Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՄԱ ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ



ՀԻՄԱ ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄՇահե Տեր-Հարությունյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, ապա՝ Գեղարվեստի պետական ակադեմիան: Այժմ մշտապես բնակվում է Հայաստանում, զբաղվում է խեցեգործությամբ: Նրա ստեղծագործությունները տարածվում են ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում:

 

-Եկեք մեր զրույցն սկսենք Ձեր ընտանիքի պատմությունից:

-Նախնիներս Կիլիկիայից են, հայրս այնտեղ է ծնվել: Հետագայում ծնողներս տեղափոխվել են Սիրիա: Հայրս նկարիչ-դիզայներ էր, մայրս՝ բանաստեղծուհի: Իմ մանկության տարիներին հալեպահայ համայնքը շատ հավաք էր, ակտիվ ու կազմակերպված: Ազգապահպանությունն ու երեխաների հայեցի դաստիարակությունը համայնքի գլխավոր նպատակն էր: Առհասարակ, Սիրիայում բազմաթիվ հայկական դպրոցներ կային, կրթական, մշակութային օջախներ, զանազան գեղարվեստական խմբեր: Ես բախտ եմ ունեցել շփվելու համայնքի մտավորական շերտի հետ: Բազմակողմանի զարգացած ու ազնվագույն մարդիկ էին, որոնք բացառիկ ընդգծված սեր ունեին Հայրենիքի նկատմամբ:

-Ձեր հայրը ո՞ր բնագավառում էր աշխատում՝ որպես դիզայներ: Ուզում եմ իմանալ՝ Ձեզ նման նա՞ էլ էր զարգացնում-հանրահռչակում հայկական ազգային արվեստները:

-Հայրս զբաղվում էր կտորի նկարազարդումով: Նա շատ լավ ծանոթ էր հայոց նկարչական մշակույթին, մանրանկարչությանը, բատիկայի (կտորը գունավորելու ձեռքի տեխնիկա) արվեստին: Հպարտությամբ պիտի ասեմ, որ հայրս ճանաչված վարպետ էր ու Հալեպում խիստ պահանջված: Ես նրանից եմ սովորել մասնագիտության մեջ լավագույն արդյունքի ձգտելու, անվերջ ինքնակատարելագործվելու, ստեղծագործական որոնումների ու տքնաջան աշխատանքի անհրաժեշտությունը:

-Ինչպե՞ս սկսեցիք ստեղծագործել, ինչի՞ց եք ոգևորվել:

-Ես սկսեցի նկարել ճանաչված նկարչուհի Արմինե Կալենցի խորհրդով: Հավանաբար, նա նկատեց ինձ ի վերուստ տրված շնորհը: Ես Հալեպում հաճախել եմ Հայկազյան վարժարան, Մարտիրոս Սարյանի անվան Գեղարվեստի ակադեմիա, Արշիլ Գորկու անվան նկարչական արվեստանոց: Հետո որոշեցի ակադեմիական կրթություն ստանալ Հայաստանում: Այդ տարիներին ես մոլեռանդորեն ներշնչված էի Հայրենիքով: Անվերջ քայլում էի Երևանի փողոցներում, անգիր գիտեի մայրաքաղաքի բոլոր անկյունները, շենքերը, այգիները: Մեծ ցանկություն ունեի նաև մարզերում լինել, տեսնել Հայաստանի բնությունը, պատմական վայրերը, հուշարձանները, մարդկանց… Բայց ԽՍՀՄ տարիներին մեզ՝ արտասահմանցի ուսանողներիս, թույլ չէին տալիս 20 կիլոմետրից ավելի հեռանալ Երևանից…

-Հիմա հասկանում եմ, թե ինչու ուսումնառությունից հետո հեռացաք Հայաստանից:

-Հեռացա, բայց Հայաստանում բնակություն հաստատելու միտքը երբեք չի լքել ինձ: Ես իմ բիզնեսն ունեի արտերկրում, շատ լավ վաստակում էի, իմ գործերը վաճառվում էին պատշաճ գնով: Բայց մտքումս Հայրենիքն էր, ու մի կայծ էր պետք, որ ես բռնեմ Հայաստանի ճամփան: Եվ ահա, ես ծանոթացա ապագա կնոջս՝ Քրիստինեի հետ: Մենք ընտանիք կազմեցինք Հայաստանում: Հիմա ես ունեմ իմ տունը Հայրենիքում: Ունեմ իմ խեցեգործական արվեստանոցը, արտադրությունը: Ավագ դուստրս՝ Արևիկը, նույնպես ունի իր առանձին խեցեգործական արվեստանոցը, իսկ կինս ու կրտսեր դուստրերս՝ Տաթևիկն ու Գոհարը, օգնում են ինձ, մենք միասին ենք աշխատում: Մյուս դուստրս՝ Ծովինարը, համակարգչային մասնագետ է: Վստահ եմ, որ Տաթևիկն ու Գոհարը Արևիկի պես շարունակելու են մեր ընտանեկան ավանդույթները և իրենց ուրույն գույներով ու ձևերով հարստացնելու են հայկական խեցեգործական արվեստը:

ՀԻՄԱ ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ-Խեցեգործությամբ զբաղվում են նաև ուրիշ ազգեր, որո՞նք են մեր ազգային տարրերը, հայկականության բնորոշիչները այդ բնագավառում:

-Մենք պատրաստում ենք ինչպես հուշանվերներ, այնպես էլ կիրառական իրեր, որոնք օգտագործվում են կենցաղում: Ազգայինը արտացոլվում է մեր ընտրած երանգներում՝ մուգ ծիրանագույն, լուսավոր կապույտ, պայծառ կարմիր: Ազգայինի մասին կարող է հուշել մեր նկարազարդումների թեմատիկան, միջնադարյան մանրանկարչությունից վերցված որևէ մասնիկ… Արվեստի մեջ միշտ ինչ-որ առեղծված կա: Երբ դու սիրով ես անում գործդ, երբ աշխատանքդ քեզ համար ոչ թե տանջանք է, այլ երանություն, այդ թեթևությունը, ջերմությունը, լավատեսությունը, սերը փոխանցվում են քո գործերի հետ շփվողներին՝ ինչպես յուրայիններին, այնպես էլ օտարազգիներին: Իմ աշխատանքները վաճառվում են տարբեր երկրներում: Ես նկատել եմ, որ մարդիկ ակամա ժպտում-պայծառանում են, երբ ձեռքերի մեջ են առնում գունազարդ սափորը, թասը կամ որևէ հուշանվեր:

-Խեցեգործությունը Ձեր մասնագիտությունն է, իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Այգի եմ հիմնել, խնամում եմ մեծ բավականությամբ ու եռանդով: Լեռնագնացությամբ եմ զբաղվում: Հաճախ եմ գնում մարզեր: Ես հինգ մատիս պես գիտեմ Հայաստանը, անկյուն չկա, որ տեսած չլինեմ:

-Իսկ բանակի հետ շփվե՞լ եք:

-Մեր բոլոր երեխաներն էլ աղջիկներ են, ու, ցավոք, բանակի հետ անմիջականորեն շփվելու առիթ չի եղել: Բայց բանակը մեր բոլորի սրտում է, բանակը մեր վաղվա հույսն է, մեզ ապրեցնողը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1534) 14.06.2024 - 21.06.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


21/06/2024