Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ



ԶՈՐԱԿՈՉՀատվածներ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ ԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հարցազրույցից

 

-Մեկնարկել է ամառային զորակոչը: Ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել նախապատրաստական աշխատանքներից, ի՞նչ կարող են բերել զորակոչիկներն իրենց հետ, ովքե՞ր կարող են ուղեկցել մինչև կենտրոնական հավաքակայան և այլն:

-Ապրիլի 29-ից մեկնարկել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչը: Իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ զորակոչիկների նախնական և անհրաժեշտ այլ հետազոտությունների ուղեգրման, նրանց ընտանեկան դրության, կրթական մակարդակի ուսումնասիրության: Հունիսի 24-ից մեկնարկել է բուն համալրման գործընթացը, որի շրջանակում զորակոչիկները պիտի մեկնեն հետագա զինվորական ծառայության և նախանշանակվեն նախորոշված զորամասեր՝ ծառայության անցնելու: Նախապատրաստական շրջանում խնդիրներ չեն արձանագրվել, գործընթացը եղել է սահուն, արվում է ամեն ինչ՝ այսուհետ է՛լ ավելի կազմակերպված անցկացնելու համար:

Ոչինչ չպետք է բերել զինված ուժեր զորակոչվելիս, որովհետեւ պաշտպանական գերատեսչությունը հոգում է այն ամենը, ինչի կարիքը կա: Տարիներ շարունակ ծնողները զորակոչիկների հետ ուղարկել են ինչ-որ անհրաժեշտ պարագաներ: Հիմա կարող եմ հորդորել ուղարկել միայն առաջին անհրաժեշտության մի քանի պարագա՝ առաջին կամ հաջորդ օրը օգտագործելու համար: Հանրապետական հավաքակայանում զորակոչիկներն ապահովվում են անհրաժեշտ սննդամթերքով, նրանց տրվում են հատուկ տուփեր սննդամթերքով՝ հարմարեցված ճանապարհին օգտագործելու համար: Զորամաս ժամանելուն պես դրվում են ամեն տեսակ բավարարումների, անգամ անհատական հիգիենիկ պարագաների անհրաժեշտություն կարող է չզգացվել:

Հանրապետական հավաքակայանում վերսկսվել է զորակոչիկների հանդերձավորման գործընթացը, եւ նրանք մեկնում են զորամասեր զինվորական համազգեստ ստացած: Քաղաքացիական հագուստը կնքված տոպրակներով հարազատները կստանան զինկոմիսարիատներում:

 -Զորակոչի հետ կապված ամենազգայուն հատվածը բուժզննությունն է և բժշկական հանձնաժողովների եզրակացություններն են: Նախորդ զորակոչի ընթացքում մի շարք դժգոհություններ են եղել: Արդյոք ուսումնասիրվե՞լ են այդ բողոքները, և ի՞նչ աշխատանքներ են տարվել արձանագրված խնդիրները շտկելու համար:

