ԴԵՊԻ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՈՒԽՏԻ…
Արդեն մեկ ամիս էր` Գագիկից ոչ մի լուր չկար: Կինը՝ Սուսաննան, անքուն, անդադար երեք երեխաների հետ իր տեղը չէր գտնում: Ամուսնու ընկերների դռներն էր ծեծում՝ լուր չունե՞ն: Տուն էր գալիս, ու թե լույս էր լինում, աչքը չէր կտրում հեռուստաէկրանից, ականջը ռադիոյի լուրերին էր: Իսկ Մարտակերտում անհավասար մարտեր էին ընթանում: Վեդի քաղաքի շրջակա գյուղերի ազատամարտիկներից կազմված «Արծիվ» գումարտակի տղաներն այնտեղ էին: Այդ գումարտակի կազմում էր նաեւ ամուսինը՝ Գագիկ Սահակյանը: Ծանր օրեր էին: Շրջանի եղբայրական գերեզմանատներում հողին էին հանձնել Լյովայի, Վահագնի, Լոլիտայի, Լեւոնի աճյունները… Սպասման ծանր օրեր էին, ժամեր, վայրկյաններ… Մութ ու ցուրտի հետ անհանգիստ տրոփում էին ռազմադաշտում գտնվողների մայրերի, կանանց, զավակների, հարազատների սրտերը…
Մի օր էլ Սուսաննան կեսքուն-կեսարթուն, իրականության ու տեսիլքի նմանվող մի երազ տեսավ՝ ինքը Խոր Վիրապի եկեղեցում է, կողքին Գագիկն է, իր մարտական ընկերներն ու նրանց կանայք: Ուխտի որոշումը կայացված էր, ու դեռ լույսը չբացված` Սուսաննան ամուսնու ազատամարտիկ ընկերների կանանց հետ Խոր Վիրապ տանող ճանապարհին էին: Քայլում էին բոկոտն, ամեն մեկի ձեռքին մի աքաղաղ: Վանաշեն գյուղի մոտով անցնելիս նրանց էլի ուխտավորներ միացան: Այդպես անցան Ոսկետափ, Նոր Կյանք գյուղերով: Վարորդները, զարմացած մարդիկ իրար հարցնում էին, թե ուր են այսպես գնում կանայք, ինչի համար, ու երբ իմանում էին եղելությունը, կանգնում էին ու առաջարկում մեքենայով տեղ հասցնել, սակայն կանայք, ինչպես նաեւ նրանց միացած մայրերն ու քույրերը, հրաժարվում եւ քայլում էին այդպես ոտաբոբիկ…
Երբ տեղ հասան, Խոր Վիրապի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը, ընդառաջ գալով հայուհիներին, իմանալով եղելությունը, տեսնելով նրանց արնոտած ոտքերը, արցունքից ու քրտինքից կարմրած դեմքերը, հուզվեց, ու նրա ձյուն-ճերմակ մորուքին արցունքի կաթիլներ գլորվեցին.
-Զավակնե՛րս, Աստված թող ընդունելի անի ձեր մատաղները, ձեր աղոթքները լսելի են Աստծուն, եւ Աստծո աջը ձեր այրերին պահապան կլինի…
Խոր Վիրապի սուրբ Աստվածածին վանքում վառվում էին մոմերը, եւ ծեր քահանայի խոսքերի հետ առատ արցունքներ էին գլորվում հայ մայրերի աչքերից: Մատաղացու աքլորներն անգամ կտրել էին իրենց ծղրտոցը: Օրը կիսվել էր, երբ նրանք բռնեցին տունդարձի ճանապարհը: Գյուղերով անցնելով` նրանք մատաղը բաժանում էին յոթական ընտանիքների… Երեկոյան տուն հասան արնոտած ոտքերով, սակայն խաղաղված հոգով:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր