ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։
Պատերազմը կնոջ դեմք չունի, այո՛: Բայց խաղաղությունն է ոտքից գլուխ կին՝ հմայիչ, կանչող, ցանկալի, բաղձալի, սպասված: Թանկ: Բանակը հենց այդ խաղաղության նախապայմանն է ու երաշխիքը, երկրի հավասարակշիռ ընթացքի, կայունության, ընտանեկան ջերմության առհավատչյան: Բանակում կանայք միշտ էլ ներկայացված են եղել, գնահատված, մեծարված: Հիմա այդ ներկայությունը ավելի համակարգված ընդլայնվելու միտում ունի: Երիտասարդ հայուհիներին ընտրության բացառիկ հնարավորություն է տրվում: Եվ դա, կարծում եմ, հրաշալի է:
Մենք՝ ավագ սերնդակիցներս, Հայրենիքին ու ժողովրդին ծառայելու այս հնարավորությունից փոքր-ինչ ուշանալու պատճառով մի քիչ ափսոսելու տեղ ունենք այսուհետ…
Խրախուսելի է և ողջունելի այս ծրագիրը, որ կանանց նույնպես հնարավորություն է տալիս կամավոր հիմունքներով ծառայել բանակում: Դարերի ընթացքում հայ կինը միշտ էլ կանգնել է տղամարդու կողքին՝ թիկունքում, թե առաջնագծում:
Վերհիշեցի դպրոցական տարիներս, երբ մեզ՝ աշակերտներիս «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասագրքերը բաժանեցին, ու զինղեկը, ներկայացնելով առարկայի բովանդակությունը, ասաց՝ բոլորն էլ հավասարապես պետք է տիրապետեն նախնական զինվորական պատրաստության հիմունքներին՝ տղա, թե աղջիկ: Դրանից հետո անհամբեր սպասում էի այդ առարկայի դասաժամին: Երբ յուրացրինք ինքնաձիգն արագ քանդել-հավաքելու նրբությունները, հանգեցի այն մտքին, որ չկա մի ոլորտ, որ կնոջ համար անհասանելի լինի:
Մեծ հայրենական պատերազմի մասնակից պապս բազմիցս պատմել է, որ կանայք էլ տղամարդկանց հետ միասին կռվում էին, աչքի ընկնում իրենց խիզախությամբ:
44-օրյա պատերազմում ես կորցրել եմ 20-ամյա եղբորս: Միշտ ինքս ինձ ասում եմ՝ երանի հնարավորություն ունենայի մոտ լինել նրան, մեր հայրենիքի պաշտպան մյուս զինվորներին ու կարողանայի օգնել նրանց:
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #22 (1535) 26.06.2024 - 3.07.2024, Բանակ և հասարակություն