-Զորակոչի ընթացքում ամենաքննարկվող և ուշադրության կենտրոնում գտնվող հարցը առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության գործընթացն է, բայց պիտի նշվի, որ այն ոչ միայն պաշտպանական գերատեսչության, այլև առողջապահության նախարարության անմիջական հսկողության ներքո է: Իհարկե, դժգոհություններ միշտ կան՝ կապված փորձաքննական ծավալների, փորձաքննության գործընթացի, մարդու առողջական վիճակի վերաբերյալ սեփական պատկերացումների կամ ընկալումների հետ: Գործընթացը կանոնակարգված է կառավարության որոշմամբ, այսինքն՝ այն գործընթացները, որոնց միջով զորակոչիկը պիտի անցնի, հստակ շարադրված են իրենց հերթականությամբ՝ անցնել պոլիկլինիկական հետազոտություն, դրանց հիմքի վրա փորձաքննվել զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում, հետագայում անհրաժեշտության դեպքում անցնել կլինիկական հետազոտություններ: Որպես նոր ձեռքբերում կամ զորակոչի գործընթացի արդիականացման, բարեփոխման մի տարր կարող եմ նշել, որ սա առաջին զորակոչն է, երբ ամբողջությամբ գործընթացն իրականացվում է առողջապահության էլեկտրոնային Արմեդ համակարգի միջոցով: Մենք տվյալները ստանում և փոխանցում ենք, զորակոչիկներին հետազոտության ուղարկում և տվյալները ստանում ենք բացառապես էլեկտրոնային եղանակով: Բացառվում է մեր աշխատակիցների մուտք գործելը բուժհաստատություն: Եվս մեկ առավելություն՝ զորակոչիկներն ունենալով Արմեդ հավելվածը՝ տեղում կարողանում են առանց զինկոմիսարիատ գնալու, փաստաթուղթ պահանջելու ծանոթանալ իրենց առողջական վիճակի հետազոտական ակտերին: Այսպիսով և՛ թափանցիկության մակարդակն է բարձրանում, և՛ զորակոչիկները տեսնում են, որ առողջական վիճակի գնահատականը տրված է ոչ թե զինկոմիսարիատում, այլ մասնագիտական հետազոտություն իրականացնող բժշկական հաստատության կողմից: Անհրաժեշտության դեպքում, հնարավոր է արագ բողոքարկում կազմակերպել:

-Վերջերս կառավարությունն ընդունեց որոշում, որով քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:

-Խոսքը երեք ախտաբանական ձեւերի մասին է՝ մանկավարժական բարձիթողի վիճակ կամ գրագիտության ցածր մակարդակ, գլխուղեղի բարորակ նորագոյացություններ և զարգացման տարբերակներ, գիշերամիզություն, բայց զինվորական ծառայության ընթացքում: Վերջին դեպքը որևէ կերպ չի անդրադառնում զորակոչի գործընթացին, որովհետև, ինչպես նախկինում էլ ուրոլոգիական կամ նյարդաբանական ախտահարումներ չունեցողները ճանաչվում էին պիտանի: Խոսքը միայն զինծառայողներին է վերաբերում, նրանց ծառայությունը օրվա հեշտացված կարգացուցակով կազմակերպելուն:

Եթե նորագոյացությունները հայտնաբերվում են առանց որևէ կլինիկական դրսևորման, չեն ազդում որևէ օրգանի գործառույթի վրա, որևէ վտանգ չեն ներկայացնում, ուրեմն անձը պրակտիկ առողջ է և կարող է զորակոչվել: Կամ այսպիսի մի օրինակ՝ անձը 5-րդ դասարանից դպրոց չի հաճախել, ուրեմն, ինչ, չի՞ կարող սոցիալականացվել: Անգամ մասնագիտական կարծիք կա, որ նման դեպքերում ծառայությունը նրանց սոցիալականացման և միջավայրին հարմարվողականության ունակություն և հնարավորություն է տալիս: Իհարկե, շատ կարևոր է, որ նրանք պիտի անցնեն մասնագիտացված կլինիկաներում խորացված հետազոտություն վարքային և հարմարվողականության խանգարումների փաստը կամ բացակայությունը արձանագրելու համար: Նման զորակոչիկների համար լինելու են սահմանափակումներ, չեն ընդգրկվելու մարտական հերթապահությունում, արգելվելու է մեքենավարումը և անձնակազմի կառավարումը:

-Օրենքը սահմանում է, որ նորակոչիկների համար զինծառայության վայրի ընտրությունը պետք է վիճակահանությամբ կատարվի, սակայն կան բացառություններ: Որո՞նք են դրանք:

