ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։
Այսօր մեր պետությունը աղջիկներին տալիս է հնարավորություն ավելի մոտիկից շփվելու զինվորական գործին, մարզվելու, կրթվելու, դառնալու պրոֆեսիոնալ զինվորական և նվիրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Ժամանակի հրամայական է՝ մտածել համընդհանուր պատրաստվածության մասին. զենքից օգտվել պիտի կարողանան բոլորը` և՛ տղաները և՛ աղջիկները: Եվ այն աղջիկները, որոնք կնախընտրեն զինվորական համազգեստը, վստահ եմ՝ խորապես կգիտակցեն իրենց առաքելությունը: Վստահ եմ նաեւ, որ նրանց թիվը գնալով մեծանալու է:
ԿԱՐԻՆԵ ԻՍՈՅԱՆ
արեւելագետ
Մեր կառավարությունը հնարավորություն է ընձեռում 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին կամավորության հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու բանակում։ Ուսումնասիրելով օրենքում տեղի ունեցած փոփոխությունները, մեծ ոգևորությամբ, բայց ափսոսանքով ասում եմ, որ այս ծրագիրը ավելի վաղ պիտի իրագործվեր։ Չէ՞ որ բազմաթիվ զարգացած երկրներում կանայք վաղուց են ներգրավված տարբեր համակարգերում, և սա մեծ հնարավորություն է՝ իրագործելու կանանց ու նազելի օրիորդների նվիրական երազանքները՝ ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում, լինել նեցուկ զինվորին, գաղափարներով ու գործունեությամբ պիտանի լինել Հայրենիքին: Ու եթե ես էլ հիմա ունենայի հնարավորություն, սիրով կօգտվեի պետության կողմից իրականացվող ծրագրերից ու սահմանված արտոնություններից…
ԻՐԻՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
սցենարիստ
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #18 (1531) 16.05.2024 - 22.05.2024, Բանակ և հասարակություն