ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ԱՐԺԱՆԻ ԵՂԲԱՅՐ ԿՄԵԾԱՆԱ
Չորրորդ անգամ մայրանալու բերկրանքը տիկին Նարինեի համար յուրահատուկ է՝ տարբերվող, անբացատրելի հույզերով և ապրումներով լի։ Վերածննդի բովանդակությամբ մի նոր կյանքի պատմություն է սկիզբ առնում մերօրյա հերոս Անդրանիկ Վարդանյանի ընտանիքում։
Փոքրիկը գրկին տիկին Նարինեն րոպեներն է հաշվել, թե երբ է հեռանալու ծննդատնից։ Չէ որ տարիներ անց վերջապես տան խլացնող լռությունը փոխարինվելու է մանկան հրաշք ճիչով, աննկարագրելի ջերմությամբ ու սիրով։
Տանն արդեն փոքրիկի հայրիկն է մեզ հետ կիսվում իր զգացողություններով ու ապրումներով։
-Ուրախ եմ, որ կարողացել ենք տասնյակ տարիներ անց ավագ որդուս երազանքն ի կատար ածել,- ասում է հայրը:
Երեխային ծնողները Անդրանիկ են անվանակոչել, բայց այն գիտակցումով, որ լույս աշխարհ եկած կրտսերի մեջ ավագին չեն փնտրելու։ Նա առանձին անհատ է, որը մեծանալու է եղբոր պես ազնիվ, բարի ու հայրենասեր։
-Անդրանիկին արժանի եղբայր կմեծանա,- հուզված ձայնով ասում է մերօրյա հերոսի մայրը:
Չնայած որդու կորստի խորը ցավին, հայրենիքը սիրելն ու պաշտպանելը չգրված օրենք է այս ընտանիքում։ Վարդանյանների ավագ որդին էլ բացառություն չէր։ Մշտապես ոգեշնչված հոր՝ կոչումով գնդապետ Արամ Վարդանյանի օրինակով, որը երկար տարիներ ծառայել և այժմ էլ ծառայում է ոստիկանության համակարգում, Անդրանիկը բանակում մեծ սիրով ու նվիրումով էր իր պարտականությունները կատարում։ Բանակ էր զորակոչվել զորակոչի հենց առաջին օրը՝ իր իսկ ցանկությամբ։ Ծնողները պատմում են, որ Անդրանիկն ամեն անգամ առաջնագիծ է բարձրացել առանձնակի հպարտությամբ, խիզախությամբ ու ոգևորությամբ։ Նույն կերպ էլ կռվեց ու անմահացավ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում։
Թեև Վարդանյանները երկու աղջիկ էլ ունեն ու նաև չորս թոռնիկ, որոնցից ամենամեծը տասը տարեկան է, բայց ասում են, որ որդու կորստից հետո տունը դատարկվել էր, չկար առաջ շարժվելու ուժ։
– Հենց աղջիկներիս երկարատև հորդորներից, խնդրանքներից հետո կայացրինք երեխա ունենալու դժվարին որոշումը,- հիշում է մայրը։
Ու իրենց կյանքի վերաիմաստավորված էջի մասին են շարունակում պատմել ամուսինները։ Նորածնի ծնողները փոքրիկ Անդրանիկի նման լույս են մաղթում նաև որդեկորույս մյուս ընտանիքներին՝ հորդորելով ոչ մի դեպքում չհուսահատվել ու պայքարել, հավատալ ու սպասել հրաշքի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #17 (1530) 9.05.2024 - 15.05.2024, Ճակատագրեր