Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ



I. Արդ, նախ, ամենից առաջ, հոգ տար խորհուրդների մաքրության համար, որի մասին ասում է մարգարեն. «Աստված փառավորված է Իր սուրբերի խորհուրդներում» [Սաղմ. ՁԸ 8]։ Ինչպես որ ծառան սպասում է իր տիրոջ հրամանին, այնպես [էլ] բոլոր զգայարանները կառավարվում են խորհուրդների միջոցով, քանզի բարին նախ խորհում են եւ ապա գործում, ինչպես դարձյալ ասում է մարգարեն. «Հղացավ ցավերը եւ ծնեց անօրենություն [Սաղմ. Է 15]։ Եվ նախ խորհուրդներով են սիրում եւ ապա տալիս պարգեւներ, ինչպես որ նախ Հոնաթանի հոգին կապվեց Դավթին, եւ ապա հանելով իր հանդերձները՝ հագցրեց նրան։ Եվ նախ խորհուրդներով են ատում եւ ապա սպանում, ինչպես որ Հովսեփի եղբայրները նախ ատեցին Հովսեփին եւ ապա [նրան] վաճառեցին Եգիպտոս։ Արդ, հայտնի է, որ բոլոր զգայարանները գործում են խորհուրդների միջոցով. ուստի դու ողջ զորությամբդ ջանա՛ եւ խորհուրդներդ մաքրի՛ր բոլոր աներեւույթ շնչական ախտերից։ Եվ առավել զգուշացի՛ր պոռնիկական խորհուրդներից, որի մասին էլ ասում է Տերը. «Շնացավ իր սրտում» [Մատթ. Ե 28]։ Եվ զգո՛ւյշ եղիր տեսնելիս ու լսելիս, քանզի տեսնելն ու լսելը խորհուրդների դուռն են։ Այս մասին է ասում առաքյալը. «Ոչ մի պղծություն ու պոռնկություն թող չհիշվի ձեր մեջ, ինչպես վայել է սուրբերին» [Եփես. Ե 3]։ Ինչպես որ մեկը քաղցած է, եւ քաղցը մոռացության է տրվել, բայց երբ առատ սեղան է տեսնում, այնժամ քաղցը բորբոքվում է եւ ստիպում ուտել, եւ դարձյալ՝ երբ մարդը ծարավ է, եւ ծարավը մոռացության է տրվել, բայց երբ հստակ աղբյուր է տեսնում, այնժամ ծարավը բորբոքվում է եւ ստիպում խմել, այնպես էլ մարդու մոտ՝ ցանկությունը, որ լռելով դադարում է, բայց երբ [մարդ] գեղեցիկ դեմք է տեսնում եւ կամ պոռնկական երգեր լսում, այնժամ ցանկությունը բորբոքվում է եւ ստիպում մեղանչել։ Ուստի դու արգելի՛ր տեսանելիքդ ու լսելիքդ, որպեսզի խորհուրդների պատերազմ չբարձրանա քո դեմ։

Արդ, ինչպես որ արծիվը թռչում է եւ թակարդի մեջ կերակուր տեսնում, զորությամբ իջնում է կերակուրը ճանկելու, եւ մագիլի ծայրը մնում է թակարդում, եւ այդ փոքրիկ մասի պատճառով նրա ողջ զորությունը թուլանում է, այնպես էլ պատահում է մարդու հետ, որ բռնվում է մի չնչին նայվածքով։ Եվ դարձյալ՝ եթե կամենում ես պոռնկական խորհուրդները հաղթել, հրաժարվիր ավելորդ կերակուրներից ու ըմպելիքներից։ Այս մասին է ասում Երեմիա մարգարեն. «Քեզ հագեցրի, Իսրայե՛լ, իսկ դու բոլոր քաղաքներում պոռնկանոցներ շինեցիր» [Երեմ. Ե 17]։

