ Այս առումով անդրադառնանք վերջին հնչեղ իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Covid-ի տարածման սկզբնական շրջանում, երբ տեղեկություններն այս նոր հիվանդության մասին խիստ սուղ էին, իսկ մարդիկ փորձում էին ամեն կերպ պաշտպանվել այս մահաբեր հիվանդությունից։

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻնչպե՞ս է սովորաբար վարվում այն մարդը, որն ահաբեկված է և սահմանափակ տեղեկություն ունի իրեն անհանգստացնող երևույթի մասին։ Մեր օրերում նախ և առաջ փորձում է համացանցում գտնել իրեն հուզող հարցերի պատասխանը՝ առանց ընտրողաբար դիմելու որևէ աղբյուրի։ Սխալ տեղեկատվության հետևանքով մարդը կարող է խարխլել իր առողջությունը կամ անգամ վտանգել կյանքը։ Այսպիսի բացասական օրինակներից մեկն է Covid-ի ժամանակ հարևան Իրանում տեղեկատվական ցանցերի միջոցով տարածված և ծանր հետևանքների հանգեցրած այն տեղեկույթը, թե իբր սպիրտ կամ օղի խմելը կանխարգելում է հիվանդությունը։ Այս տեղեկատվության ալիքի վրա արագ տարածվել է մեծ քանակությամբ տեխնիկական սպիրտ, որ ազգաբնակչության որոշ հատվածների կողմից գործածվել ու հանգեցրել է նույնիսկ մահացու հետևանքների, շատերի կուրության պատճառ դարձել։ Հայաստանում, իհարկե, ապատեղեկատվության հետ կապված նման ծանր հետևանքներ չեղան։ Համացանցում տարածվեց, որ կոճապղպեղն է բուժում Covid-ը, և կհիշեք, երևի, որ խանութներում դրա գինը մի քանի անգամ աճեց։ Կարծեմ՝ «ոսկու գնի» էր հասել։

Սա անհատների կյանքի ու առողջության վրա տեղեկատվության ազդեցության վառ օրինակ է։ Սակայն երբեմն հասարակության մասշտաբով մեդիագրագիտության պակասը ևս շատ ընդգրկուն ու աղետալի ազդեցություն կարող է ունենալ։ Մեդիագրագիտության բացը հասարակության շրջանում կարող է արդյունավետ կերպով գործածվել և թիրախավորվել տվյալ հասարակության, տվյալ երկրի ու պետության թշնամիների կողմից։ Հայաստանի հասարակության վրա, օրինակ, տարբեր տեղեկատվական հնարքներով այսօր փորձում են ազդել, ու եթե մեր հասարակությունը պատրաստ չլինի ճիշտ ձևով այդ տեղեկատվությունը սպառելուն, դա կարող է, օրինակ, մարդկանց շեղել կարևոր իրադարձություններից դեպի ինչ-որ անհեթեթ ու անկարևոր բաներ։ Մեկ այլ օրինակ, հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով հասարակության մեջ կարելի է սերմանել վախ կամ ապատիա, ստեղծված իրավիճակին դիմագրավելու անկարողություն: Իսկ դրանց հաջողության պատճառը հենց մեդիագրագիտության պակասն է։ Այնպես որ, մեդիագրագիտությունը կարևոր է ինչպես յուրաքանչյուրիս, այնպես էլ երկրի անվտանգության համար, ինչի մասին ավելի հանգամանալից կխոսենք հաջորդ հանդիպմանը: Կխոսենք նաև կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության, տեղեկատվության ստուգման, աղբյուրների վստահելիությունը որոշելու և չճշտված տեղեկատվությունը չտարածելու կարևորության մասին։

 

Պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (1530) 9.05.2024 - 15.05.2024, Բանակ և հասարակություն


15/05/2024