ԳԵՐՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԸ
Մեր կյանքը դժվար է պատկերացնել առանց համակարգիչների և թվային տեխնոլոգիաների, դրանք արդեն մեր առօրյայի անբաժանելի մասն են: Սակայն մեզանից քչերը գիտեն, թե երբ և ինչ պայմաններում են ստեղծվել առաջին համակարգիչները, և որքան մեծ ներդրում ունեն մեր հայրենակիցները այս չափազանց կարևոր ոլորտում։
Բորիս Բաբայանը հաշվողական տեխնիկայի մասնագետ է, գիտնական, պրոֆեսոր։ Հաշվողական համալիրների կառուցման ճարտարապետական սկզբունքների վերաբերյալ աշխատությունների հեղինակ է: Նա մեծ դեր է խաղացել Խորհրդային Միությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և անվտանգության ապահովման գործում։ ԽՍՀՄ տարիներին մեր տաղանդավոր հայրենակիցը հայտնի էր միայն նեղ մասնագիտական շրջանակներում: Նրա աշխատանքների մեծ մասը դրոշմված էր «Գաղտնի» մակագրությամբ։
Բորիս Բաբայանը ծնվել է 1933 թ. դեկտեմբերի 20-ին։ 1957 թ. ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը։ 1957-1997 թվականներին աշխատել է ճշգրիտ մեխանիկայի և հաշվողական տեխնիկայի ինստիտուտում, 1997 թվականից դարձել Մոսկվայի հաշվողական տեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը։ Մեծ է նրա ավանդը խորհրդային և ռուսաստանյան հաշվողական համալիրների և գերարագ ԷՀՄ-ների ստեղծման գործում։ 1996-ից 2006 թվականներին մանկավարժական գործունեություն է ծավալել՝ ղեկավարելով կիրառական մաթեմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնները Մոսկվայի Ֆիզիկամաթեմատիկական և Էլեկտրոնիկայի և հաշվողական տեխնիկայի ինստիտուտներում։
Բաբայանը խորհրդային «Էլբրուս» գերհամակարգչի մշակողներից է։ Այս հզոր էլեկտրոնային մեքենաները դարձել են Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգի ուղեղը։ «Էլբրուս» գերհամակարգիչները տեղադրվում էին տիեզերական կենտրոնում, «Արզամաս-16» և «Չելյաբինսկ-70» միջուկային կենտրոններում։
Արխիվային որոշ նյութերի ապագաղտնիացումից հետո պարզվել է, որ այս ԷՀՄ-ները ժամանակին եղել են աշխարհում ամենահզորը, իրենց արտադրողականությամբ մոտ երկու անգամ գերազանցել են այդ տարիների ամենահզոր ԷՀՄ-ները։ Այլ երկրներում տվյալ տեխնոլոգիան սկսել են կիրառել ավելի քան մեկ տասնամյակ հետո միայն։
2001 թ. «Էլբրուս» հետազոտական ընկերությունը հայտարարում է, որ պատրաստ է անհատական համակարգիչների համար իրենց մշակած նոր՝ «Էլբրուս-2000» պրոցեսորի արտադրությանը։ Տվյալ պրոցեսորը այն ժամանակ չափազանց հզոր Pentium IV-ին իր արտադրողականությամբ գերազանցում էր 3-5 անգամ՝ ծախսելով ավելի քիչ էլեկտրաէներգիա։
Էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի զարգացման գործում ունեցած ավանդի համար Բորիս Բաբայանը բազմիցս պարգևատրվել է, արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Բաբայանը եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, այնուհետև՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Բաբայանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդը խորհրդանշող Intel Follow կոչմանն է արժանացել:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #22 (1535) 26.06.2024 - 3.07.2024, Հոգևոր-մշակութային