ՁԳՏԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻՆ
Մայոր Անդրանիկ Փիլոյանը ատեստավորման արդյունքներով լավագույններից մեկն է զորամասում: 33-ամյա սպան ծնվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում: 9 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Հանրակրթական հաստատությունն ավարտելուց հետո դիմել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարան, հաջողությամբ հանձնել է առաջին քննությունը, բայց կտրուկ մտափոխվել է ու վերադառնալով հայրենիք, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա (այն ժամանակ համալսարան): Բուհն ավարտել է գերազանցության դիպլոմով:
-Պարո՛ն մայոր, ենթադրում եմ՝ այդ կտրուկ փոփոխությունը լուրջ դրդապատճառ է ունեցել:
-Ինը տարեկան էի, երբ մեր ընտանիքը մեկնեց Ռուսաստան: Ես սկսեցի հաճախել ռուսական դպրոց, հարմարվել ռուսական միջավայրին: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես մոռացա հայերեն տառերը, հայոց լեզուն դարձավ բացառապես կենցաղային լեզու՝ փոքր ու պարզունակ բառապաշարով: Անցյալի հիշողությունները հետզհետե խամրեցին: Բայց մի հուշ, մի պատկեր, մի զգացողություն երբեք չմոռացվեց: Աչքերս փակում էի ու տեսնում մեր տունը: Ընդամենը երկու տարի էի ապրել այնտեղ, բայց հիշում էի, թե ինչպես էին պապս ու հայրս վարդագույն քարերով կառուցում իմ սենյակը: Լուսաբացին ես կանգնում էի մեր տան բակում ու նայում գյուղին: Հեռվում ցորենի ոսկեգույն արտերը փայլփլում էին արևի տակ՝ փոքրիկ կանաչ բլուրներով շրջապատված: Քիչ անց համատարած ոսկեգույնի մեջ սկսում էին փոքրիկ սև կետեր հայտնվել, գյուղացիներն էին: Այդ պահին ես հիշում էի պապիս խոսքը՝ քարից հաց քամող ժողովուրդ: Հետո աչքերիս առաջ հայտնվում էր Սպիտակ մատուռը…
-Վախենում էիք օտար միջավայրում վերջնականապես կորցնե՞լ այդ ամենը:
-Ես հասկացա, որ ինքս ինձ եմ կորցնում: Իմ ինքնությունը, իմ կապը արմատիս հետ, իմ կենսագրությունը: Միանգամից որոշեցի՝ պիտի տուն վերադառնամ:
-Իսկ զինվորական դառնալու միտքը ինչպե՞ս ծնվեց: Ո՞ւմ կերպարից եք խանդավառվել:
-Անկեղծ ասած՝ ոչ մեկի: Հակումներ, ցանկություններ, ձգտումներ կան, որոնք մարդու հոգում դրված են ի վերուստ: Ես միշտ սիրել եմ զինվորական համազգեստը, բանակայինների կուռ շարքերը, զինվորական ճշտապահությունը, կարգուկանոնը, պատասխանատվությունը: Միշտ մտածել եմ, որ հայրենիքի պաշտպանությունը ուժ ու խելք, նվիրում ու աշխատասիրություն, կամք ու խիզախություն պահանջող գործ է, ամենակարևորն է ու ամենահարգվածը: Ու ես որոշեցի, որ պիտի ռազմական բուհն ավարտեմ գերազանցության դիպլոմով և բոլորից լավ պիտի տիրապետեմ մայրենի լեզվին: …Երբ ստանձնեցի դասակի հրամանատարի պաշտոնը, հասկացա, որ ռազմական բուհն ինձ զինվորական գործի այբուբենն է սովորեցրել, մնացածը պիտի ձեռք բերեմ ինքնակրթությամբ, ամենօրյա աշխատանքի դասերը, ավագ զինակիցներիս փորձը յուրացնելով: Ու նոր որոշում ծնվեց՝ պիտի ինքս ինձնից կերտեմ իմ երազած հրամանատարին:
-Ի՞նչ հատկանիշներ ուներ այդ կերպարը՝ Ձեր պատկերացմամբ:
