ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄՈՎ
Մենահատ հրաձգությամբ ու կրակահերթով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները խոցում են ուսումնական թիրախները, կատարում ատեստավորման պահանջներով նախատեսված շարային և ֆիզիկական պատրաստության վարժաձևերը։
Ամիսներ առաջ պարտադիր ժամկետային զինծառայությունը պայմանագրայինով փոխարինած տղաները այսօր արդեն քննական հանձնաժողովներին են ներկայացնում մարտական պատրաստականության բարձր աստիճանը, լավագույնը լինելու իրենց կամքի ուժը։
-Ջանք ու եռանդ չեմ խնայել, ամիսներ շարունակ պատրաստվել եմ ատեստավորմանը, տրամադրված եմ քննություններին արժանվույն ներկայացնել յուրացրածս գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները,- վստահեցնում է Մհեր Գրիգորյանը:
Չնայած ատեստավորման պահանջների խստությանն ու բարձր նշաձողին՝ իրենց ուժերի հանդեպ վստահ են նաև մյուս տղաները, որոնք մեկը մյուսի հետ ներքին մրցակցության մեջ մտնելով ձգտել և էապես բարելավել են ամիսներ առաջ գրանցած ցուցանիշները։
-Զինվորական դառնալու ձգտումը եղել է դեռևս մանկուց: Ժամկետային ծառայության մի քանի ամիսները բավական էին հայրենյաց պաշտպանի բարդ, սակայն պատվաբեր ու պատասխանատու ուղիով առաջնորդվելու իրավացիությունը վերահաստատելու համար։ Արել ենք առավելագույնը,- վստահեցնում է Հովհաննեսը:
Առհասարակ, ծրագրին անդամակցելու, առաջիկա առնվազն հինգ տարիները հայրենի երկրի պաշտպանության գործին նվիրաբերելու շարժառիթների մասին խոսելիս տղաները միակարծիք են հետևյալում. ընտրության հարցում վճռորոշը հայրենյաց պաշտպանի պատվական առաքելությունը ստանձնելու, հայրենի երկրի և հարազատների անվտանգային խնդիրների լուծման հարցում գործուն մասնակցություն ունենալու ձգտումն է։
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Ազգային բանակ