Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱԳԱ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ



ԱՊԱԳԱ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸՄելինե Թամրազյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ է: Դասակի հրամանատարը նրան այսպես է ներկայացնում՝ «օրինակելի, բանիմաց կուրսանտ է, առաջադրված խնդիրները կատարում է ճիշտ և ժամանակին, չի վախենում դժվարություններից և պատվով է հաղթահարում դրանք»։

Մելինեի հետ շրջում ենք ակադեմիայում: Նա հընթացս խոսում է զինվորական առօրյայի, ծառայության առանձնահատկությունների, դժվարությունների հաղթահարման մասին։

-Արդեն չորս տարի է` կյանքս զինվորական ռիթմով է ընթանում։ 2020 թվականին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունվելիս չէի պատկերացնում, որ բարձրագույն ռազմական կրթություն կստանամ, սպա կդառնամ, սակայն վարժարանն ամբողջությամբ փոխեց կյանքս։ Սկզբում հայրս դեմ էր իմ ծառայությանը, ասում էր, որ դա աղջկա գործ չէ, սակայն 44-օրյա պատերազմը շատ բան փոխեց։ Պատերազմի մասնակից հայրս արդեն խրախուսեց որոշումս, ասելով` աղջիկները պետք են մեր բանակին, ձեր ներկայությունը ուժ ու եռանդ կտա զինվորին ու սպային։

Կուրսանտ Մելինեն ընտրել է հրետանավորի բարդ ու դժվարին մասնագիտությունը։ Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում նա ձգտում է նաև ինքնակրթությամբ զարգացնել մասնագիտական կարողություններն ու հմտությունները, զորքեր մեկնել որպես լիարժեք պատրաստված հրետանավոր:

-Յուրաքանչյուր կուրսանտ` տղա, թե աղջիկ, պետք է բանիմաց և կարգապահ լինի, փորձի ինքն իր համար գտնել կատարելագործվելու ճիշտ ուղին: Ակադեմիայում լիարժեք ուսում ենք ստանում, առօրյան հագեցած ու ծանրաբեռնված է: Մասնակցում ենք դասացուցակով նախատեսված բոլոր պարապմունքներին, կոփում և զարգացնում մեր ֆիզիկական կարողությունները, կատարելագործում գիտելիքները մարտավարամասնագիտական բոլոր առարկաներից,- ասում է Մելինեն: -Հրետանին պատերազմի աստվածն է, հաճախ որոշում է մարտի ելքը։ Ճշգրիտ հաշվարկ, կրակի կառավարում, նշանակետի խոցում… Հրետանին խմբային զինատեսակ է և պահանջում է համախմբված աշխատանք։ Յուրաքանչյուրիս սխալն ուղղակիորեն կազդի վերջնարդյունքի վրա։ Իմ մասնագիտությունը պահանջում է մտքի ճկունություն և վերլուծելու կարողություն: Բարդ մասնագիտություն է, բայց ես պատրաստ եմ առանց ջանք խնայելու հմտանալ իմ գործում՝ դառնալով լավ սպա, հայրենիքի արժանի պաշտպան:

 

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԵՐՄԻՇՅԱՆ

Խորագիր՝ #22 (1535) 26.06.2024 - 3.07.2024, Ազգային բանակ


01/07/2024