ՇԱՐԺԻՉԸ ՍԵՐՆ Է
Փոխգնդապետ Հրայր Չոբանյանի ղեկավարած պայմանագրայինների գումարտակը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը զինված ուժերում: Առաջին միտքը, որ ծագում է գլխիս մեջ այս տեղեկությունը կարդալուց հետո Հրայր Չոբանյանի հետ ծանոթանալն ու զրուցելն է, որովհետև, ըստ իս, հրամանատարը հենքային դերակատար է իր ղեկավարած զինվորական կոլեկտիվում, և ձեռքբերումներն էլ, ձախողումներն էլ առաջին հերթին նրա ծառայությամբ են պայմանավորված:
-Մերը թիմային աշխատանք է, թիմային արդյունք,- բացատրում է փոխգնդապետը,- առաջնագծում բոլորն էլ կարևոր են՝ ամբողջ անձնակազմը, սահմանին մանրուքներ չկան:
-Որպեսզի մեխանիզմը արդյունավետ աշխատի, պետք է դետալները անխափան գործեն: Դետալներն, անշուշտ, կարևորն են, սակայն շարժիչը բացառիկ խնդիր ունի. նա գործի է դնում մեխանիզմի բոլոր մասերը:
Այս համեմատությունը տեղում մտածեցի, էքսպրոմտ:
-Իմ գումարտակում բոլորը տեղացիներ են, մերձակա գյուղերից,- ասում է Հրայր Չոբանյանը,- նույն հող ու ջրի, նույն հոգսով ապրող մարդիկ են: Սահմանի պաշտպանությունը աշխատանք չէ մեզ համար, մեր ծնողների, զավակների կյանքի իրավունքն է, սեփական ծննդավայրում ապրելու մեր հնարավորությունն է: Ընտանիքներ կան՝ երրորդ սերունդն է սահմանին. պապը զենքը հանձնել է որդուն, որդին փոխանցել է թոռանը… Գիշերը դիրքում կանգնած՝ սիրտդ զգում է թանկ մարդկանց շնչառությունը, նրանց սրտի տրոփը: Այս մասին սահմանապահներից ոչ ոք չի խոսում. էնքան նվիրական թեմա է, որ դժվար է տեղավորել բառերի մեջ: Բայց հենց սա է, ձեր խոսքերով ասած, բոլոր դետալները գործի դնող շարժիչը: Սերը յուրայինների հանդեպ: Նրանց անվտանգությունը ամեն գնով ապահովելու մղումը:
-Այսինքն՝ շարժիչը սերն է: Իսկ յուրային բառի փոխարեն կարող էիք Հայրենիք ասել…փաստորեն, շարժիչը հայրենասիրությունն է,- եզրահանգում եմ:
-Ես խուսափում եմ բարձրագոչ բառերից,- պատասխանում է հրամանատարը,- դու ես որոշում, թե ինչ ընդգրկում ունի քո Հայրենիքը, ովքեր են այնտեղ, ինչն է քոնը, ինչն ես սիրում: Արտասահմանում ծնված հայեր կան, որոնք ոչ մի անգամ չէին տեսել իրենց պապերի երկիրը, բայց պատերազմի ժամանակ եկան Հայաստան ու գնացին առաջնագիծ, որովհետև զգացին իրենց հոգու ու Հայրենիքի կապը:
Հրայր Չոբանյանի կենսագրության ամենահետաքրքիր դրվագն այն է, որ ընտանիքի բոլոր զավակները դարձել են զինվորական՝ Հրայրը, Լորիսն ու Արմանը:
-Ինչպե՞ս եղավ, որ երեքդ էլ եկաք բանակ, ո՞վ ուղղորդեց, ո՞ւմ դաստիարակությունն է,- ես փնտրում եմ ինչ-որ մեկի ձեռագիրը: Մտածում եմ, որ մի ազդեցիկ ձեռք հղկել է տղաների երազանքը:
-Մեր գյուղը մի մեծ ընտանիք է,- պատմում է փոխգնդապետը,- ում կողքն էլ կանգնես, դաստիարակվում ես, ում հետ էլ խոսես, դաստիարակվում ես: Տեսնում ես մարդիկ ոնց են հարգում մեծին, ոնց են օգնում կարիքավորին, ոնց են սիրում իրենց ընտանիքը, ոնց են պաշտպանում սեփական հողը….ու դաստիարակվում ես: Նայում ես շուրջդ՝ բոլորն աշխատում են, աշխատասիրություն ես սովորում: Շփվում ես մարդկանց հետ՝ ոչ ոք չի խաբում, ազնվություն ես սովորում: Բանակում նույնն է: Եթե զինվորական ստորաբաժանումն իր ամուր վարքականոնն ունի, ոչ մեկին հատուկ դաստիարակելու կարիք չկա, որովհետև յուրաքանչյուր նորեկ, ուզի, թե չուզի, ապրում է այդ վարքականոնով… կամ դուրս է մղվում:
-Ո՞րն է պայմանագրայինների լավագույն գումարտակի վարքականոնը:
-Մենք կարևորում ենք պայմանագրայինին ու նրա ծառայությունը՝ առաջին հերթին զինծառայողի համար ապահովելով բարձր անվտանգություն: Լավագույնս կահավորված առաջնագիծը սահմանապահի կյանքն ու առողջությունը պահպանելու, ապա սահմանների պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու երաշխիք է:
Մենք կարևորում ենք պայմանագրայինին ու նրա ծառայությունը՝ ծառայողական կենցաղը դարձնելով հարմարավետ, հիգիենիկ, բարեկեցիկ, ճաշակով: Իմ գումարտակի պայմանագրայինները հարգված են վերադաս հրամանատարության կողմից:
Մենք կարևորում ենք պայմանագրայինին ու նրա ծառայությունը հոգատար վերաբերմունքով, նրանց հոգսերի հանդեպ մեծ ուշադրությամբ, օգնելու պատրաստակամությամբ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ խնդիրը կապված չէ բանակի հետ: Եթե մենք ամեն օր, օրը 24 ժամ պայմանագրայինին ասենք, որ իր ծառայությունը անչափ կարևոր է, որ ինքը պիտի ամբողջ նվիրումով ծառայի, այնպիսի ազդեցություն չի ունենա, ինչպիսին՝ գործով ասվածը, որը ակամա պատասխանատվություն է ծնում ծառայության, հարգանք՝ սեփական համազգեստի հանդեպ և կարգավորում է ներքին հարաբերությունները:
-Հետաքրքիր բանաձև է՝ Դուք կարևորում եք պայմանագրայինին՝ որպես զինծառայողի, հետևաբար՝ պայմանագրայինը կարևորում է իր ծառայությունը:
-Իսկ կարևորել ծառայությունդ նշանակում է բարձրացնել արհեստավարժության շեմը, կատարելագործել մասնագիտական գիտելիքները, ֆիզիկական տվյալները, լինել առավել կարգապահ, զգոն ու բարեխիղճ…
…Աշխատանքային օրը վաղուց ավարտվել է, բայց Հրայր Չոբանյանի ծառայությունը շարունակվում է:
-Ո՞վ է Ձեզ սպասում տանը,- հարցնում եմ:
-Կինս,- պատասխանում է փոխգնդապետը,- երեխաներս Երևանում են, որը սովորում է, որն աշխատում:
-Իսկ ի՞նչ է Ձեզ պետք երջանիկ լինելու համար:
Փոխգնդապետ Հրայր Չոբանյանը պատասխանում է առանց մտածելու.
-Հայրենիքը խաղաղ լինի, սիրելիներս՝ առողջ:
Զինվորականի անկեղծ ու անպաճույճ պատասխանները նրա հոգուն ավելի մոտենալու ցանկություն և նոր մտերմիկ հարցեր են ծնում:
-Իսկ ո՞րն է Ձեր անենաթանկ երազանքը:
Հրայր Չոբանյանը նայում է սևեռուն, թվում է՝ աչքերը տխրում են: Հետո ասում է ցածրաձայն.
-Ուզում եմ՝ մայրս շատ երկար ապրի:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #17 (1530) 9.05.2024 - 15.05.2024, Ազգային բանակ