ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՀՂԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանը զինված ուժերի ամենամեծ ուսումնական կենտրոնն է: Նախատեսված է բոլոր զորատեսակների ստորաբաժանումների՝ դաշտային ելքեր, ճամբարային հավաքներ, տարբեր վարժանքներ, զորավարժություններ, մարտական հրաձգություն անցկացնելու համար՝ ջոկից մինչև գունդ կազմով: Զորավարժարանի տարածքում հնարավոր է կիրառել ցանկացած տեսակի մարտական տեխնիկա և սպառազինություն: Զորավարժարանի պետ, փոխգնդապետ Տիտալ Խուդոյանի հետ զրուցել ենք զորավարժարանի հնարավորությունների, հագեցվածության, մարտական պատրաստության գործում կարևորագույն դերակատարման մասին:
-Մեր հիմնական գործառույթը տարաբնույթ վարժանքների մասնակցող անձնակազմին անհրաժեշտ իրադրություն ապահովելն է՝ իրենց մասնագիտությանը, վարժության պայմաններին և առանձնահատկություններին համապատասխան: Տևական ժամանակ է՝ մեզ մոտ պատրաստվում են նաև պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցները: Ունենք պատրաստության մի քանի ուղղություն՝ տանկային, ՀՄՄ, զորային հրետանու, ՀՕՊ, դիպուկահարների և մարտավարական դաշտ, որը լայնածավալ զորավարժություն անցկացնելու հնարավորություն ունի: Զինված ուժերում դժվար է գտնել մի ստորաբաժանում, որ այստեղ պարապմունք անցկացրած չլինի: Նաև չի եղել դեպք, որ չկարողանանք ապահովել վարժության պայմանները: Ժամանող ստորաբաժանումների հրամանատարների հետ միասին կատարվում է տեղազննություն, որից հետո նախապատրաստվում է մարտավարական կամ կրակային պատրաստության համապատասխան դաշտը, պահանջվող թիրախային իրադրությունը: Դաշտային պայմաններում զինծառայողները կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները: Այստեղ ստուգվում է յուրաքանչյուր զինվորի ու սպայի պատրաստվածության աստիճանը, ուսումնական փուլի ընթացքում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների արդյունավետությունը:
Նշեմ, որ մեզ մոտ անցկացվող գործնական վարժանքների թիվը զգալիորեն ավելացել է: Որոշակիորեն փոխվել է նաև պարապմունքների ձևաչափը՝ թեկուզ փոքր ուժերով, բայց տարբեր զորատեսակների ստորաբաժանումների ներգրավմամբ: Նախատեսում ենք կահավորել նոր ուսումնական կետեր, որոնք անցնելուց հետո միայն զինվորը հրաձգություն կվարի՝ սկզբում վարժասարքերով, հետո նաև ամրակցված զինատեսակով:
Մեր կենտրոնի հագեցվածությունը գոհացուցիչ է, այդուհանդերձ, ուսումնանյութական բազան ամեն տարի զարգանում, կատարելագործվում է, թարմացվում, փոխարինվում են թիրախները, ամբարձիչները: Առաջիկայում կրակի կառավարման կետերում աստիճանաբար անցում կկատարենք համակարգչային կառավարմամբ նոր վահանակների:
Յուրաքանչյուր զինվորական սիրում է գովել այն զորամասը, որտեղ ծառայում է, բայց ես իրականում շատ գոհ եմ իմ անձնակազմից: Բոլորն էլ գերազանց տիրապետում են իրենց պարտականություններին, ահռելի ծանրաբեռնվածության պայմաններում կարողանում են կարճ ժամկետում ապահովել պլանային և արտապլանային միջոցառումների անխափան անցկացումը: Պարզապես նշեմ՝ միայն անցած ամիսների ընթացքում մի քանի հազար զինծառայող զորավարժարանում մասնակցել է տարատեսակ վարժանքների: Այդ ծանրաբեռնվածությանը զուգահեռ մեր անձնակազմից երկու խումբ հասցրել է նախապատրաստվել և ատեստավորման քննություններ հանձնել բարձր արդյունքներով:
Գործը՝ գործ, վարժանքը՝ վարժանք, բայց անվտանգության ապահովմանը զորավարժարանում առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում: Այստեղ զինվորական ծանր տեխնիկա են վարում, կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից, գործածվում է ավիացիա և ծանր հրետանի: Զորավարժարանը բավական մեծ տարածք է զբաղեցնում՝ մի քանի հազար հեկտար: Այն սահմանակից է միանգամից մի քանի համայնքների: Պարզ է, որ այդքան մեծ տարածություն վերահսկելը չափազանց դժվար է: Այդ պատճառով էլ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում շրջակա համայնքների բնակիչների հետ, հրահանգավորում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անհրաժեշտ բացատրական և կազմակերպական աշխատանքներ են տարվում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Բացի այդ, սահմանված տեղամասերում տեղադրված են ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ միջոցառումների ժամանակ տարածքը շրջափակվում է, առանց դրա հրաձգություն չի կատարվում:
Զինված ուժերի մարտունակությունը խաղաղ պայմաններում որոշվում է նաև մեծ ու փոքր զորավարժությունների միջոցով: «Բաղրամյան» զորավարժարանն ունի բոլոր հնարավորությունները՝ բացահայտելու ստորաբաժանումների իրական մարտական հնարավորությունները: Զորավարժարանը ծանրաբեռնված է ամբողջ տարվա ընթացքում: Միայն նախապատրաստական փուլում կամ էլ զորակոչի շրջանում է փոքր-ինչ հանգիստ տիրում: Նույնիսկ այդ ընթացքում հրաձգարանի անձնակազմը չի հանգստանում: Ամբողջ տարածքը մանրակրկիտ ուսումնասիրվում է, նորոգվում են վնասված ենթակառուցվածքները: Ամեն ինչ կարգի է բերվում, և գործընթացը նորից է սկսվում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ
Խորագիր՝ #23 (1536) 4.07.2024 - 10.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում