ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՖՐԱՆՍԻԱ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախարար Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ: Արդյունքում՝ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարային ծրագրերը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: