ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆՆ Է
Զրույց բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարո՛ն Պողոսյան, յուրաքանչյուրիս հոգու երգն իր ակունքն ունի, որտեղի՞ց է բխում Ձերը, ի՞նչ խտացումներից է ծնվել Ձեր անսահման նվիրումը հայ աշուղական, ժողովրդական երգին:
-Պապերս Ալաշկերտից են գաղթել։ Վերաբնակվել են Լոռու Սարչապետ գյուղում։ Նրանք տոհմիկ հոգեւորականներ էին։ Սաթենիկ տատս շատ ավանդապաշտ կին էր, աստվածավախ։ Նույն ոգով էլ մեզ էր դաստիարակում՝ սերմանելով բարություն, ներողամտություն, սեր։ Ես տատիցս եմ լսել մեր հոգեպարար մեղեդիներն ու հոգեւոր երգերը։ Բառացիորեն օրորոցից ամեն օր ականջիս տակ հնչել են ազգային երգի սրտառուչ հնչյուններն ու դարձել են իմ հոգու երգը։
Շատ կարեւոր է, թե ինչ միջավայրում ու ինչ արժեքներով են ձեւավորվում երեխայի մտածելակերպը, չափանիշները, ովքեր եւ ինչպես են ուղղորդում նրա ձգտումներն ու երազանքները, բարու եւ գեղեցիկի մասին պատկերացումները։ Իմ կյանքն ու անցած ճանապարհը խորապես պայմանավորված են մանկության տպավորություններով, այդ շրջանի դաստիարակությամբ և ըմբռնումներով։ Ես Թբիլիսիում հայկական դպրոց ավարտեցի, սովորեցի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, այնուհետեւ ստացա բանասիրական կրթություն։ Կյանքիս այդ շրջանն առանձնանում է իր բացառիկ ազգային շեշտադրությամբ։
Իմ ներաշխարհի վրա մեծ ազդեցություն ունեցավ հատկապես Մայրավանքի ազգային միջավայրը, որտեղ թագավորում էին ոսկեղենիկ մայրենի լեզուն, երգն ու երաժշտությունը, արվեստը։ Անմեկնելի հոգեւոր մի կամուրջ՝ անցյալի եւ ներկայի միջեւ, որ գոյացավ անգերազանցելի հայ մշակույթի հետ շփվելիս։ Բանասիրականն ավարտելուց հետո սկսեցի ուսուցչություն անել Աբովյանի շրջանի լեռնային Հատիս գյուղում։ Ես եւ իմ աշակերտները հիմնեցինք գյուղի պատմության թանգարանը։ Տնից տուն ընկած հին կահ-կարասի էինք հավաքում, խուրջին, գորգեր, խեցեղեն եւ այլն։ Մեր նախնիները հարուստ ու արժեքավոր հոգեւոր-մշակութային ժառանգություն են թողել իրենց հետնորդներին, ու հայ երեխան պիտի այդ ժառանգության տերը դառնա, իրեն հարուստ ու հպարտ զգա աշխարհի առաջ։
-Դուք բազմաթիվ ժողովրդական ու աշուղական երգերի անզուգական կատարող եք և Ձեր ավանդն անուրանալի է հայ ազգային երգեցողության զարգացման գործում, բայց բազմապատիկ կարևոր է այդ երգերը հայտնաբերելու և մոռացումից փրկելու Ձեր տասնամյակների տքնանքը:
