Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ



ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ – Բանակը մեր երկրի համար եկեղեցու նման կարեւոր մի բան է: Ես մաղթում եմ, որ բանակային առօրյայում տիրեն սերն ու անկեղծությունը, եւ այն զինվորի համար հարազատ տան պես լինի: Ես պատերազմ տեսել եմ ու չեմ ուզում, որ այն կրկնվի: Միշտ ասում եմ, որ խաղաղությունն իմ երեխաներից շատ եմ սիրում, որովհետեւ, խաղաղությունը սիրելով, ես սիրում եմ բոլոր երեխաներին: Մեր երեխաներին դաստիարակենք միայն սեփական օրինակով, այլ ոչ թե երկար ճառերով, որպեսզի նրանք արժանի լինեն հարգանքի, հասկանան իրենց ծառայության կարեւորությունը, որպեսզի թերություններն ու դեպքերը վերանան:
♦♦♦
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ – Շնորհավոր ծնունդդ, Բանա՛կ: Թող քո զինվորը լինի ոգով զորեղ, քանի որ ոգին է մեր լինելիության անկյունաքարը, թող նրա արիությանը գումարվի կարգապահությունը, ռազմական տաղանդին՝ անկոտրում կամքը, ուզում եմ հայ զինվորները միշտ առողջ լինեն, միշտ ուժեղ ու անվախ լինեն… Թող կամավոր ծառայության գնացողների հերթեր գոյանան, ինչպես որ գոյանում էին այն կամավորներից, որոնք պատրաստ էին Արցախի ինքնապաշտպանության համար իրենց կյանքը զոհել: Շնորհավորում եմ հայ ժողովրդին, որ ունի պատիվ՝ սեփական բանակ ունենալու: Թող մեր զինվորականները փառքով ու պատվով կատարեն իրենց սուրբ գործը՝ հայրենիքի սահմանների պաշտպանությունը, իսկ մենք երախտապարտ ենք նրանց դրա համար:
♦♦♦
ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ – Շնորհավորում եմ բոլորիս, մեր հայոց բանակը 20 տարեկան է: Ես բանակի ծնունդը համեմատում եմ որդուս ծննդի հետ, որովհետեւ մայրական բերկրանքի պես զորեղ բան է հայկական բանակի ծնունդը ինձ համար: Անցել է 20 տարի, այսօր բանակում ծառայում են անկախ Հայաստանում ծնված տղաները, որոնք շատ զրկանքների միջով են անցել: Նրանց տարիքին էին նաեւ այն տղաները, որոնք ինքնակամ մեկնեցին պայքարի՝ հայրենիքն ու ժողովրդի լինելիության իրավունքը պաշտպանելու: Այսօրվա երիտասարդությունը մեր բանակի ուժն է, եւ ես հաճախակի հանդիպումներից եկել եմ այն եզրակացության, որ մեր տղաները համախմբված են, ակտիվ ու կիրթ: Նրանք ունեն մեկ ընդհանուր նպատակ`սատար լինել հային ու հայրենիքին: Ուզում եմ, որ նրանց երբեք վտանգ չսպառնա։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրս ապագա զինվորի կերտման պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա:
♦♦♦
ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ – 20 տարի առաջ հիմք դրվեց Հայոց բանակի կազմավորմանը: Հայկական բանակը ստեղծվեց մեր ժողովրդի համար անհրաժեշտ ժամանակաշրջանում, եւ բանակի ստեղծումը սոսկ որոշում չէր, քանի որ այդ ճանապարհին մենք կորցրինք մեր ընկերներին: Թեեւ հայկական բանակը դեռ երիտասարդ է, բայց արդեն ձեւավորվել են նրա հիմնական գծերը՝ մարտունակ, ուժեղ և խրոխտ։ Շնորհավորում եմ բոլոր զինվորներին, երկրապահ կամավորներին, սպայական կազմին, գեներալներին ու ողջ հայ ժողովրդին։ Թող մեր զինծառայողների մեծագույն սերն ու սրբությունը հող հայրենին լինի, թող ծառայեն հավատով ու հպարտությամբ, իսկ որդուն բանակ ճանապարհած ծնողը ցնծությամբ դիմավորի տուն դարձող իր զինվորին:

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

♦♦♦

Հունվարի 26-ին ՄԷՍԻԻ բազային քոլեջում տեղի ունեցավ հայոց բանակի 20-ամյակին նվիրված հուշ-միջոցառում: Ուսանողները հյուրընկալել էին Արցախյան ազատամարտի հերոսներ «Արծիվ-Մահապարտ» ջոկատի հրամանատար Սպարտակ Մաթևոսյանին, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանին, պատմության ուսուցիչ, բանաստեղծ Հակոբ Ասլանյանին, գրականագետ Գրիգոր Ջանիկյանին, որը իր ստեղծագործություններով անմահացրել է հերոսամարտիկներին` ապագա սերունդներին ավանդ թողնելով մեր արցախյան հերոսապատումը:

Ազատամարտիկները պատմեցին իրանց անցած դժվարին ուղու մասին, հայրենասիրական դասեր տվեցին ուսանողներին: Մտերմիկ զրույցում պատանիները պատկերացում կազմեցին Արցախյան դժվարին գոյապայքարի, մեր ազատամարտիկների քաջագործությունների, անվեհեր ու անկոտրում ոգու, մեր հայոց բանակի կազմավորման մասին: Ուսանողները իրենց երախտիքի խոսքն ասացին գրական- երաժշտական միջոցառմամբ, որի ժամանակ հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, ուսանողները երդվեցին անվեհեր պահել մեր ազգային ոգին և հայոց բանակի պատիվը:

ՆԵԼԼԻ ԳԱԼՍՏՅԱՆ
«Զինվորի քույր» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Բանակ և հասարակություն


08/02/2012