Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ



ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դռները միշտ բաց են ապագա սպաների նիստուկացով, կրթության կազմակերպմամբ հետաքրքրված մեր հայրենակիցների համար: Շատերն են ցանկանում իմանալ՝ ի՞նչ պայմաններում են սովորում կուրսանտները, ի՞նչ ծրագրերով են ուսանում, ինչպե՞ս է անցնում նրանց օրը: Առավել ոգևորիչ է, երբ ռազմական ակադեմիա են այցելում մշակույթի, կրթության ոլորտի գործիչները:

Օրերս ակադեմիայում հյուրընկալվել էր անվանի երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը: Նա եկել էր տեսնելու մեր բանակի ապագա սպաների դարբնոցը, զրուցելու կուրսանտների և սպաների հետ: Ի դեպ, նա համաշխարհային ճանաչում ունեցող մեր այն հայրենակիցներից է, որոնց կապը բանակի հետ մշտական է: Արա Գևորգյանը հաճախ այցելում է զորամասեր, լինում առաջնագծում, հավաստում, որ արվեստի մշակն էլ իր ձևով կարող է մասնակից լինել Հայրենիքի պաշտպանությանը:

Տարբեր երկրներում համերգներով հանդես եկող Արա Գևորգյանը հայկական երգն ու երաժշտությունը, նվագարանները հանրահռչակում է աշխարհով մեկ: Երաժշտական հայտնի ընտանիքից է՝ մայրը ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանն է, հայրը՝ թառահար Կառլեն Գևորգյանը: Արա Գևորգյանը մասնակցել է միջազգային մի շարք փառատոների։ 2005 թվականին հայոց Մեծ եղեռնի 90-րդ տարելիցի առթիվ նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով, հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Նա հիմնադրել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ Գրել է բազմաթիվ ներկայացումների և ֆիլմերի երաժշտությունը՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յարխուշտա», «Բարի գալուստ», «Կռունկնե՛ր, ե՛տ դարձեք» և այլն: Նա նաև  Գորիս քաղաքի օրհներգի, հայ մարզիկների օրհներգի երաժշտության հեղինակն է: Ներկայումս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի վարիչն է:

Ռազմական ակադեմիան Արա Գևորգյանին ներկայացավ հիմնանորոգված, հարմարավետ ու տրամադրող լսարաններով, անհրաժեշտ պարագաներով կահավորված ընդարձակ ու լուսավոր զորանոցներով: Ընդհանուր պայմաններին ծանոթանալուց հետո ծավալվեց անմիջական խոսք ու զրույց կուրսանտների հետ:

-Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Ես եկել եմ նախևառաջ իմ շնորհակալությունը ձեզ հայտնելու, որ ընտրել եք զինվորականի դժվարին մասնագիտությունը: Մի ամբողջ ազգ, աշխարհի ամբողջ հայությունը  ձեզ է վստահելու մեր Հայրենիքի անվտանգությունը, դուք մեծ պատասխանատվություն եք ստանձնում: Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք ձեզ հարգել, սիրել, ձեր կողքին լինել: Այս մասին է իմ հեղինակած «Հայկական բանակ» երգը: Այն ստեղծվել է 44-օրյա պատերազմից առաջ և առաջին անգամ եթերում հնչել պատերազմի 6-րդ օրը,-դիմելով կուրսանտներին ասում է Արա Գևորգյանը: -Մի շատ դրական ու կարևոր բան եմ նկատել ԱՄՆ-ում շրջագայություններիս ժամանակ. ինչ միջոցառում էլ լինի, հանդիսավարը ընթացքում հայտարարում է՝ «Դահլիճում զինվորական կա»: Վերջինս ոտքի է կանգնում, և ամբողջ դահլիճը նրան ծափահարում է: Վստահ եմ, որ այս մշակույթը մեզանում էլ պետք է հաստատվի ու տարածվի: Մեր զինվորը, սպան պետք է իմանան, թե որքան գնահատված են, որքան կարևոր է իրենց կատարած գործը: Բոլորս ձեր կողքին ենք, հարգելի՛ զինծառայողներ:

-Մշակույթը ամենակարևոր բանն է, որ մենք պետք է պաշտպանենք: Պատմական հայտնի դրվագ է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատերազմի ընթացքում զեկուցել են, որ զենք-զինամթերքը վերջանում է, առաջարկել են պատկերասրահների թանկարժեք գեղանկարները վաճառել և այդ գումարով զենք ձեռք բերել: Չերչիլի պատասխանը կտրուկ է եղել. «Եթե վաճառենք մեր մշակութային արժեքները, էլ ինչի՞ համար ենք պատերազմում»: Ուզում եմ ասել, որ մեր մշակույթը, ավանդույթները, մեր պապերի հոգևոր ժառանգությունը, մեր ազգային ինքնությունը մեր գանձերն են, և մենք առաջին հերթին դրանք պետք է պաշտպանենք:

Ճաշի ժամին Արա Գևորգյանին առաջարկում են միանալ կուրսանտներին և համտեսել ուտեստները: Իր սկուտեղով մոտենում է, ընտրում ճաշատեսակները, նստում սեղաններից մեկի մոտ և զրույցի բռնվում կուրսանտների հետ: Վերջիններս շատ ուրախ են. նշանավոր մարդկանց այցելությունները միշտ էլ ոգևորիչ են:

ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ-Ինչպե՞ս եղավ, որ հենց երաժշտությամբ սկսեցիք զբաղվել, պարո՛ն Գևորգյան,- հետաքրքրվում  է կուրսանտ Թադևոսյանը:

-Երաժշտական ընտանիքից եմ. մայրս սիրված երգչուհի է, հայրս՝ թառահար, պապս ու տատս էլ երգիչներ են եղել, եղբայրս կիթառահար է: Մեր տանը միշտ հայտնի կոմպոզիտորներ ու երաժիշտներ են հյուրընկալվել, մշակութային մթնոլորտ է տիրել: Ինչպես հասկանում եք, նման ընտանիքում ծնված մարդն այլընտրանք չունի: Իհարկե, գեներն էլ իրենց դերն են խաղում:

Ճաշի սեղանի շուրջ զրույցները ծավալվում են, իսկ երգահանը հոգատարությամբ դառնում է մե՛կ մի կուրսանտին, մե՛կ մյուսին.

-Դու կեր, վերջացրու, շատ չխոսեցնեմ: Կարծում եմ՝ շատ է լավացել ուտելիքի որակը, ու ես շատ ուրախ եմ դրա համար: Ձեր ծնողները կարող են հանգիստ լինել, որ դուք որակյալ, համեղ ու բազմազան սնունդ եք ստանում: Ձեր կացարաններում էլ եղա, և անկեղծ ասած՝ այնտեղ էլ շատ լավ տպավորություն ստացա: Կարծում եմ՝ բոլոր պայմաններն առկա են, ձեզ մնում է միայն լավ սովորել: Իսկ դուք ի՞նչ մասնագետ եք դառնալու:

-Հրետանավոր:

-Շատ կարևոր մասնագիտություն եք ընտրել: Հրետանին պատերազմի աստվածն է, չէ՞:

-Ճի՛շտ այդպես,- գոհունակ ժպտում են կուրսանտները:

ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔՔիչ անց Արա Գևորգյանը մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեց նաև հրաձգության և ռազմական մեքենավարման հմտությունները զարգացնելու համար նախատեսված լսարանները, իր ուժերը փորձեց վարժասարքերի վրա: Հրաձգային վարժությունն ավարտելուց հետո եղավ տանկի, հետևակի մարտական մեքենայի վարժասարքի խցիկում, որը տարուբերվելով նմանակում էր խորդուբորդ ճանապարհով ընթացքը: Երբ խցիկից դուրս եկավ, ուշիուշով նրան հետևող կուրսանտները հարցրին. «Ինչպե՞ս էր, պարո՛ն Գևորգյան»: «Շատ հետաքրքիր ու շատ դժվար: Երբևէ չէի մտածի, որ այսպիսի հզոր տեխնիկան այդքան զգայուն ղեկ կարող է ունենալ: Դժվար էր կառավարելը, սովորական մեքենայի ղեկից շատ է տարբերվում, ինչպես, ասենք, դաշնամուրի փայտե ծանր ու սինթեզատորի պլաստիկե թեթև ստեղնաշարերն են տարբերվում»:

Ի դեպ, Արա Գևորգյանը հմուտ վարորդ է: Նա պատմեց, թե ինչպես է 2003 թ. միջազգային ավտոարշավում չեմպիոն ճանաչվել՝ մրցելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչների հետ:

-Ինչպես հասկանում եմ, դուք ընտրել եք այնպիսի մի զորատեսակ, որ իր հզորությամբ, իր կրակով մարտադաշտում ուղի է հարթում հետևակի համար,- շարունակում է Արա Գևորգյանը,- Լա՛վ սովորեք, տղաներ ու աղջիկներ ջան: Լավ մասնագետն ամեն տեղ է կարևոր: Յուրաքանչյուրս մեր ոլորտում պետք է փորձենք անել առավելագույնը: Դուք սպա, հրամանատար եք դառնալու, և ձեզ մոտ են գալու մեր երեխաները, մեր թոռները, ծառայելու են ձեր ղեկավարած ստորաբաժանումներում: Ձեր հրամանատարության ներքո տարբեր անձինք են լինելու՝ Կոնդից, Մաշտոցի պողոտայից, Ապարան քաղաքից, Գյումրիից, հեռավոր մի գյուղից: Մեկը կրթված կգա, մյուսը՝ ոչ այնքան,  արվեստի, մշակույթի մարդ էլ կլինի, ու բոլորի համար դո՛ւք եք պատասխանատու: Պարտավոր եք նրանց բերել մեկ ընդհանուր դաշտ: Իմ խորհուրդն ու հորդորն է՝ միշտ միասնական եղեք, որ մեր երկիրը կարողանանք ամուր ու անառիկ պահել:

Հանդիպման ավարտին Արա Գևորգյանն իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցելու ռազմական ակադեմիայի հետ և խոստացավ մոտ ժամանակներս կրկին այցելել ռազմական բուհ արդեն իր նվագախմբի հետ և համերգ տալ ապագա սպաների, Հայրենիքի պաշտպանների համար:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1533) 4.06.2024 - 11.06.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


13/06/2024