Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՏՈՂ, ՍՏԵՂԾՈՂ, ՊԱՅՔԱՐՈՂ…



ԱՇԽԱՏՈՂ, ՍՏԵՂԾՈՂ, ՊԱՅՔԱՐՈՂ...Սահմանամերձ համայնքներում զինվորը, նրա ծառայությունը անչափ կարևորվում են: Յուրաքանչյուր բնակիչ քաջ գիտակցում է, որ դիրքապահի շնորհիվ է մեր գյուղացին վստահ գնում սահմանին մոտ իր հողակտորում աշխատանքներ կատարելու, իր առօրյա բանուգործին լինում: Պատահական չէ, որ սահմանամերձ բնակավայրերից պայմանագրային ծառայության անցնողների թիվը բավական մեծ է: Հայրենի հողի պաշտպանության արժեքն առավել քան լավ իմացող բնակիչները ոչ միայն սեփական տունուտեղն են պաշտպանում, այլև Հայրենիքի ծառայությանը նվիրվելու խոսուն օրինակ հանդիսանում: Այդպիսին է նաև Կարեն Փաշինյանը Պառավաքար գյուղից: Սահմանված օրերին նա դիրքերում է կամ զորամասի ուսումնական կետերում, իսկ ազատ ժամանակ գյուղի չարքաշ աշխատանքով է զբաղված: Իր ծառայությամբ սահման է պահում, բայց նաև գյուղում սահմանապահի թիկունքն է ամուր պահում:

 

-Մեր ընտանիքը Պառավաքար գյուղի հնաբնակներից է: Սերոբ պապս այստեղ է մեծացել իր եղբոր, քրոջ հետ: Հետագայում նրանք ուսում են ստացել, պաշտոններ զբաղեցրել: Պապս 17 տարի եղել է կոլխոզի նախագահ, եղբայրը՝ շրջկոմի քարտուղար, իրենց քրտինքով, արդար աշխատանքով առաջ են գնացել: Իրենց ձևավորած նիստուկացով մեր գերդաստանը առաջնորդվում է մինչև հիմա, այժմ ես եմ ավանդույթները պահում, ինձանից հետո էլ որդիս՝ Սևակն է շարունակելու։

Ազատամարտի տարիներին հայրս՝ Սերժիկը, գնում էր կռվող տղաների մոտ, հարցուփորձ անում՝ տղե՛րք, էսօր կռիվ տվի՞ք, կրակեցի՞ք, պատմեք, ու իր տետրում գրանցում էր: Ասում էի՝ ա՛յ հեր, ինչի՞ ես գրում, պատասխանում էր՝ սա մեր գյուղի պատմությունն է, մի օր կհրատարակենք, հիշողություն է, որ պետք է փոխանցել ապագա սերունդներին: Թող իմանան հայրենի հողը ոնց պիտի պաշտպանել: Ու տարիներ անց նրա գրածները դարձան գրքույկ՝ «Հուշապատում» վերնագրով:

Սահմանին մոտ ապրելով՝ մանկության տարիներից կրակոցների ձայները լսել, զգացել ենք պատերազմի շունչը, տեսել ենք հրետակոծության հետևանքները, երբ հարևանի տունը քանդվել էր, մեր տունն էլ՝ վնասվել: Մեծացել ենք մի միջավայրում, որն ինքնին ենթադրում էր հայրենիքին նվիրվածություն, այն պաշտպանելու, զարգացնելու պատրաստակամություն: Գյուղից զինվորականներն էլ շատ էին, նաև նրանցով ենք ոգևորվել ու մեզ առավել պաշտպանված զգացել:

Տարբեր զբաղմունքներ եմ ունեցել, սակայն 2016 թվականին ավելի լավ ապրելու, ավելի լավ աշխատանք ունենալու նպատակով անցա պայմանագրային ծառայության: Շատ գոհ եմ, ծառայում եմ սահմանված օրերը, հետո էլ տանն եմ, իմ առօրյա հոգսերն եմ հոգում, հող մշակում, բերք ու բարիք ստեղծում: Հրամանատարությունը լավատեղյակ է գյուղացու հոգսերին, աջակցում, օգնում է, այնպես է կազմակերպում ծառայությունը, որ բոլորն էլ հասցնում են տան գործերն ավարտել, հատկապես հողագործական ակտիվ աշխատանքների շրջանում: Իհարկե, ծառայությունն առաջնահերթ է: Երբեմն անհրաժեշտ է լինում հավելյալ առաջադրանքներ կատարել, ավելի երկար մնալ զորամասում: Մեր գյուղի պաշտպանությանը վերաբերող ամեն մի մանրուք հօգուտ մեր երեխաների է ու պիտի անխոս կատարվի: Եթե գիտեմ՝ գործ կա, անհամբեր հեռախոսին եմ նայում, սպասում, որ զանգեն, կանչեն։ Տան գործերը գիշերն էլ է հնարավոր անել կամ հաջորդ օրը:

ԱՇԽԱՏՈՂ, ՍՏԵՂԾՈՂ, ՊԱՅՔԱՐՈՂ...Շուտով 50 տարիս կբոլորի, ուզում եմ էլի ծառայել, պիտանի լինել իմ երկրին, իմ գյուղին: Այստեղ իմ հողն է, իմ տունն է, իմ պապական օջախն է, եթե զինծառայող էլ չլինեի, միևնույն է, ամեն ինչ անելու էի իմ հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման համար: Տարիներ անց ծառայությունից հետո ես էլի դիրքապահ եմ լինելու՝ իմ էությամբ, ապրելակերպով:

Երկրից դուրս ապրող ընկերներ, հարազատներ ունեմ, հիմա էլ կանչում են «լավ գործերի», բայց ես գնալու տեղ չունեմ, ոչ էլ ցանկություն: Որտեղից էլ կանչեն, ասում եմ՝ չէ՛, այստեղ է իմ ու երեխաներիս ապագան: Ամեն ինչ փողով չի չափվում, ասենք, գնացի, բա իմ հորն ու մոր գերեզմանը, էս տունը, որի ամեն անկյուն նրանց է հիշեցնում, ո՞ւմ թողնեմ: Գյուղում էլ կարելի է լավ, գեղեցիկ ապրել: Ուրախալի է, որ ինձ պես մտածողները գյուղում շատ են: Արտագնա աշխատանքի մեկնողներ կամ պարզապես գյուղից տեղափոխվողներ քիչ են նաև պայմանագրային ծառայության շնորհիվ, որը պատրաստված ու նվիրված մարդկանց համար աշխատատեղ է ապահովում: Մեզ մոտ զարգացած է խաղողագործությունը, ընդհանրապես հող մշակելը հարգի է: Բնակչության ընդհանուր տրամադրվածությունն այնպիսին է, որ մնան գյուղում, աշխատեն: Պառավաքարցին ստեղծող է, աշխատող, պայքարող: Այսօր ոմանք ուզում են, որ իրենց երեխան Հայաստանում չապրի, գնա արտասահման: Ընտրությունն իրենցն է, ես չեմ կարող որևէ մեկին ասել՝ չէ՛, մի՛ գնա, բայց ես կուզեմ, ավելի ճիշտ, այնպես եմ դաստիարակում երեխաներիս, որ ապրեն իրենց հայրենիքում, լավ սովորեն, զարգացնեն իրենց ծննդավայրը: Ամենակարևորը,  չթողնեն այս տունը, որ չորս սերունդ է մեծացրել: Հին, թե նոր, մի քիչ մրոտ, բայց ավանդույթներ ձևավորող ու փոխանցող պապական օջախ է, տուն, որի ջերմությունը, քաղցրությունը, հարազատությունը, հանգստությունը որևէ այլ տեղ չես ունենա: Ես 5 տարի դրսում եմ ապրել ու անընդհատ կարծես հյուրի կարգավիճակով եմ եղել, ինչ-որ առումով նաև վախվխելով եմ ապրել: Հնարավոր է՝ գյուղում շատ փող չունենաս, բայց ոտքդ ամուր է հողին, մարդավարի քո տանն ես ապրում՝ շրջապատված հարազատներով: Տեսեք, դիրքերից իջնելուց հետո հարևանն է գալիս մեր տուն, բարեկամը, էսօր էլ հյուր ունեի, արհեստավորի հետ գործ էինք անում: Մեկս մյուսի խնդիրներով է ապրում, փորձում օգտակար լինել, իսկ դրսում ո՞վ է քեզ ճանաչում, ո՞վ դժվար պահին կողքիդ կլինի:

Ֆինանսական բարեկեցության առումով գյուղն էլ վատ տեղ չի, եթե աշխատես՝ ամեն ինչ էլ կունենաս: Շատերս ապրում ենք ինչ-ինչ սպասումով, հույսով, որ լավ կլինի: Բայց ումից ենք սպասում այդ լավը, չգիտեմ: Մի բանում եմ վստահ՝ այդ լավը մենք ինքներս պետք է ստեղծենք, մեր ուժերով, ընկերներով: Ուղղակի լավ արդյունքի համար հարկավոր է չարչարվել, ինչը շատերը չեն ուզում:

Կարող եմ ասել, որ իմ ընտանիքում չարչարվելու ու դրա արդյունքը վայելելու արժեքը լավ են հասկանում: Բոլորն են ինձ թևութիկունք, ամեն մեկը յուրովի: Հատկապես կինս՝ Մարիամը, ինձ շատ է օգնում: Զինվորականի ընտանիք է, դժվարություններ շատ կան, բայց հարմարվել ենք արդեն, միասին հաղթահարում ենք: Հերթափոխի ժամանակ 15 օր տանը չեմ լինում: Տան տղամարդը տանը չէ, բայց աշխատանքները կատարվում են, որ ամեն ինչ հասցնենք: Ամեն օր համոզվում եմ՝ կնոջ հարցում ճիշտ ընտրություն եմ կատարել, իմ երեխեքին պահում, բոլոր գործերն էլ տեղը տեղին անում է, իսկ գյուղում, գիտեք, հեշտ գործ չկա։ Հուսով եմ՝ իմ ու կնոջս օրինակով մեր երեխաները կսիրեն իրենց ծննդավայրը: Աղջիկներս՝ Արևիկն ու Յանան, որդիս՝ Սևակը, իրենք են կազմակերպելու իրենց կյանքը: Թող սովորեն, գիտնական, ակադեմիկոս դառնան, լավ գործ ունենան քաղաքում, բայց շատ եմ ուզում, որ գյուղը, մեր պապական տունը չմոռանան: Անցյալի ու ներկայի այդ կապն է մեզ ամուր պահում մեր հողին, ավելի ուժեղ դարձնում: Ես ուզում եմ, որ իմ ընտանիքը, գյուղը միշտ ուժեղ լինի, սահմանը՝ ամուր:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1531) 16.05.2024 - 22.05.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/05/2024