Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՆՈՐԱՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ



ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՆՈՐԱՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈրակյալ եւ մրցունակ կրթություն, ապագայի հանդեպ հստակ տեսլական՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը 15-18 տարեկան պատանիներին ու աղջիկներին հրավիրում է սովորելու:

 

Դիլիջանյան հրաշագեղ բնության գրկում է գտնվում մեր հանրապետության լավագույն կրթօջախներից մեկը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որտեղ ուսումնառության համար ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող գերազանց պայմաններ։

Վարժարանը տարբերվում է ոչ միայն իր ուղղվածությամբ, այլ նաեւ ընձեռած բազում հնարավորություններով:

-Վարժարանում հանրակրթական ավագ դպրոցի ծրագրով նախատեսված բոլոր առարկաներին զուգահեռ ուսուցանվում է նաեւ ռազմագիտական 9 առարկա,- նշում է վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանը,- վարժարանի կարգախոսն է՝ «Ճանապարհ դեպի բարձունք», որը միայն կարգախոս չէ, մենք հարթում ենք այդ ճանապարհը մեր սաների հետ միասին: Կրթօջախը քայլում է ժամանակին համահունչ, պարբերաբար թարմացվում են ռազմակրթական ծրագրերը: Ունենք նորություններ ինչպես ռազմագիտական առարկաներից, այնպես էլ կրթական բաղադրիչի հետ կապված, նորություն ունենք նաեւ կրթաթոշակի հետ կապված՝ հաջորդ ուսումնական տարվա սկզբից մեր բոլոր սաների համար միանվագ կսահմանվի 15.000 դրամ կրթաթոշակ, միջին առավելություն համար՝ 30 հազարական եւ գերազանց առաջադիմության համար՝ ընդհուպ մինչեւ 45 հազար դրամ ամսական կրթաթոշակ, ինչը, բնականաբար, սաների առաջադիմության համար լրացուցիչ խթան կհանդիսանա: Վարժարանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՊՀ-ի հետ, մոտ օրերս նմանատիպ հուշագրեր կկնքենք նաեւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հետ:

***

Վարժարանում ավարտական փուլ է, շրջանավարտների գերակշիռ մեծամասնությունը ուսումնառությունը նախընտրել է շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, Ստյոպա Մելքոնյանն էլ նրանցից մեկն է:

Վարժարանի լավագույն սաներից է Ստյոպան:

-ԱԹՍ-ի կառավարման ոլորտն ինձ ավելի սրտամոտ է: Ժամանակակից մասնագիտություն է, նորագույն տեխնոլոգիաները, մոդելավորումները ինձ հրապուրում են, վարժարանն ինձ ամեն ոլորտից էլ հիմնարար գիտելիքներ է տվել:

Զինվորականի ընտանիքում է մեծացել Ստյոպան:

-Մանկուց տեսել եմ կարգուկանոն, կարգապահություն, ապրել ենք զինավանում: 15 տարի այդ միջավայրում եմ ապրել, վաղ առավոտից տեսնում էի՝ ոնց են զինվորականները երգում, շարային քայլքով անցնում, մարզվում, պարապում: Ինձ գրավեց զինվորական համազգեստը… Ես ամբողջովին պատկերացնում եմ նաեւ զինվորական կյանքի բոլոր դժվարությունները, պարզ գիտակցում, որ զինվորական փայլփլուն ուսադիրների հետեւում ամեն ինչ չէ, որ փայլուն է. հայրս պատերազմների մասնակից է, ես տեսել եմ մեր տան սպասումը, անհանգստությունը, տագնապները, երբ նա օրերով տուն չէր գալիս, բայց, միեւնույն է, մեկ րոպե չեմ երկմտել մասնագիտությունս ընտրելիս: Ավագ եղբայրս՝ Միհրանը, նույնպես այս ճանապարհն է ընտրել, ինքն էլ է «Մոնթեն» ավարտել, հիմա ՌԴ ռազմական ակադեմիայում է սովորում: Մեզ համար օրինակ է հայրս, ինքը մարտական գործողությունների մասնակցությունից ոչինչ չի պատմել, պապս է պատմել ինձ այդ մասին, հորս զինակից ընկերները, բայց ես տեսել եմ նրա սերն ու նվիրումը: Ինձ համար ավագ ընկեր ու խորհրդատու է նաեւ մեր դասակի հրամանատար, մայոր Շահեն Սահակյանը՝ հայրենիքի իսկական նվիրյալ,- մեզ հետ կիսվում է շրջանավարտը:

Մոնթեական Ավետ Խաչատրյանը եւս զինվորականի ընտանիքից է, ավագ եղբայրը՝ Վաչիկը, նույնպես կրթօջախի շրջանավարտ է և այսօր ուսանում է արտերկրի ռազմական բուհերից մեկում:

– Հայրիկիս ու եղբորս ճանապարհով եմ գնում: Ի սկզբանե էլ ցանկություն ունեի այստեղ սովորելու: 44-օրյա պատերազմից հետո ցանկությունս ավելի մեծացավ, չէ՞ որ Հայրենիքին զինվորներ են պետք: Եվ ընկերներիս՝ Միքայելի, Մարտինի հետ միասին որոշեցինք «Մոնթե» ընդունվել, այս տարի էլ մեր մյուս ընկերը՝ Գոռը կմիանա մեզ: Մեր վարժարանում 9 ռազմական ուղղվածության առարկա ենք անցնում, կրթյալ ու գրագետ, ֆիզիկապես ամուր ու տոկուն սպաների հիմքն այստեղ է դրվում: Օտար լեզուներ սովորելու լայն հնարավորություն էլ կա, ֆրանսերեն եմ սովորում, հետագայում շատ կցանկանայի Ֆրանսիայում ռազմական կրթություն ստանալ: Բանակն ուժեղ է խելացի, գրագետ սպաներով,- ասում է Ավետն ու մեջբերում Մոնթեի խոսքը. «Ապացուցված է՝ գրագիտությունն ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտությունը»:

Մյուս զրուցակիցս՝ արթիկցի Լևոն Խաչատրյանն իր եղբոր՝ Վահեի խորհրդով է համալրել մոնթեականների շարքերը, եղբայրն էլ ժամանակին այստեղ է սովորել: Լեւոնն էլ ապագա սպա է, ուսումը հետագայում շարունակելու է ռազմական ակադեմիայում, ԱԹՍ ոլորտում:

-Այս մեկ տարվա ընթացքում շատ բան եմ հասցրել սովորել, բազմակողմանի գիտելիքներ ձեռք բերել, ազատ ժամանակ էլ մարզվում եմ, ժամանակակից վարժասարքերով մարզադահլիճ կա, լողավազան, ձեռնամարտի, ըմբշամարտի, վոլեյբոլի, թենիսի խմբակներ: Այստեղ ամեն րոպեն օգտակար ու նպատակային է սպառվում: Մի պարզ օրինակ բերեմ՝ դրսում հեռախոսները մի վայրկյան ձեռքներիցս վայր չենք դնում, այստեղ հեռախոսի կարիքն անգամ չենք զգում, այնքան հագեցած ու զբաղված է անցնում օրը, ամեն օր նոր հմտություններ ու նոր գիտելիք ենք ձեռք բերում, կոփվում ֆիզիկապես:

Ու այսպես ամեն օր հագեցած ու նպատակային է անցնում՝ կրթվում են, կոփվում, հմտանում մոնթեականները ու ճանապարհ հարթում դեպի նորանոր բարձունքներ…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1531) 16.05.2024 - 22.05.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/05/2024