ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՏԻՎ Է ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոնի պետ, գնդապետ Ռոման Կարապետյանը մասնակցել է ատեստավորման քննություններին և «գերազանց» արդյունքներ է գրանցել բոլոր առարկաներից։ «Այլ արդյունք ինձ համար ընդունելի չէր լինի»,-ասում է գնդապետը:
Ռոման Կարապետյանը ծնվել է Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում, մարզիկի ընտանիքում։ Հայրը ֆուտբոլիստ է եղել, երկար տարիներ մարզադպրոցի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, մարզիկների մի քանի սերունդ պատրաստել։ Ռոմանն ու իր կրտսեր եղբայրը հոր հետքերով են գնացել և դեռ փոքրուց սպորտով են զբաղվել: Այժմ երկուսն էլ սպայի ուսադիրներ են կրում։
-Երեխա էի, երբ պատերազմին զուգընթաց ձևավորվում էր ազգային բանակը,- ասում է գնդապետ Կարապետյանը: -Փոքր էի, շատ բան չէի հասկանում դեռ, բայց մեծ հարգանքով էի լցվում զինվորական գործի ու համազգեստի հանդեպ։ Տարիներ անց գիտակցեցի, որ ինքս էլ պետք է ներդրում ունենամ ՀՀ բանակի կայացման գործում։ Միշտ մտածել եմ, որ զինվորական պետք է դառնան կամքի ուժ ունեցող, կոփված մարդիկ։ Աշխատեցի ինքս ինձ վրա: 2005 թվականին ավարտեցի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտը և որպես ժամկետային զորակոչվեցի բանակ։ Այստեղ իմացա, որ բարձրագույն կրթություն ունեցող զինվորները կարող են ավարտել վեցամսյա դասընթացը և ծառայության անցնել զորքերում որպես սպա։ Սա լավ հնարավորություն էր ինձ համար՝ համատեղելու զինվորական գործն ու սպորտը: Ավարտեցի դասընթացը, ստացա «լեյտենանտի» կոչում, շարունակեցի ծառայությունս ՀՀ զինված ուժերում։ Եղբայրս էլ է զինվորական, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում ֆիզիկական պատրաստության և սպորտի պետն է։
Շուրջ երկու տասնամյակ զինված ուժերում ծառայող Ռոման Կարապետյանը զորային օղակներում տարբեր ստորաբաժանումների կազմում զբաղվել է զինծառայողների ֆիզիկական պատրաստության խնդիրներով, ծառայել է սահմանամերձ զորամասում, իրականացրել մարտական հերթապահություն։
-Ծնունդով սահմանամերձ մարզից եմ։ Այնպես որ, ինձ համար մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայելը ոչ միայն պատվաբեր է եղել, այլև՝ պարտավորեցնող։
Բազմավաստակ սպան 44-օրյա պատերազմի մասնակից է։ Սանկտ Պետերբուրգում վերապատրաստման դասընթացի էր մասնակցում, երբ իմացավ, որ պատերազմ է սկսվել: Անմիջապես վերադառնալով հայրենիք՝ կամավոր մեկնեց ռազմաճակատի թեժ կետերից մեկը:
-Որպես զինվորական ու հայ մարդ՝ ես իմ պարտքն եմ համարել զինակից ընկերներիս կողքին լինել, պաշտպանել Հայրենիքիս սահմանները,- իր որոշումն այսպես է բացատրում գնդապետը:
Գնդապետ Կարապետյանը պատմում է իր ներկայիս պարտականությունների, անելիքների մասին:
-Սպորտն ինձ համար ամեն ինչ է։ Նույն կերպ ձգտում եմ ոգևորել կուրսանտներին: Ցանկացած մարդու համար ֆիզիկական լավ մարզավիճակը կարևոր է, զինվորականի համար՝ առավել ևս։ Ռազմական ակադեմիայում մենք անում ենք առավելագույնը, որպեսզի մեր ապագա սպաները բազմակողմանիորեն պատրաստված մեկնեն իրենց ծառայավայրերը։
Մեր ծառայությունն սկսվում է առավոտյան մարզանքով, ֆիզպատրաստությունը շարունակվում է մինչև ուշ երեկո։ Ապահովում ենք կուրսանտների ֆիզիկական պատրաստության գերազանց աստիճանը, նաև դաստիարակում ենք նրանց կամային որակները, կոփում ենք, ամուր ոգի ձևավորում: «Առողջ մարմնում՝ առողջ ոգի» կարգախոսը միշտ արդիական է։ Պարբերաբար անցկացնում ենք սպորտային միջոցառումներ, ակադեմիայում գործում են նաև մարզական տարբեր խմբակներ, որոնք ղեկավարում են արհեստավարժ մարզիչները, իսկ կուրսանտները հաճախում են մեծ սիրով ու ոգևորությամբ։ Այսպես նրանց ուսումն ու ծառայությունը ավելի հետաքրքիր ու գրավիչ է դառնում։ Բոլոր մարզումները նպատակաուղղված են որոշակի հմտություններ ձևավորելուն։ Ձիասպորտն, օրինակ, մշակում է պատասխանատվության զգացում, նաև սեփական կամքը թելադրելու հմտություն։ Սուսերամարտը զարգացնում է ճարպկություն, ճկունություն և արագություն։ Մարտական սամբոն և բռնցքամարտն առաջին հերթին սեփական ուժերի հանդեպ վստահություն են ներշնչում։ Լեռնագնացությունն ու դահուկային սպորտը ուժի ու դիմացկունության արտահայտություն են։
Ռազմական ակադեմիան համագործակցում է Լեռնային պատրաստության և տուրիզմի ֆեդերացիայի, մարզական այլ կառույցների հետ։
-Մեր կուրսանտները հաղթահարում են լեռնագագաթներ, ինչին նախապատրաստվելու նպատակով ակադեմիայի տարածքում հատուկ աշտարակը կամ կիսակառույց շենքերն են մագլցում,- ասում է գնդապետը: -Դահուկային սպորտի ֆեդերացիայի աջակցությամբ մարզումներ ենք կազմակերպում Աշոցքի ուսումնական կենտրոնում։ Կուրսանտներն ապահովված են դահուկներով և լեռնագնացության համար անհրաժեշտ պարագաներով։ Բոլոր մարզումները նրանց հետագա ծառայության համար անհրաժեշտ հմտություններ են ձևավորում։
Առավոտյան մարզանքից սկսած՝ վերահսկում ենք ուսումնական բոլոր պարապմունքները,- շարունակում է գնդապետ Կարապետյանը,- համեմատաբար թույլ արդյունքներ ցուցաբերող կուրսանտների հետ հավելյալ պարապմունքներ ենք անցկացնում, օգնում, որ հասնեն իրենց ընկերների մակարդակին։
Դասախոսների, մարզիչների համախմբված, թիմային աշխատանքի շնորհիվ զգալի հաջողություններ ենք արձանագրում: Արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են։ Օրինակ՝ մինչև ակադեմիա ընդունվելը մենապայքարային մրցաձևերի հետ որևէ առնչություն չունեցած կուրսանտներից մեկն այս տարի զինված ուժերի բանակային ձեռնամարտում առաջին տեղն է գրավել։ Մեր տղաները համաբանակային մրցումներում միշտ բարձր տեղեր են զբաղեցնում։
Գնդապետ Կարապետյանը ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված առաջին զինվորականներից է:
-Ատեստավորման գործընթացը գիտելիքների ու հմտությունների նվազագույն ամբողջությունն է, որոնց զինվորականը պետք է տիրապետի։ Այն նաև բարեկեցիկ կյանք ունենալու, սոցիալապես լիովին ապահով դառնալու լավ հնարավորություն է։ Գաղտնիք չէ, որ զինվորականի կյանքը կտրուկ փոխվում է ատեստավորումից հետո։ Ես միշտ մեր զինծառայողներին ասում եմ. «Համարեք, որ գումարը պարզապես ձեր ոտքերի մոտ է. պետք է ընդամենը մի փոքր ջանք գործադրել ու վերցնել»։
Սեփական ուժերիս վստահ լինելով հանդերձ՝ սկսեցի պարապել քննական առարկաները։ Իմ առջև խնդիր դրեցի՝ բոլոր քննություններից պետք է «գերազանց» գնահատական ստանամ։ Որպես արհեստավարժ զինվորական, ստուգող հանձնաժողովի անդամ՝ իրավունք չունեի դրանից ցածր գնահատական ստանալ։ Շաբաթական երեք օր տրամադրում էի ատեստավորմանը նախապատրաստվելուն։ Արդյունքում՝ բոլոր առարկաներից «գերազանց» արդյունք գրանցեցի։ Հրաձգության ժամանակ բոլոր թիրախները մեկական փամփուշտով եմ խոցել։
Գնդապետ Կարապետյանի գործունեության ոլորտը շատ կարևոր է, աշխատանքը՝ շատ: Այժմ արդեն նոր եռանդով կծառայի Հայրենիքին՝ անձնական օրինակով ոգևորելով ծառայակիցներին ու ապագա սպաներին:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ և ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ
Խորագիր՝ #18 (1531) 16.05.2024 - 22.05.2024, Ազգային բանակ