Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ ՔԱՅԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ



ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ ՔԱՅԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎՓոխգնդապետ Արտակ Իսահակյանը ծառայում է ռազմական ակադեմիայում՝ որպես ուսումնամեթոդական բաժնի պլանավորման բաժանմունքի պետ, ուսումնամեթոդական բաժնի պետի տեղակալ։

Մինչև այդ, 2005 թվականին, գերազանցությամբ ավարտելով Մոսկվայի ինժեներական ակադեմիան՝ նշանակվել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում՝ որպես ինժեներասակրավորային դասակի, այնուհետև վաշտի հրամանատար, զբաղեցրել է նաև գումարտակի շտաբի պետի պաշտոնը։ Զորային բոլոր օղակներով անցած  սպան մասնակցելով մրցույթին, այնուհետև ծառայության է անցել ռազմաավիացիոն համալսարանում՝ որպես ռազմաինժեներական պատրաստության ավագ դասախոս, իսկ 2019-ին մրցութային կարգով նշանակվել է սպաների վերապատրաստման ամբիոնի պետ և իր գիտելիքներն ու փորձը ներդրել սպաների պատրաստության գործում։ Ռազմական ակադեմիայում զբաղվում է երեք՝ Ռազմաավիացիոն, Ցամաքային զորքերի և Հրամանատարաշտաբային ինստիտուտների կրթապրոցեսի, գործառույթների պլանավորման  և ՊՆ համապատասխան վարչությունների հետ համաձայնեցման աշխատանքներով։ Փոխգնդապետը վերջերս նաև կամավոր հիմունքներով  մասնակցել է ատեստավորմանը՝ «գերազանց» արդյունքներով  հանձնելով բոլոր չորս քննությունները:

 

-Միանշանակ դրական եմ գնահատում ատեստավորման գործընթացը,- ասում է Արտակը:- Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ մարդուն պետք է հնարավորություն տալ: Սա ինձ համար ինքնազարգացման ևս մեկ հնարավորություն է, և իմ մեծ ցանկությունն է, որ բոլոր զինծառայողներն ատեստավորում անցնեն ու բարելավեն ոչ միայն իրենց ֆիզիկական կոփվածքն ու մասնագիտական գիտելիքները, այլև ընտանիքի ֆինանսական վիճակը։ Շատ դրական եմ գնահատում նաև սպաներից շատերի՝ ծխախոտից լիովին հրաժարվելը, ակտիվորեն սպորտով զբաղվելու միտումը։

Մեր ծառայության առօրյայում մենք ֆիզիկապես կոփվում ենք, անկախ ատեստացիայից, քննություններ ենք հանձնում ատեստավորման բոլոր առարկաներից։ Մեզ մնում է միայն բարելավել մեր ցուցանիշները և պայքարել գերազանց արդյունքներ գրանցելու համար։ Ինչ վերաբերում է կրակային պատրաստությանը, կարճ կասեմ. եթե մարդը համազգեստ է կրում, ուրեմն՝ կրակային հմտություններին պետք է գերազանց տիրապետի:

Միայն կամք, հավատ սեփական ուժերի հանդեպ, և յուրաքանչյուր զինծառայող կարող է պատվով հանձնել ատեստավորման քննությունները,- համոզված է փոխգնդապետը,- ես գիտեմ ոմանց, որոնք անգամ բավականին ծանր քաշ ունենալով, կարողացել են պարապել և հասնել շատ լավ արդյունքների։ Ինչի՞ շնորհիվ, միանշանակ՝ իրենց ուժերի նկատմամբ ունեցած հավատի։

Անդրադառնալով ռազմական ակադեմիայում ներկայումս ընթացող բարեփոխումներին՝ փոխգնդապետ Իսահակյանն ասում է.

-Այսօր մեր կուրսանտներին լայն հնարավորություններ են տրված և մեծ առավելություններ այն ժամանակների համեմատ, երբ, օրինակ, ես էի ծառայության ընդունվում։ Այսօր մեր բոլոր կուրսանտները հնարավորություն ունեն սովորելու աշխարհի լավագույն ռազմաուսումնական հաստատություններում։ Սա հասանելի է յուրաքանչյուր մարզի, գյուղի, համայնքի բնակիչ հանդիսացող և մեր բուհն ընտրած երիտասարդի համար, որն իր գիտելիքներով և օտար լեզուների իմացությամբ, անկախ իր ծնողների հնարավորություններից, կարող է առաջ գնալ և մեծ բարձունքների հասնել։ Համահավասար հնարավորությունների այս մոտեցումը միանգամայն արդարացված է։ Եվ լիահույս եմ, որ, մոտ ապագայում, մեր ակադեմիան կդառնա աշխարհի լավագույն ռազմական կրթօջախներից մեկը։ Ճանապարհը երկար է, խոչընդոտներով լի, բայց մենք հստակ գնում ենք այդ ուղղությամբ։ Զինվորական գործի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ խոչընդոտները պետք է հաղթահարել ու հաղթահարել պատվով։

Փոխգնդապետը համոզված է, որ անչափ կարևոր է նաև փորձի փոխանակման շրջանակում այլ պետությունների ռազմական կրթական համակարգերին ծանոթանալը, մասնագիտական խմբերի հետ փոխգործակցությունը, փորձի փոխանակումը։

-Օրինակ՝ վերջերս Հունաստանի Հանրապետություն ենք այցելել և հյուրընկալվել նրանց բոլոր ռազմական բուհերում, ուսումնասիրել, թե ինչպես են կրթում սպաներին ու կուրսանտներին, ծանոթացել ենք մոտեցումներին,  հեռանկարային ծրագրերին, և կարող եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Եթե մենք կուրսանտին պատրաստում ենք որպես սպա՝ առաջին իսկ կուրսից նա պետք է զգա պատասխանատվություն կրելու կարևորությունը։

Այս պահին աշխատանքներ են ընթանում էլեկտրոնային հարթակների տեղադրման ուղղությամբ, որպեսզի հենց դասախոսը որոշակի նյութ տեղադրի, կուրսանտը, անմիջապես, առանց դասախոսի ֆիզիկական ներկայության, կարողանա  տիրապետել նյութին՝ ընտրելով, թե որ ժամին, ինչպես ավելի արդյունավետ յուրացնի մատուցվող գիտելիքը։  Այսպես ստեղծվում է կուրսանտակենտրոն ուսուցման համակարգ։ Կուրսանտն այս պարագայում ստիպված չի լինում, օրինակ, իր վաշտի հրամանատարից իմանալ, թե հաջորդ շաբաթ ինչ դասի պետք է պատրաստվի։ Կրթական համակարգում շատ կարևոր է, որ յուրաքանչյուր կուրսանտ կարողանա իր ժամանակը ճիշտ տնօրինել ու ղեկավարել։ 21-րդ դարի տեխնիկական առաջընթացը թույլ է տալիս, որ կուրսանտը ոչ միայն կարդա  ուսուցանվող նյութը, այլև՝ տեսագրություններով, այլևայլ դիդակտիկ նյութերով ծանոթանա մատուցվող նյութին վերաբերող համապարփակ տեղեկություններին։

Այսպիսով, տվյալ համակարգը թվացյալ ազատության հետ մեկտեղ կուրսանտին պատասխանատվություն է սովորեցնում։

Էլեկտրոնային դասամատյանի շնորհիվ, առաջին կուրսից սկսած, մենք կարողանում ենք հետևել տվյալ կուրսանտի առաջադիմությանը և ըստ այդմ որոշումներ կայացնում։ Այսպիսով, փորձում ենք հնարավորինս խուսափել անհարկի թղթաբանությունից՝ ավելի արդյունավետ դարձնելով ուսումնական գործընթացը։ Սա հեշտացնում է երեք ինստիտուտների կրթական գործընթացների համաժամանակյա կառավարումն ու վերահսկողությունը։

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ ՔԱՅԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎԱյսօր ակադեմիայում այնպիսի մի համակարգ է ներդրված, ինչպիսին ատեստավորման դեպքում է գործում. կուրսանտի կրթաթոշակը ուղղակիորեն պայմանավորված է նրա առաջադիմությամբ։ Կարևոր է, որ կուրսանտը մտածի, տրամաբանի, վերլուծի մատուցվող տեղեկությունները, գիտելիքները և ճիշտ արտահայտի իր մտքերը, քանի որ ներկայիս արագ զարգացող աշխարհում ապագա սպաները պետք է կարողանան արագ կողմնորոշվել, պրոակտիվ լինել։ Եվ ես վստահ եմ, որ այս բոլոր կարևոր փոփոխությունների արդյունքում մեր կրթօջախը շուտով ավելի շատ դիմորդներ կունենա։

Մեր այս աշխատանքների իրական արդյունքներն, անշուշտ, կերևան չորս տարի անց միայն,- նկատում է փոխգնդապետ Իսահակյանը,- երբ կուրսանտների այս սերունդն ավարտելով ակադեմիան, կգնա ծառայավայրեր, ու ևս երկու տարի անց մենք կստանանք զորամասի սպայական կազմի գնահատականը, կճշտենք, թե ինչպիսին է արդյունքը և կլրացնենք հնարավոր բացերը։

Այսօր էլ մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք զորքերից հրամանատարության արձագանքներին, չէ՞ որ մենք հենց զորային օղակի համար ենք իրականացնում այս բոլոր բարեփոխումները։ Ես մշտապես այցելում եմ զորամասեր, զրուցում հրամանատարների հետ, ծանոթացնում նորամուծություններին, հետադարձ կապ պահում:

Բացի ռազմական ակադեմիայում ծառայությունից, փոխգնդապետ Իսահակյանը նաև դասավանդում է ավագ դպրոցներից մեկում՝ որպես ՆԶՊ ուսուցիչ։

-Շատ հպարտ եմ, որ իմ նախկին աշակերտներից երկուսն այժմ ուսանում են ռազմական ակադեմիայում: Մեկը Ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտ է, մյուսը Ցամաքային զորքերի ինստիտուտում է սովորում։

Շատ կարևոր եմ համարում մեր երիտասարդների   հետ մասնագիտական ընտրության վերաբերյալ տարվող աշխատանքները: Ինքս օրինակ եմ ծառայում, որ իմ աշակերտները տեսնեն, հասկանան սպայի դերը և ապագա սպաների՝ կրթահամալիր ընդունվելու առավելություններին ծանոթ լինեն։  Մշտապես աշակերտների այցեր եմ կազմակերպում ռազմական ակադեմիա, հրաձգարաններ: Երեխաները մեծ ոգևորությամբ են ներգրավվում այս միջոցառումներին: Աղջիկների ոգևորության աղբյուրը հատկապես հայրենասիրական և ռոմանտիկ մղումներն են, տղաներինը՝ պատասխանատվությունն ու պատվախնդրությունը։

Ռազմական ակադեմիան այսօր մեր հանրապետության կարևորագույն կրթահամալիր-դարբնոցներից մեկն է, որտեղ մեր բանակի միջուկը՝ սպայակազմն է ձևավորվում: Եվ մենք անում ենք առավելագույնը, որ մեր հասարակությունը հնարավորինս տեղեկացված լինի ռազմական ակադեմիայում ընթացող բարեփոխումներին, հասկանա կարևոր այս կրթահամալիրի դերն ու նշանակությունը մեր երկրում հարատև խաղաղություն հաստատելու գործում:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ և ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/06/2024