-Վիճակահանությունը պարտադիր է օրենքով, սակայն կան դեպքեր, երբ զորակոչիկը կարող է հետագա ծառայությանը նախորոշվել առանց վիճակահանության: Մասնավորապես, երբ հարազատ եղբոր ծառայությունը չի գերազանցում 17 ամիսը, կարող է զորակոչվել նույն զորամաս առանց վիճակահանության: Նաև պաշտպանության նախարարի հրամանով սահմանված են հատուկ մասնագիտական ստորաբաժանումներում ծառայության անցնելու կարգերը: Պաշտպանության նախարարությունը միշտ հայտարարում է այդ մրցույթները, ամեն ինչ մանրամասն կանոնակարգված է:

-Ձմեռային զորակոչի ժամանակ առաջին անգամ գործարկվեց մասնագիտացված ընտրության էլեկտրոնային նոր համակարգը, որը հնարավորություն է տալիս հարցաշարերի միջոցով իմանալ, թե զորակոչիկն ի՞նչ մասնագիտական հմտություններ ունի, ինչի հիման վրա նրան զորակոչում են համապատասխան զորամաս: Ինչպե՞ս կգնահատեք այդ համակարգի արդյունավետությունը:

-Այդ համակարգը միայն դրական գնահատանքի է արժանի, քանի որ բացառվում է մարդկային գործոնն ընտրության ժամանակ: Համակարգն ինքն է գնահատում՝ ելնելով թեստավորման արդյունքներից, որոշում, ունի՞ անհրաժեշտ գիտելիքներ, թե ոչ, և այդ գիտելիքների ուղղվածությունը տեխնիկակա՞ն է, թե՞ հումանիտար, քանի որ հետագայում ուսումնական զորամասեր նախորոշվելիս այդ գիտելիքների ուղղվածությունն է հիմք դառնում:

-Եթե նորակոչիկը կամ նրա հարազատները դժգոհ են վիճակահանության կամ բուժզննության արդյունքներից, որտե՞ղ և ի՞նչ ընթացակարգով կարող են բողոքարկել:

-Վիճակահանության բողոքարկման դեպք երբևէ չի եղել, որովհետև գործընթացը բաց և թափանցիկ է: Զորակոչիկի ընտանիքի անդամները իրենց իսկ հաշվառման տարածքային ստորաբաժանումից առցանց ռեժիմով հետևում են վիճակահանությանը: Առողջական վիճակի դեպքում կանոնակարգված է կառավարության որոշմամբ, կարող է բողոքարկվել պաշտպանության նախարարին եզրակացություն կայացնելուց հետո երկամսյա ժամկետում: Չի բացառվում նաև հետագայում ընդհանուր վարչական դատավարության կարգով քաղաքացու վերաբերյալ կայացված եզրակացության բողոքարկումը:

-Գիտեք, որ նորակոչիկներին բանակ ճանապարհող ծնողներն ունեն որոշակի մտավախություններ: Ձեր կոչը, հորդորը մեր ծնողներին:

-Կցանկանայի մեր ծնողներին հորդորել լինել ավելի հանգիստ, լինել վստահ, որ պաշտպանական գերատեսչությունը ձեռնարկում և ձեռնարկելու է ամեն ինչ զորակոչը, հետագայում նաև այդ տղաների զինվորական ծառայությունը պատշաճ կազմակերպելու համար: Որևէ խնդիր չի մնում աննկատ կամ չգնահատված: Ծառայության ընթացքի մասին ցանկացած հարց կարելի է ճշտել տարածքային ստորաբաժանումից, որտեղ բոլորը պատրաստակամ են լսելու, աջակցելու: Ուզում եմ վստահեցնել՝ որևէ մեկը չի փորձում իրենց զավակներին գործող կարգավորումներին հակառակ զորակոչել: Մենք առաջին շահառուն ենք ունենալ առողջ զորակոչիկ, զինված ուժեր զորակոչել առողջ քաղաքացի, հետագայում առողջ վերադարձնել:

Խորագիր՝ #22 (1535) 26.06.2024 - 3.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/07/2024