ՕՐԻՆԱԿ՝ ԵՆԹԱԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մայոր Հրայր Ազիզյանը Եղեգնաձորից է: Պատանեկան տարիներից առանձնահատուկ սեր ու հարգանք է ունեցել ծառայության, զինվորական համազգեստի նկատմամբ:
-Հաճախ պատերազմի և բանակի մասին ֆիլմեր էի դիտում: Շատ էի ոգևորվում զինվորականների կերպարով, հերոսությամբ: Այդպես էլ որոշեցի զինվորական դառնալ,- ասում է մայոր Ազիզյանը:
15 տարեկանում ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, որն ավարտելուց հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Արդեն զորամասում ծառայության նշանակվելուց հետո Ազիզյանն իրեն դրսևորել է որպես հմուտ և պատրաստված սպա, իր գիտելիքներն ու կարողությունները փոխանցել է ենթականերին: Մայորն իր էությամբ մշտապես հայրենասիրության, նվիրված ծառայության օրինակ է, վայելում է ծառայակիցների սերն ու հարգանքը:
Մայոր Ազիզյանը համաբանակային մրցումներին ռազմական կողմնորոշում մրցաձևում առաջին տեղն է զբաղեցրել, պարբերաբար մասնակցում է մարզական միջոցառումների: Նա կարևորում է անձնական օրինակով մյուսներին ոգևորելը, նույնիսկ, եթե դրա համար պահանջվի լրացուցիչ դժվարություններ հաղթահարել:
Անձնակազմի ծառայության արդյունավետության բարձրացման կարևոր ու ոգևորիչ գործոններից մեկը մայոր Ազիզյանը համարում է ատեստավորման գործընթացը: Քննություններին նախապատրաստվելիս զինծառայողներն ազատ ժամանակն օգտագործում են մասնագիտական կատարելագործման և ֆիզիկական պատրաստվածության բարձրացման նպատակով:
-Ամեն օր ծառայությունն ավարտելով գնում էի մարզադահլիճ և մարզվում: Ազատ ժամանակ կատարելագործում էի մասնագիտական հմտություններս: Որոշակի ջանքերի շնորհիվ ես ատեստավորվեցի և քննությունների արդյունքների հանրագումարով ստացա «գերազանց» գնահատական,- հպարտությամբ նշում է մայոր Ազիզյանը: -Իհարկե, գերազանց արդյունքը լրացուցիչ պատասխանատվություն է, բայց նաև մասնագիտական հետագա աճի հզոր խթան է:
ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #21 (1534) 14.06.2024 - 21.06.2024, Ազգային բանակ