II. Աղտեղի խորհուրդների պատճառ է լինում այն, որ չարախոսում ես եղբորից, բամբասում, ատում կամ հպարտանում. այնժամ Քրիստոս Աստված խորհուրդներին թույլ է տալիս վրա հասնել ու խավարեցնել միտքդ։ Իսկ երբ լինում ես հեզ, խոնարհ, ողորմած, մարդասեր, խաղաղարար, այնժամ հալածում է խռովարար խորհուրդները, եւ միտքդ լուսավորվում է։ Աղտեղի խորհուրդների պատճառ է նաեւ այն, որ ծուլանում ես աղոթքից եւ աշխատասիրությունից, քեզ տալիս քնի ու հանգստյան. այնժամ սատանան խորհուրդների որոմը սերմանում է սրտիդ մեջ ու միտքդ խավարեցնում։ Իսկ երբ լինում ես արթուն, սթափ, աղոթող եւ խոհեմ, այնժամ գարշելի խորհուրդները հալածվում են, եւ միտքդ լուսավորվում է։ Աղտեղի խորհուրդների պատճառ է եւ այն, որ առավել զբաղվում են երկրավոր հոգսերով. այնժամ այլ խորհուրդների հետ խառնված նաեւ պոռնկական խորհուրդներ են մտնում եւ խավարեցնում միտքդ։ Իսկ երբ քեզ զսպում ես մարմնավոր խորհուրդներից, այնժամ հարատեւում ես հոգեւորի մեջ, եւ միտքդ լուսավորվում է։ Երբ խորհուրդները գալիս են, դու զարհուրի՛ր, մարտնչի՛ր, խոստովանի՛ր եւ ապաշխարի՛ր, որ [նրանց] չընտելանաս ու սովորես, այլ հաղթես։ Այս մասին է ասում առաքյալը. «Քակտում ենք խորհուրդներն ու խորհուրդների ամեն բարություն, ամեն միտք գերում ենք ի հնազանդություն Քրիստոսի» [Բ Կոր. Ժ 5]։

III. Արդ, ինչպես որ գողն իբրեւ զենք ունենալով խավարը՝ գալիս է գողանալու, այնժամ հալածվում է, այնպես էլ սատանան գող է եւ թուլացնում է քեզ, երբ միտքդ խավարած է տեսնում, այնժամ դու Քրիստոսի լույսը ծագեցրո՛ւ մտքիդ մեջ, եւ սատանան կհալածվի, եւ միտքդ կլուսավորվի, ինչպես որ Քրիստոս ասաց. «Ես եմ աշխարհի լույսը» [Յովհ. Ը 12]։ Եվ մի փոքր ժամանակ իսկ մի՛ թող, որ պոռնկական խորհուրդները հապաղեն քեզ մոտ, հիշի՛ր տերունական ահարկու խոսքերը, որ ասաց, թե՝ «Շնացավ իր սրտում» [Մատթ. Ե 28]։ Եվ ինչպես որ մինչեւ թշնամիների գալը նախ քաղաքը պարսպում են, այնպես էլ դու նախ պահքով, աղոթքով ու արտասուքով պարսպի՛ր միտքդ. Աստված ջանքդ կտեսնի եւ միտքդ կլուսավորի։

Փոքր մի՛ համարիր խորհուրդների հանցանքները, քանզի հպարտությունը, նախանձն ու ատելությունը խորհուրդներով են լինում եւ մեծամեծ մեղքեր են։ Ինչպես որ` քանի դեռ թշնամին ամրոցից հեռու է, դյուրավ կարելի է զգուշանալ նրանից, իսկ երբ հարձակվելով գրավի ամրոցը եւ ներս մտնի, այնժամ դժվար է այնտեղից նրան հանել, այդպես եւ դու, քանի դեռ խորհուրդների պատերազմը մտքիդ ամրոցից հեռու է, զգուշացի՛ր նրանից, իսկ երբ հարձակվելով գրավի ամրոցդ եւ ներս մտնի, այնժամ առավել նեղություն կպատճառի քեզ։ Ուստի դու զորացի՛ր ու խորհուրդներդ միշտ աստվածահաճո պահիր, որպեսզի Սուրբ Հոգու տաճար դառնաս, քանզի Նրան վայել է փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ հավիտյանս. ամեն։

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Հոգևոր-մշակութային


08/02/2012