-Նա ուներ կոփված հոգի և կոփված մարմին՝ պատրաստ դիմակայելու յուրաքանչյուր դժվարության: Նա հրամանատար էր, որին զինվորները վստահում էին, որից ուզում էին սովորել, որին նմանվելը պատիվ էին համարում: Անկեղծ կասեմ՝ ես շատ եմ աշխատել, շատ եմ չարչարվել՝ որոնելով կատարելագործվելու ճիշտ ճանապարհը: Մեր աշխատանքում բանաձևեր չկան, մարդկային հարաբերությունները անհատական վերաբերմունք են պահանջում, դու անվերջ ստեղծագործում ես, նոր լուծումներ ես փնտրում: Եվ այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ խոսքիդ ու գործիդ միջև երբեք հակասություն չլինի: Ես իմ զինվորների հետ հավասար խրամատ եմ փորել, մարտական գործողությունների ժամանակ եղել եմ նրանց հավատարիմ զինակիցը: Ամենահոգնած պահին անգամ հետևել եմ իմ արտաքինին, ինչքան էլ բարկացած եմ եղել, կառավարել եմ խոսքս… Ամեն օր ես ինչ-որ բան եմ փոխել իմ մեջ, նոր բան եմ սովորել:
-Կարելի՞ է ենթադրել, որ զինված ուժերի անձնակազմի ատեստավորումը մրցակցության և կատարելագործվելու նոր հնարավորություն տվեց զինծառայողներին, այդ թվում և Ձեզ:
-Ատեստավորումը սահմանեց նշաձող, բայց դեպի այդ նշաձող տանող ճանապարհին ես ինքս ինձ հետ եմ մրցում, ոչ թե ուրիշների: Դու կարող ես՝ որպես հրամանատար, հրամայել զինվորներին, որ նրանք պարզապես ճշգրտորեն կատարեն առաջադրանքը, բայց կարող ես նաև մտածելակերպ սերմանել, որպեսզի կատարեն սիրով, գիտակցված, ներքին մղումով: Դրա համար քեզ պետք են համապատասխան գիտելիքներ, արժեքներ ու բնավորություն: Ամենամեծ վարձատրությունն այն է, երբ տեսնում ես, թե քո ազդեցությամբ ինչպես է փոխվել զինվորը, յուրացրել քո գաղափարներն ու արժեքները, քո բարոյական նորմերն ու վարքի կանոնները, երբ զինվորիդ ծնողը զանգում է քեզ ու երախտագիտության խոսք ասում իր որդուն դրականորեն փոխելու համար: Իրավամբ, ատեստավորման պահանջները չեն վերաբերում միայն քո գիտելիքներին, այլև դրանք ենթականերիդ փոխանցելու ունակությունն են ստուգում:
-Ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան բանակում:
-Զինվորական մասնագիտությունը ներդաշնակ է իմ բնավորությանը, արժեքներին, գաղափարներին, խառնվածքին: Միևնույն ժամանակ, ես շատ եմ կարևորում այն գործը, որ անում եմ ու ինձ պիտանի մարդ եմ զգում երկրիս ու հայրենակիցներիս համար: Անկեղծորեն կասեմ. որոշել եմ բարձրանալ հրամանատարական աստիճաններով: Առավելագույնին ձգտելը ինձ համար ապրելակերպ է: Ես աշխատասեր եմ, անմնացորդ տրվում եմ գործիս, ուզում եմ բացահայտել իմ ուժերի վերին սահմանը ու չեմ սիրում դոփել տեղում: Ամուսնացած եմ: Երբ երեխաներ ունենամ, նրանց նույնպես սովորեցնելու եմ երբեք չբավարարվել ձեռքբերումներով: Սա հաջողելու ամենահուսալի բանալին է:
-Ի՞նչ խորհուրդ կտաք կուրսանտներին ու նորընծա սպաներին:
-Ասեք՝ ես ամենալավն եմ լինելու, և սկսեք աշխատել: Միշտ ձգտեք առավելագույնին: Ոչ մի մանրուք աչքաթող մի արեք, եթե այն ձեր կերպարին ու ձեր մասնագիտությանն է վերաբերում: Ձեր օրինակով վարակեք շրջապատը, նույնիսկ այլ մասնագիտություններ ունեցող մարդկանց: Որտեղ կա ձգտում առավելագույնին ու ազնիվ աշխատանք, այնտեղ կա ուժ, անվտանգություն, բարեկեցություն ու խաղաղ կյանք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #20 (1533) 4.06.2024 - 11.06.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում