Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄ



ՆՎԻՐՈՒՄԲուժծառայության մայոր Գոհարիկ Արզումանյանը զինվորական բժշկության նվիրյալներից է: Երեւանի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Տիգրան Թունյանը նրան այսպես է ներկայացնում.

-Լավ մասնագետ է, հոգատար ու սրտացավ մարդ, բարեխիղճ է, պարտաճանաչ, սկզբունքային։

Բժշկուհու հետ զրուցել ենք զինվորական բժշկի դժվարին ու պատվաբեր մասնագիտության, նրա ծառայողական ձեռքբերումների մասին:

 

-Ծնունդով Ջավախքից եմ: Ընտանիքով Հայաստան ենք եկել հայրիկիս ցանկությամբ ու հորդորով: Եղբայրս որոշեց զինվորական դառնալ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվեց: Նրա ընտրությունն ինձ համար էլ ինչ-որ առումով ուղենիշ եղավ մասնագիտության ընտրության հարցում: Բացի այդ, մեր ընտանիքում առանձնահատուկ ակնածանք կա զինվորական բժիշկների հանդեպ: Հայրս իր խոսքում միշտ շեշտում էր, որ ցանկացած երկրում բժշկության ոլորտում ամենահմուտն ու փորձառուն հենց զինվորական բժիշկներն են: Խաղաղ պայմաններում, պլանային վիրահատությունների ժամանակ հանգիստ, առանց լարվելու կարելի է մանրակրկիտ հետազոտել հիվանդին, գնահատել հնարավոր վտանգները: Պատերազմական իրավիճակում այլ է՝ երկար մտածելու, քննարկելու ժամանակ չկա, պետք է հնարավորինս արագ կողմնորոշվել, գրագետ օգնություն ցուցաբերել:

Արզումանյանների գերդաստանում բժիշկներ շատ կան, Գոհարիկն իրենց գերդաստանի առաջին զինվորական բժիշկն է: Գերազանց գնահատականներով ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, օրդինատուրան, ապա որպես բուժկետի պետ ծառայության անցել զորամասային օղակներից մեկում: Հետագայում տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ: Զինվորական բժիշկը ծառայում է շուրջ քառորդ դար:

-Զինվորական բժիշկները երկու անգամ են երդվում՝ որպես հայրենիքի նվիրյալ պաշտպան եւ որպես բժիշկ: Դժվար չէ՞ երկու մասնագիտությունների համատեղումը:

-Ամենևին դժվար չէ: Պարզապես կրկնակի պատիվ է ու պատասխանատվություն:  Բանակը հզոր է ու մարտունակ ֆիզիկապես եւ հոգեպես  առողջ զինվորներով ու սպաներով: Հաճելի է գիտակցել, որ դու էլ ես պատասխանատու հայրենիքի պաշտպանի առողջության համար:

-Շուրջ մեկ տարի է՝ ղեկավարում եք հոսպիտալի ֆունկցիոնալ ճառագայթային ախտորոշման բաժանմունքը: Բաժանմունքը համալրվա՞ծ է նորագույն սարքավորումներով:

-Ճշգրիտ ախտորոշումը չափազանց կարեւոր է, անհրաժեշտ է բուժման ճիշտ մարտավարություն ընտրելու համար: Տարիների ընթացքում պարբերաբար «զինվել» ենք ժամանակակից տարբեր սարքավորումներով, ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռվել առավել մանրամասն հետազոտել հիվանդներին: Կատարվում է սրտի սոնոգրաֆիա, էլեկտրասրտագրություն, սրտի Հոլթեր հետազոտություն,  գաստրոսկոպիա եւ այլն:

-Դուք ունեք սրտաբանի նեղ մասնագիտացում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ընտրեցիք բժշկագիտության այս կարեւոր ու բարդ ճյուղը:

-Սիրտը մարդու օրգանիզմի շարժիչ ուժն է, կենսական օրգանը: Սրտաբանությունը թերապիայի թագուհին է: Դա է ինձ գրավել: Բացի այդ, այս ուղղությամբ անելիքը շատ է. Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, աճել է սիրտ-անոթային հիվանդությունների թիվը:

-Ի՞նչ նախանշաններ ունեն սրտի հետ կապված հիվանդությունները, ինչպե՞ս կարելի է ինքնուրույն հասկանալ, որ խնդիրներ կան:

-Գլխավոր նշաններից են ճնշող ցավերը կրծոսկրի շրջանում, որ ճառագայթում են դեպի ստորին ծնոտ, թեւ, որովայն, թիկունք: Սա հիմնականում բնորոշ է տարիքով մարդկանց, երիտասարդներն ունենում են արագ կամ դանդաղ սրտխփոցներ, սրտի անկանոն աշխատանք, շնչարգելություն, ուշագնացություն։ Ցանկացած նախանշանի դեպքում պետք է ժամանակին դիմել բժշկի. սիրտը կատակել չի սիրում։

-Ինչպե՞ս պահպանել սիրտը:

-Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկային գործոններից են զարկերակային գերճնշումը, ժառանգական նախատրամադրվածությունը, կյանքի լարված ռիթմը, սթրեսը, ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության պակասը: Սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է չափազանց մեծ ուշադրություն դարձնել ճիշտ ապրելակերպին եւ ճիշտ սնվելուն, սահմանափակել աղի, շաքարի օգտագործումը, սննդակարգից բացառել գազավորված ըմպելիքները, չչարաշահել խմիչքը, հրաժարվել ծխելուց: Պետք է սրտացավ լինել սրտի հանդեպ:

-Բժշկի մասնագիտությունը պահանջում է դժվարություններին դիմակայելու  կարողություն, անձնազոհություն: Պատերազմի ու թագավարակի համաճարակի օրերին զինվորական բժիշկների գործը անասելի ծանր էր: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ շրջանը:

-Պատերազմի օրերին ես ոգևորվել, հիացել և ուժ եմ ստացել մեր զինվորներից, նրանց հայրենասիրության, ընկերասիրության անչափելի դրսեւորումից: Շատերը դեռ կարգին չապաքինված՝ խնդրում էին իրենց շտապ դուրս գրել, որ միանային կռվող ընկերներին: Նրանց նվիրումը մեզ բոլորիս ավելի էր ոգեշնչում, օգնում չհուսահատվել, պայքարել… Այդ դժվարին ժամանակահատվածում հոսպիտալը գործել է որպես մեկ ամբողջական օրգանիզմ: Յուրաքանչյուր օղակ ջանք ու եռանդ չի խնայել առաջադրված խնդիրները ժամանակին եւ որակով կատարելու համար: Ամեն հաջողություն, զինվորի ու սպայի փրկված կյանք, առողջության վերականգնում համախմբված, թիմային աշխատանքի արդյունք է եղել: Երբ կա միասնական թիմ, փոխգործակցություն, միմյանց թեւ ու թիկունք լինելու պատրաստակամություն, բնականաբար, ամեն դժվարություն էլ հեշտ հաղթահարելի է: Սիրում եմ գործս, կոլեկտիվս:

Այդ օրերին ինձ շատ է աջակցել, ուժ տվել նաև ընտանիքս: Ամուսինս, տղաս ասում էին՝ գնա՛ մեր զինվորների կողքին եղիր, հիմա դու իրենց ավելի ես պետք: Թե՛ ընտանիքում, թե՛ հոսպիտալում իմ ծառայությունը գնահատվել է: Իսկ գնահատված, արժեւորված մարդու նվիրումն անսահման է:

 

Բուժծառայության մայոր Գոհարիկ Արզումանյանը իր նվիրված ծառայության համար բազմիցս պարգեւատրվել է տարբեր պատվոգրերով ու մեդալներով: Անկեղծանում է՝ ամենամեծ պարգեւն իր համար ապաքինված, շարք վերադարձած  զինծառայողն է:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարը՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #22 (1535) 26.06.2024 - 3.07.2024, Ազգային բանակ


01/07/2024