ԶՈՐԱՄԱՍԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է
-Շուտով կլրանա ծառայությանս մեկ տարին: Ժամանակը շատ արագ անցավ: Կարծես երեկ լիներ, որ ուսումնական զորամասում էի… Վեց ամիս որպես կրտսեր հրամանատար պատրաստվեցի ուսումնական զորամասում, իսկ ուսումնական փուլի ավարտին ստացա «սերժանտի» կոչում: Կրակային աջակցման դասակի հրամանատարի տեղակալն եմ, մասնագիտությամբ՝ գնդացրորդ: Խոշոր տրամաչափի գնդացրորդների ջոկի հրամանատարն եմ,- անթաքույց հպարտությամբ ներկայանում է Ռաֆիկ Պողոսյանը:
-Հրամանատարությունը գոհ է քո ծառայությունից: Եվ քանի որ գովեստի անկեղծ խոսքեր լսեցի քո մասին, որոշեցի ակնարկ գրել «Հայ զինվորում»: Թող ընթերցողներն էլ ճանաչեն սահմանում կանգնած, իրենց անդորրը պաշտպանող զինվորին:
Ռաֆիկը անակնկալի եկավ, քանի որ չէր կռահել, թե ի՞նչ նպատակով են իրեն կանչել:
-Բայց ինչո՞ւ հենց իմ մասին, այստեղ բոլորն էլ լավ են ծառայում: Անկեղծ եմ ասում: Այստեղ՝ սահմանում, հնարավոր չէ վատ ծառայել, գլուխ պահել: Եվ հնարավոր չէ և ամոթ է:
-Այս անգամ քեզ են ընտրել,- ասում եմ ես:
Ռաֆիկը թոթվում է ուսերը և տեղավորվում դիմացի աթոռին:
-Ռաֆի՛կ, ինչպե՞ս է սկսվում զինվորի առօրյան, քո առօրյան:
-Իմ առօրյա ծառայությունը սկսվում է վերկացով՝ ժամը 6:00-ին: Հագնվում ենք ու ջոկի հրամանատարներով հավաքվում շտաբի դիմաց՝ զորամասի օրվա հերթապահի հետ քննարկելու, որոշելու օրվա նախավարժանքի տեսակը՝ վազք, սպորտային ավանում մարզագույքերի վրա վարժություններ և այլն: 6:40 կազմակերպվում է զորքի նախավարժանքը, որի ավարտից հետո լվացվում են ու գնում ճաշարան՝ նախաճաշի: Այնուհետև օրը շարունակվում է ըստ կարգացուցակի:
-Անձամբ դու, քո ծառայակից ընկերները գո՞հ եք տրվող սննդի որակից, չափաբաժնից: Անկեղծ պատասխանիր:
-Թաքցնելու բան չունեմ: Շատ գոհ ենք, ես էլ, ծառայակից ընկերներս էլ: Ես հատուկ ուզում եմ շեշտել, որ շատ գոհ ենք: Կշտանում ենք, դեռ մի բան էլ մնում է սեղանին:
-Իսկապես շատ լավ ու որակով սնունդ է զինվորը ստանում: Որ թվարկեմ, թե նախաճաշին ինչ են տալիս, ճաշին ինչ, ընթրիքին ինչ, կգա տողանի ժամը, և մենք չենք հասցնի ավարտել մեր զրույցը: Այնպես որ, տեսականին շատ է, բազմազան ու հարուստ կալորիականությամբ: Ճաշացանկը փոխվում է ամեն օր: Իհարկե, ուտելիքներ կան, որ ցանկանում ես ամեն օր ուտել: Բայց չմոռանանք, որ մենք տանը չենք, մենք բանակում ենք:
-Բա ինչո՞ւ ես այդքան նիհար,- Ռաֆիկի նիհարությունից մտահոգ, հետաքրքրվում եմ ես:
-Էդ ինձնից ա, սննդից չի: Մինչև բանակ գալս ավելի նիհար էի: Բանակում մի բան էլ լցվել եմ, չաղացել, կոփվել: Տասը հատ հանգիստ ձգվում եմ, վազքս լավ է։
-Չաղացել,- կրկնում եմ ես ու ծիծաղում, իսկ Ռաֆիկը շարունակում է նույն վստահ տոնով.
-Չե՞ք հավատում՝ ընկերներիս հարցրեք:
-Օրվա կարգացուցակը շատ հագեցած է:
-Դասերի առումով օրվա գրաֆիկը հագեցած է պարապմունքներով՝ մարտավարական պատրաստություն, բուժօգնություն մարտի դաշտում, ֆիզո, շարային:
-Մի խոսքով՝ ծանրաբեռնվածությանը դիմանում եք:
-Ես չէի ասի՝ ծանրաբեռնվածություն: Սա առօրյա զինվորական ծառայության գրաֆիկն է:
-Քանի որ դասակի հրամանատարի տեղակալ ես և գնդացրորդ, ուրեմն նաև մարտական հերթապահության մեջ պետք է ընդգրկված լինես:
-Մի քանի օրից նորից բարձրանալու եմ դիրքեր:
-Առաջնագծում ծառայությունը ինչպե՞ս է անցնում:
-Առաջնագծում ծառայությունն ավելի հետաքրքիր է անցնում, իսկ ժամանակը պարզապես թռչում է:
-Միջանձնային հարաբերությունների մասին ի՞նչ կասես:
-Շատ բարձր մակարդակի վրա է: Չկա նոր ծառայող, հին ծառայող հասկացություն: Էս գործը ես չեմ անի, դու արա: Զորամասը մեր տունն է, թեպետ ժամանակավոր, և մենք ամեն ինչին մոտենում ենք այնպես, ամեն ինչ փորձում ենք անել այնպես, ինչպես մեր տանը:
-Լողանալու հարցը ո՞նց է:
-Շաբաթը մեկ անգամ բաղնիք ենք գնում: Զորամասում ստանում ենք հիգիենայի բոլոր պարագաները՝ ներքնաշորից մինչև օճառ, ածելի, սրբիչ: Այսինքն՝ ինչ-որ անհրաժեշտ է: Բաղնիքի օրերին պարտադիր փոխվում է անկողինը:
-Ռաֆի՛կ, դեռ մեկ տարի ունես ծառայելու: Իսկ որոշե՞լ ես, թե զորացրվելուց հետո ինչո՞վ ես զբաղվելու:
-Կզբաղվեմ իմ նախասիրությամբ՝ ավտոմեքենաների հետ կապված: Ես ավտոմեխանիկ եմ: Որոշել եմ անպայման բարձրագույն կրթություն ստանալ՝ ընդունվել Ճարտարագիտական համալսարան:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #17 (1530) 9.05.2024 - 15.05.2024, Ազգային բանակ