ՕՐԻՆԱԿԵԼԻ ԶԻՆՎՈՐԸ
-Ծառայության մեծ մասն արդեն հաղթահարել եմ, ամեն ինչ դարձել է սովորական, ընտելացել եմ ծառայությանը, առօրյան անցնում է հետաքրքիր,- այսպես սկսվեց մեր զրույցը ուսումնական զորամասի լավագույն ժամկետայիններից մեկի՝ Հովհաննես Սաֆարյանի հետ:
Հովհաննեսի հետ շրջում ենք զորամասում, իսկ նա, հընթացս, անկաշկանդ պատմում է ծառայողական առօրյայի, զինվորական եղբայրության, միմյանց թև ու թիկունք լինելու ու ծառայության դժվարությունները հաղթահարելու մասին:
-Առօրյան շատ ծանրաբեռնված է, հիմա իմ ջոկը պատրաստվում է ֆիզիկական պատրաստության դասին, ինչը մեր մասնագիտական առարկաներից մեկն է, խիստ անհրաժեշտ թե՛ առօրյայում, թե՛ մարտի դաշտում:
Սերժանտ Հովհաննես Սաֆարյանը ջոկի հրամանատար է: Սերժանտի կոչմանն արժանացել է զինվորական ծառայության հանդեպ իր բացառիկ նվիրումի շնորհիվ, իսկ համազգեստին առկա մեդալների քանակից էլ հասկանալի է՝ զինվորը սիրում է լավագույնը լինել բոլոր ասպարեզներում՝ առաջատարն է թե՛ մասնագիտության մեջ, թե՛ ֆիզիկական բացառիկ ունակություններով:
-Արդեն համոզվել եմ, որ զինվորական ծառայությունը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր պատանու կյանքում,- ասում է Հովհաննեսը:
Հովհաննեսը հրետանավոր է, մանրամասն ու ճշգրտորեն տիրապետում է մասնագիտության բոլոր նրբություններին։ Իր մասնագիտական գիտելիքներն էլ փոխանցում է հրամանատարությամբ ծառայող զինվորներին:
-Զինվորական առօրյա ծառայության մեջ փորձում եմ օրինակ ծառայել իմ ենթականերին: Ծառայության մեջ պետք է կարգապահ լինես, լավ սովորես, ամեն օր կատարելագործես մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի ցանկացած պահի կարողանաս հավուր պատշաճի կատարել առաջադրված խնդիրները,- համոզված է հրետանավոր սերժանտը:
Զինվոր լինելը նախևառաջ արժանապատվություն է: Թեև ես գերազանց առաջադիմության համար ուսումնական զորամասում եմ ծառայում, բայց պատրաստ եմ պարտքս կատարել Հայրենիքի յուրաքանչյուր անկյունում: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո էլ միշտ պատրաստ եմ լինել Հայրենիքիս կողքին,- ընդգծված շեշտադրումով ասում է Հովհաննեսը:
Օրվա երկրորդ կեսին զորամասի վարժադաշտում մենք հետևեցինք Հովհաննեսի ու նրա ջոկի պարապմունքներին՝ զինտեխնիկայի հետ գործնական վարժանքով, որը նույնպես ուսումնառության ամենակարևոր բաղադրիչներից է։
-Նախանձախնդրորեն իր նպատակների հետևից գնացող սերժանտ Սաֆարյանը բոլոր առումներով է աչքի ընկել: Նրա օրինակով նաև դաստիարակվում ու կրթվում են ենթակաները: Հենց այս ամենի համար էլ խրախուսվել է լրացուցիչ արձակուրդով: Լավագույնները մշտապես պետք է խրախուսվեն,- մեզ հետ զրույցում ասաց զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Սարգսյանը:
Որպես խրախուսանք անսպասելի արձակուրդը Հովհաննեսին ուրախացրել է։ Արձակուրդի մասին տեղեկանալուն պես շտապում է ճանապարհ ընկնել։ Մեր ստեղծագործական խումբն է նրան ուղեկցելու առաքելությունը ստանձնել: Եվ որքան մոտենում էինք տանը, Հովհաննեսն ավելի անհամբեր էր դառնում:
-Ծառայության ժամանակ նման անակնկալ չէր եղել, կարծում եմ՝ մայրիկս ու քույրիկս շատ կուրախանան,- մեզ հետ անկեղծանում է նա:
Ընտանիքի և արձակուրդ գնացող զինվորի հանդիպումը միշտ էլ հուզումնառատ է:
-Բառեր անգամ չեմ գտնում զգացմունքներս նկարագրելու,- ասում է զինվորի մայրն ու գիրկն առնում զինվոր որդուն:
Անշուշտ, օրինակելի զինվոր, դաստիարակված ու պարկեշտ մարդ լինելն առաջին հերթին հենց հպարտություն ու պատիվ է ծնողների համար: Չէ՞ որ նրանք են ծնել ու դաստիարակել հայրենասեր որդի, երկրի ազնիվ քաղաքացի, որը նվիրումով է կատարում Հայրենիքի պաշտպանի սրբազան ու պատվաբեր գործը:
Անակնկալներով հագեցած օրվա ավարտին, երբ հրաժեշտ էինք տալիս Սաֆարյաններին, Հովհաննեսը ևս մեկ անգամ շեշտեց. «Ուր էլ լինեմ, միշտ պատրաստ եմ լինելու Հայրենիքի պաշտպան»։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #17 (1530) 9.05.2024 - 15.05.2024, Ազգային բանակ