Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԿԱ, ՏԵՍԱ, ՈՐՈՇԵՑԻ



ԵԿԱ, ՏԵՍԱ, ՈՐՈՇԵՑԻՄոնթեական Վահե Մելյանը տեղեկացել էր, որ իր դպրոցի աշակերտներն են հյուրընկալվելու վարժարանում և անհամբեր սպասում էր այդ հանդիպմանը:

Ուղիղ մեկ տարի առաջ ինքն էլ էր նման ճանաչողական այցով եղել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

-Եկա, տեսա ու որոշեցի՝ այստեղ եմ սովորելու,- հիշում է Վահեն:

Հիմա տանտիրոջ իրավունքով սպասում է դպրոցական ընկերներին:

Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, զինվորական ծառայության գրավչությունն առավել բարձրացնելու, դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը միտված տարբեր միջոցառումների շրջանակներում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրինությունն ուսման մեջ աչքի ընկած իր սաների հետ պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի կրթօջախներ, հանդիպում ու զրուցում աշակերտների հետ, այնուհետ փոխադարձ այցով աշակերտներն են լինում կրթօջախում՝ իրենց աչքով տեսնելու վարժարանի պայմաններն ու ընձեռած հնարավորությունները:

Այս անգամ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հյուրընկալել էր Երեւանի Գրիգոր Գուրզադյանի անվան թիվ 163 հիմնական դպրոցի իններորդ դասարանցիներին: Դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ Նարեկ Բենգլյանը կարեւորում է նմանատիպ միջոցառումները:

-Ճանաչողական այս այցերն օգնում են աշակերտներին ապագա մասնագիտական ընտրության հարցում, նպաստում զինվորական գործի հանդեպ հետաքրքրության ու գրավչության բարձրացմանը,- մեզ հետ զրույցում նշեց զինղեկը: Սակայն զինղեկը նաեւ իր նկատառումն ունի՝ սովորաբար թիրախային խումբը իններորդ դասարանի աշակերտներն են, բայց ցանկալի կլիներ ու առավել նպատակային, որ ութերորդ դասարանից այցելեին ռազմական կրթօջախներ, քանի որ 9-րդ դասարանում, այն էլ ուսումնական տարվա ավարտին, մասնագիտական առումով քիչ թե շատ արդեն կողմնորոշված են լինում:

Մոնթեականները աշակերտներին ուղեկցում են տարբեր լսարաններ, մարզասրահներ՝ զուգահեռ մանրամասնորեն ներկայացնելով բոլոր հնարավորություններն ու առավելությունները, խորհուրդ տալիս գալ այստեղ սովորելու:

-Վարժարան կարող են ընդունվել 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները, թե՛ տղաները եւ թե՛ աղջիկները: Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Անվճար կրթություն, կեցություն. այստեղ ամեն հնարավորություն կա և՛ որակյալ ուսում ստանալու, և՛ մարզվելու, և՛ հանգստի համար: Վարժարանում տարբեր լեզուների խմբակներ են գործում: Իսկ եթե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվեք, կարող եք ռազմական կրթությունը շարունակել նաեւ արտերկրում՝ Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա… Վարժարանում կունենաք նաեւ տարբեր մարզաձեւերով զբաղվելու հնարավորություն՝ ըմբշամարտ, ձեռնամարտ, բասկետբոլ, լող, թենիս…, ու թե որեւէ մարզաձեւում էլ գերազանց արդյունք եք գրանցում, մարզիչը տվյալները փոխանցում է տնօրինությանը, և դուք կարող եք մասնակցել հայաստանյան մրցումների, որտեղ հաջողություն գրանցելու դեպքում՝ դուրս գալ նաեւ միջազգային ասպարեզ:

Մի խոսքով՝ վարժարանում ամեն խնդիր լուծվում է, ձեզնից պահանջվում է միայն լավ սովորել,- ներկայացնում է կուրսանտ Վահե Մելյանը:

Դպրոցական ընկերները խմբվել են Վահեի շուրջն ու զրուցում են:

Զինվորականի որդի է Վահեն, հայրիկի ճանապարհն է ընտրել, իսկ այդ ճանապարհի առաջին հաստատուն քայլը սկսվում է ռազմամարզական վարժարանից:

-Մոնթեի անունը կրող վարժարանում սովորելը պատիվ է ու հպարտություն,- համոզված է Վահեն:

-Մենք էլ հպարտ ենք, որ մեր դպրոցական ավագ ընկերն այստեղ է սովորում, որ ինքը բանակին օգտակար կլինի կրթօջախում ստացած իր գիտելիքներով,- ասում է Արտավազդ Մակարյանը:

-Գիտեի, որ Վահեն այստեղ է սովորում, հիմա տեսա նաեւ, թե ինչ պայմաններում է սովորում: Անկեղծ ասած՝ ինձ էլ հետաքրքրեց, հրապուրեց, թեև ապագա մասնագիտության հարցում վերջնական կողմնորոշումս դեռ հստակ չէ, ծնողներիս հետ կխորհրդակցեմ, գուցե ես էլ համալրեմ մոնթեականների շարքերը,- անկեղծանում է իններորդցի Արսեն Մխիթարյանը:

Մերի Գոքորյանը եւս հիացմունքը չի թաքցնում.

-Հիացած եմ գեղատեսիլ բնությամբ, տպավորված եմ վարժարանի շենքային համալիրի ճարտարապետական հրաշալի ու ներդաշնակ լուծումով: Ինձ գրավեց նաեւ լեզուների հանդեպ մեծ ուշադրությունը՝ անգլերեն, ռուսերեն, հունարեն, ֆրանսերեն…Վարժարանի սաների կիրթ պահվածքը, վարվեցողության կանոններին գերազանց տիրապետելը եւս նկատելի է: Վարժարանում սովորողներն ակնհայտորեն տարբերվում են իրենց շատ հասակակիցներից: Մեր Վահեն էլ ավելի պատասխանատու, ավելի ուշադիր, ավելի պարտաճանաչ է դարձել, միայն դրական փոփոխություններ նկատեցինք: Շատ կցանկանամ ուսումս այստեղ շարունակել:

***

Տարածքում շրջելուց, մոնթեականների հետ ճաշելուց հետո աշակերտները դահլիճում հանդիպեցին նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանին: Ալեքսանդր Մանուչարյանը հանգամանորեն ներկայացրեց ռազմակրթական ծրագրերը, վարժարան ընդունվելու կարգը:

Հանդիպման ավարտին մոնթեականները աշակերտներին նվիրեցին Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը» գիրքը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (1530) 9.05.2024 - 15.05.2024, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/05/2024