-Բանահավաքությունը եղել է իմ գործունեության ամենակարևոր ուղղությունը: Ես բաց չեմ թողել Հայաստանի ոչ մի անկյուն, անցել եմ գյուղից գյուղ, մտել եմ տնից տուն ու գրառել եմ մեր մոռացված աշուղական երգերի վերջին պատառիկները, որոնք մնացել են մարդկանց հիշողության մեջ: Ազգը իր նյութական հարստությունը կարող է կորցնել ու կրկին գտնել, կարող է պարտվել և կրկին հաղթել, նույնիսկ հողի կորուստը վերջնական դատավճիռ չէ ու վերականգնելի է, անդառնալի են մշակութային կորուստները: Հենց մշակույթն է կերտում ազգի դիմագիծը, ձևավորում նրա յուրահատուկ ինքնությունը, կերպը: Արվեստի բոլոր գլուխգործոցներն ունեն ազգային հենք, ազգային դիմագիծ։ Աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ, ինքնատիպությամբ։ Համահարթեցման, համանմանեցման ու օտար ազդեցությունների արշավը վտանգավոր է հատկապես փոքրաթիվ ազգերի համար։ Այս մեծ եւ անկասելի աղմուկը կուլ կտա մեր փոքրիկ, բայց աննման ու գեղեցիկ ձայնը, եթե սիրով ու նախանձախնդրորեն չպահպանենք այն։ …Ես հավաքագրել եմ 10 հազար աշուղական ու ժողովրդական երգեր:
-10 հազար փրկված երգ… Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ տիտանական աշխատանք է թաքնված այս թվերի հետևում: Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ երգերին, որո՞նք են հետագա քայլերը:
-Մենք արդեն հրատարակել ենք «Հայ աշուղական երգի գանձարանի» 18 հատորները և շարունակելու ենք այդ աշխատանքները: Բացի դրանից, ես 20 տարի նվիրել եմ Ջիվանու գործունեությանը և հայտնաբերել եմ աշուղի 400 անհայտ երգեր: Ջիվանու ծննդյան 150-ամյակի առթիվ հրատարակեցի դրանցից 150-ը:
-Պարո՛ն Պողոսյան, Դուք «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահն եք, դասավանդում եք կոնսերվատորիայում, բանասիրական գիտությունների դոկտոր եք, աշուղական երգի համույթ ու աշուղական դպրոց եք ղեկավարում… Որտեղի՞ց եք այդքան ուժ գտնում, ի՞նչն է այդպես խանդավառում Ձեզ…
-Այո՛, ես շատ եմ աշխատում: Աշխատանքը մեզ կարող է հասցնել ցանկացած նպատակի, ցանկացած երազանքի իրագործմանը: Ինձ խանդավառում է սերը Հայրենիքիս ու իմ գործի հանդեպ: Հայաստանն իմ բոլոր երազանքների հանգրվանն է: Հայաստանը քարից հաց քամող իմ ժողովուրդն է, քարը քարին դնող հայ մարդը, կյանքը հայրենիքին տված քաջի գերեզմանը «Եռաբլուրում» ու մեր կողքին մեծացող նրա զավակը, Հայաստանը սահմանին կանգնած, իր անքնությամբ մեր քունը հսկող զինվորն է։ Ես պարտք ունեմ նրանց առաջ: Ես նրանց մասնիկն եմ: Ահա տիրոջ այս զգացումը պիտի արթնացնենք մեր զավակների մեջ, որ սահմանն ավելի ամուր լինի, հայրենիքը՝ ավելի սիրված, երկիրը՝ ավելի շեն:
-Ինչպե՞ս կբնութագրեք մեր զինվորներին, նրանց կերպարը։
-Ես խրամատում երգել եմ զինվորների համար ու այլևս երբեք չեմ կարող հոգեպես բաժանվել նրանցից: Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկի, Վազգենի, Մոնթեի հոգեզավակներն են մեր զինվոր տղաները: Բանակը բոլորիս ուժն ու հարստությունն է։ Պիտի ամեն ինչ անենք, որ զինվորը զգա մեր երախտագիտությունը, սերն ու հոգատարությունը: Մենք միասին ենք կռելու մեր ժողովրդի ռազմական ու մշակութային փառքը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #23 (1536) 4.07.2024 - 10.07.2024, Հոգևոր-մշակութային