ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող «Բանակային խաղերին» արդյունավետ նախապատրաստվելու և ռազմակիրառական մարզաձևերը հանրայնացնելու նպատակով զորամասերից մեկում անցկացվել են ռազմականացված քառամարտի, ինքնաձիգից և ատրճանակից հրաձգության մրցումներ։
Մրցումների ընթացքում ստուգվել են մասնակիցների ռազմամասնագիտական հմտություններն ու կարողությունները, ամրապնդվել է մարտական պատրաստվածության աստիճանը։ Տրվել են ցուցումներ` արձանագրված թերությունները շտկելու վերաբերյալ:
Արդյունքների ամփոփումից հետո հավաքական լավագույն թիմի մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով:
«Բանակային խաղերի» նախապատրաստական փուլին իր ակտիվ մասնակցությամբ աչքի է ընկել սերժանտ Ինգա Մելքումյանը:
-Արդեն 12 տարի է` ծառայում եմ զինված ուժերում, հպարտությամբ եմ կրում զինվորական համազգեստս,- ասում է Ինգան։ -Երբ հնարավորություն ընձեռվեց բացահայտել մեր ստորաբաժանման լավագույն մարզիկներին, որոշեցի փորձել ուժերս ու տղամարդկանց հետ մասնակցել ռազմականացված քառամարտի մրցումներին, ապացուցել, որ հայոց աշխարհի կանայք հարկ եղած դեպքում այդքան էլ փափկասուն չեն, տղամարդկանց պես ուժեղ, ամուր են ոգով ու մարմնով։
Շատ կարևոր է կնոջ դերը բանակում։ Մեր ներկայությամբ օգնում ենք տղամարդկանց լինել զգոն և աչալուրջ և ինչպես ընտանիքում, այնպես էլ ծառայության մեջ մեր ժպիտով ու ջերմությամբ նրանց առաջ ենք մղում նոր բարձունքներ նվաճելու։
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԵՐՄԻՇՅԱՆ
Խորագիր՝ #21 (1534) 14.06.2024 - 21.06.2024, Ազգային բանակ