Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄԶորամասերում ամփոփվում է ուսումնական փուլը: Զինծառայողները քննություններ են հանձնում, ցուցադրում են այս ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Քննությունների արդյունքներով ուսումնական զորամասերի ժամկետայինները կտեղափոխվեն արդեն հիմնական զորամասեր՝ որպես ջոկի հրամանատարներ, մարտական դիրքի ավագներ:

 

Շարահրապարակում հրետանային ուսումնական ստորաբաժանման անձնակազմն է: Հրամանը լսելուն պես ժամկետայիններն անցնում են առաջադրված խնդրի կատարմանը: Հենց այստեղից է սկսվում կրտսեր հրամանատար դառնալու զինվորի ուղին, ուստի տղաներն առավելագույն պատրաստվածությամբ ու զգոնությամբ են ներկայանում քննական հանձնաժողովին, ցուցադրում անցած հինգ ամիսներին սովորածն ու դրանք գործնականում կիրառելու հմտությունները:

Տեղամասերից մեկում քիչ անց ստուգվում է անձնակազմի ֆիզիկական պատրաստվածությունը: Հանձնաժողովը ապագա կրտսեր հրամանատարների մասնագիտական որակները քննում է անհատապես, վերհանում թերացումներն ու բացթողումները: Զինվորները ցուցադրում են իրենց ունակություններն ու կոփվածության մակարդակը:

Ժամանակն է նաև ստուգելու զինտեխնիկային տիրապետելու տեսական իմացությունը: Լսարանային պայմաններում ժամկետայինները յուրացրել են հրետանային բոլոր զինատեսակները գործարկելու եւ կիրառելու կարգն ու առանձնահատկությունները:

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄՔննությունների վճռորոշ փուլում հրետանավորներն իրենց ամրակցված հրետանային միջոցը գործնականում կիրառելու հմտությունն են ցուցադրում: Հաշվարկը պետք է գործի արագ ու ճշգրիտ, առանց թերացումների, կարողանա մարտական վիճակի բերել զինատեսակը ու դիպուկ կրակ արձակել: Կրակային պատրաստությունը նույնպես ամփոփիչ քննությունների առանցքում է:  Անձնակազմը նախապես հրահանգավորվել է հրաձգություն վարելու ու անվտանգության կանոնների մասին։ Գերազանց գնահատական ստանալու համար  պետք է խոցել բոլոր թիրախները:

Ստորաբաժանման հրամանատար Աշոտ Սարգսյանը նշում է.

-Անձնակազմը ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու գործնական ունակությունները փորձում է առավել բարձր մակարդակով ցույց տալ հանձնաժողովին: Հրամանատարական կազմն ամեն ինչ արել է, որ ուսումնառության ընթացքում զինվորները լիարժեք յուրացնեն ծրագիրը ու որպես լիարժեք պատրաստված կրտսեր հրամանատարներ շարունակեն ծառայությունը:

Քննական օրվա ավարտին հանձնաժողովի անդամները փաստում են՝ անձնակազմը մասնագիտորեն պատրաստված է, քննություններին ներկայացել է գիտելիքի մեծ պաշարով:

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄԱպագա կրտսեր հրամանատարների հետ ենք զրուցում:

Զոհրաբ Կիրակոսյանն իր ողջ ուժերով ներգրավվել է ծառայությանը, ջանք չի խնայել քննություններին պատրաստվելու ընթացքում: Նվիրումի ու ֆիզիկական լավ հատկանիշների շնորհիվ նա նաև համաբանակային խաղերի հաղթող է դարձել: Քննական իր արդյունքներից գոհ՝ Զոհրաբն ասում է.

-Իհարկե, հեշտ չէ, բայց բոլորս էլ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր ծառայությանը: Հասկանում ենք, որ այստեղ ենք մի խնդրի համար՝ եկել ենք մեր երկիրը, մեր հողը պահելու:

Մարտին Մալինցյանը խոստովանում է՝ սկզբնական շրջանում համեմատաբար ցածր էր իր պատրաստվածությունը, բայց այսօր նա վստահաբար կկարողանա ճիշտ կիրառել իր մասնագիտական կարողությունները, գործել որպես հմուտ հրետանավոր:

Նարեկ Մելքոնյանն էլ  հավելում է.

-Անցած ամիսների ընթացքում շատ բան ենք սովորել, արդեն վստահ ենք մեր ուժերին, պատրաստ ենք հետագա ծառայությանը: Բոլորս էլ մեկ նպատակի համար ենք ծառայում՝ պաշտպանելու մեր հայրենիքը ու ջանք չենք խնայում պատրաստվելիս:

Տղաների խոսքը եզրափակում է Սպարտակ Ներսիսյանը:

-Ծառայությունն ինձ շատ ընկերներ է տվել, և այժմ ես նրանց հետ միասին հմտորեն տիրապետում եմ ամրակցված զինատեսակի բոլոր նրբություններին: Ես կոփվել եմ, ձևավորվել որպես մարտիկ, ինչը հայ երիտասարդի կարևոր հատկանիշներից մեկը պիտի լինի:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #22 (1535) 26.06.2024 - 3.07.2024, Ազգային բանակ


01/07/2024