ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ – 95
1963 թվականին հաղթելով այն ժամանակ ամենազոր համարվող Միխայիլ Բոտվիննիկին՝ Տիգրան Պետրոսյանը հռչակվում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն: Երեք տարի անց՝ 1966 թվականին, մեր հայրենակիցը շախմատային թագի պաշտպանության համար մրցամարտում կրկին փայլուն է հանդես գալիս: Այս անգամ նա հաղթում է Բորիս Սպասկուն ու դառնում աշխարհի կրկնակի չեմպիոն:
Պատմության մեջ շախմատի աշխարհի առաջին հայ չեմպիոնը պաշտպանական ոճի բացառիկ շախմատիստ է և իր խաղաոճի, գրեթե անխորտակելի պաշտպանության շնորհիվ ստացել է «Երկաթե Տիգրան» անվանումը: Շախմատի տեսաբանների բնորոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը համբերատար և մեթոդաբանությամբ խաղի վարպետ էր:
ԽՍՀՄ հավաքականի կազմում նա 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում (1958-1974), 8 անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնություններում (1957-1983): 1970 թվականին կայացած «Դարի շախմատային մրցախաղի» (ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի) մասնակից է։
Տիգրան Պետրոսյանը բազմաթիվ ռեկորդներ է գրանցել։ ԽՍՀՄ վեց առաջնություն նա անցկացրել է առանց պարտության։ Շախմատի տասը համաշխարհային օլիմպիադաներում (1958-1978) տպավորիչ արդյունք է ունեցել՝ 79 հաղթանակ, 50 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն։ Հիսուն տարեկանում նա երկրորդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող (Պորտիշի և Հյուբների հետ համատեղ)։
1964 թվականին հրապարակված Էլոյի (այժմ ՖԻԴԵ) վարկանիշային առաջին ոչ պաշտոնական ցուցակը 2690 միավորով գլխավորել են Տիգրան Պետրոսյանն ու Ռոբերտ Ֆիշերը։ Նույնիսկ շախմատային թագը զիջելուց հետո Պետրոսյանը դեռ երկար տարիներ աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում էր։
Համայն հայությունն է հետևել Պետրոսյանի խաղին՝ մեծ, թե փոքր, կին, թե տղամարդ, նույնիսկ նրանք, որ ոչինչ չէին հասկանում շախմատից: Պետրոսյանը քաջ գիտակցել է, որ պայքարում է ոչ միայն իր, այլեւ իր ազգի պատվի ու հեղինակության համար: Նրա ընկերներից մեկն ասել է. «Տիգրա՛ն, սիրելի՛ս, զգույշ վարվիր խաղաքարերի հետ: Երբեք մի մոռացիր, որ այդ համեստ զինվորները, նենգ ձիերը, հեռահար փղերը, դանդաղաշարժ նավակները եւ ամենազոր թագուհիները միայն քոնը չեն, դրանք նաեւ հայ ժողովրդինն են»:
«Ես միշտ էլ զգում եմ, որ ողջ Հայաստանն ինձ հետ խաղում է յուրաքանչյուր պարտիա: Իմ հաղթանակներին սպասողներ շատ կան, ու դա ինձ պարտավորեցնում է»,- ասել է Պետրոսյանը:
Անվանի հայ շախմատիստը հսկայական դեր է խաղացել Հայաստանում մարզաձևի հանրայնացման գործում: 1984 թվականից Երևանի շախմատիստի կենտրոնական տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։
Ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին:
***
Ես ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարեւորն ու գլխավորը ստեղծագործական սկիզբն է, այն սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ այն չի մոռացվել հազարամյակների ընթացքում: Շախմատիստը ստեղծում է իսկական գլուխգործոցներ, որոնք վերջին հաշվով տեղ են գրավում մշակութային արժեքների համաշխարհային գանձարանում:
***
Ի՞նչն է ավելի լավ՝ գրոհե՞լը, թե՞ հակագրոհելը: Ամենալավը հաղթելն է:
***
Ցանկացած դիրքում անսահման տարբերակների հնարավորություն կա: Ցանկացած նոր քայլ ստեղծում է բոլորովին նոր տարբերակ:
***
Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, վարպետանալու բարդությամբ՝ գիտություն: Շախմատը կարող է նույնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը: Սակայն անհրաժեշտ է սովորել լավ խաղալ: Միայն դրանից հետո կարող եք իսկական հաճույք ստանալ:
***
Եթե ճիշտ են ասում, որ խաղաոճը նաև մարդու էությունն է, ապա ամեն մեկը խաղում է ըստ բնատուր էության: Ես ինքս զգուշավոր մարդ եմ և չեմ սիրում ռիսկ պարունակող իրավիճակներ:
***
Ինձ ոգևորում է բուն պայքարը, իսկ երբ նվաճված է ցանկալին, մարդու եռանդը մարում է: Դա անխուսափելի է:
Հրաշալի պաշտպանվելով՝ Պետրոսյանը դեռ քսան քայլ առաջ հրաշալի կարողանում է կանխատեսել և չեզոքացնել վտանգը: Ինձ ապշեցնում է նրա՝ արդեն իսկ գերազանց դիրքը առավել ևս ուժեղացնելու զարմանահրաշ կարողությունը: Նա չափից ավելի խորամանկ ու անորսալի մրցակից է:
Ռոբերտ Ֆիշեր
Գուցե Տիգրան Պետրոսյանը չդառնար աշխարհի չեմպիոն, եթե չլիներ նրա հայրենակիցների ջերմությունն ու խանդավառությունը:
Յուրի Ավերբախ
Տիգրան Պետրոսյանի հետ իմ խաղն ընդլայնեց շախմատի մասին ընկալումներիս սահմանը: Չլիներ այդ երկու պարտությունը, ես գուցե չհասնեի իմ բարձունքին:
Գարի Կասպարով
Պետրոսյանը պաշտպան էր շախմատում։ Նա մեծ վարպետներից առաջինն էր, որ ցույց տվեց, թե ինչպես կարելի է պաշտպանել ցանկացած դիրք։ Նա ցույց տվեց, որ շախմատը հսկայական ներուժ ունեցող խաղ է։ Պետրոսյանի ոճը չափից ավելի նրբագեղ էր և դժվար էր հասկանալ։ Նրա մեջ խորհրդավորություն կար:
Վլադիմիր Կրամնիկ
Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #21 (1534) 14.06.2024 - 21.06.2024, Հոգևոր-մշակութային, Մարզաշխարհ