ՅՈԹ ՈՐԴՈՎ
Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում վերջերս մի բազմազավակ ընտանիք է տեղավորվել: Աթասյան Արամայիսն ու Սաթենիկը 7 որդի ունեն: Ավագը՝ Գրիշան, 9 տարեկան է, կրտսերը՝ Գրիգորը, մի քանի օր առաջ է ծնվել: Բարեկամավանցիներն ասում են՝ երեխաները իրենց անհոգ աղմուկ-ծիծաղով «խաթարել են» գյուղի անդորրը և ուրախություն սփռել շուրջբոլորը: Ես ընտանիքի մոր՝ Սաթենիկի հետ զրույցն սկսում եմ՝ հիշեցնելով հայկական ավանդական բարեմաղթանքը:
-Յոթ որդով սեղան նստելը մեր պապերի ամենամեծ երազանքն է եղել, ամենաշռայլ օրհնությունը:
-Այո՛, նաև ասում են՝ մի զինվոր էլ ծնվեց: Արու զավակը առաջին հերթին Հայրենիքի պաշտպան է, հետո՝ հոր թիկունքն ու օջախի ծուխը:
-Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք հենց Բարեկամավանում՝ սահմանամերձ գյուղում ապրել:
-Մենք Մարտակերտի Խնկավան գյուղից ենք: Հեռուստացույցով ասացին, որ Բարեկամավանում դատարկ տներ կան, ու բարեկամավանցիները պատրաստ են դրանք առանց վարձի տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին: Հետո ցույց տվեցին Բարեկամավանի համայնապատկերը: Էնքան նման էր Խնկավանին: Ոնց են ասում՝ սիրտս կպավ: Բացի այդ, եթե բոլորս հավաքվենք կենտրոնում, բա սահմանամերձ գյուղերն ո՞վ պիտի պաշտպանի, ապրեցնի: Մեր գալուց հետո գիշերը մի լույս ավելի է վառվում Բարեկամավանում, առավոտյան երեք երեխա ավելի է գնում դպրոց:
Վեց տղաներս Խնկավանում են ծնվել՝ Գրիշան, Գևորգը, Գոռը, Համլետը, Հայկն ու Սամվելը: Գրիգորը բարեկամավանցի է, դեռ մեկ ամսական էլ չկա: Երբ մեծանա, եղբայրները նրան կպատմեն Խնկավանի մասին:
-Ի՞նչ կպատմեն:
-Մեր անտառների ու սարերի, մեր տան, այգու, գյուղի մարդկանց մասին կպատմեն, կնկարագրեն մեր գյուղի անհավանական գեղեցկությունը: Իրենց խաղերը կհիշեն…
-Դուք և Արամայիսը ինչո՞վ էիք զբաղվում Խնկավանում:
-Կովեր ունեինք, ոչխարներ, այծեր, հավեր, ձիեր, էշեր… մեծ այգի ունեինք, մեծ բանջարանոց: Մեր տարածքում աճող գրեթե բոլոր պտուղներն ու բանջարեղենը կգտնեիր մեր հողամասում: Անկեղծ կասեմ՝ շատ էինք աշխատում: Չարչարվում էինք առավոտից իրիկուն, բայց երջանիկ էինք, որովհետև ամեն ինչի մեջ սեր կար: Առհասարակ, ես չեմ պատկերացնում կյանքն առանց աշխատանքի: Եթե մարդ ես ծնվել, պիտի գործ անես, բարիք ստեղծես:
-Իսկ Բարեկամավանը արդարացրե՞ց ձեր սպասելիքները:
-Շատ սիրուն գյուղ է, իրոք, շատ է նման Խնկավանին: Նույն կլիման է, նույն անտառները, նույն սարերը: Բարբառն էլ է նման: Հիմա գյուղը պատված է կանաչով, մաքուր օդ, զով քամի: Մարդիկ նույնպես շատ լավն են: Մեզ հարազատի պես ընդունեցին թե՛ գյուղի ղեկավարը, թե՛ մյուսները, օգնեցին՝ ինչով կարող էին: Հարևանն ասում է՝ ձեր գալուց հետո առավոտյան երեխաների ձայներից եմ արթնանում, էնքան հաճելի է: Բոլորը սիրում են երեխաներիս: Այստեղ նրանք օտարություն չեն զգում, մերվել են գյուղի մարդկանց, խաղում են հասակակիցների հետ: Այստեղ նրանք տանն են:
-Ինչպե՞ս եք ապրում, ինչո՞վ եք վաստակում ձեր հացը:
-Աշխատում ենք: Բարի մարդկանց օգնությամբ՝ կով ունենք, հավեր, ոչխարներ, խոզեր: Այգի ու բանջարանոց ունենք: Գրիշան, Գևորգն ու Գոռը՝ դպրոցականները, արդեն օգնում են տնային գործերում, ոչխարներին տանում են արածելու, խոզերին տիրություն են անում, որ չփախչեն-մտնեն ուրիշների բաղերը… Ամուսինս ամեն գործ անում է, որ երեխաները պակասություն չտեսնեն:
…Ես ու Արամայիսը, ինչքան էլ զբաղված լինենք, երեխաների դաստիարակությունը աչքաթող չենք անում, միշտ խրատում ենք, ասում ենք՝ հարգանքով խոսեք մեծերի հետ, երբ տեսնում եք մեկը օգնության կարիք ունի, օգնեք, մի՛ ստեք, համարձակ եղեք, լավ սովորեք…
-Ի՞նչ եք երազում:
-Եթե ես նստեմ ու երազեմ, իմ ցանկությունները երազանք էլ կմնան: Ես պիտի ամեն ինչ անեմ, որ մեծանալով՝ 7 որդիներս լավ մարդիկ դառնան՝ ազնիվ, խելացի, աշխատասեր, բարի… Պետքական մասնագիտություն ունենան, բարիք ստեղծեն, կարողանան լավ ընտանիք կազմել, օգուտ տան Հայրենիքին:
-Այսօր շատերը խաղաղություն են երազում:
-Խաղաղությունը երազանք չէ: Քո Խաղաղությունը ինքդ պիտի ստեղծես: Յուրաքանչյուրս իր բաժինը պիտի դնի խաղաղության նժարին: Ես ու ամուսինս մեկ ամսականից ինը տարեկան 7 տղա ունենք: Հեշտ չէ նրանց մեծացնելը: Մենք Բարեկամավանն ենք ընտրել, որովհետև այստեղ հողին քրտինք թափելու և ինքնուրույն ոտքի կանգնելու հնարավորություն կա: Այստեղ ամեն տուն մի զինվոր է, ամեն լուսավոր պատուհան մի հզոր զենք է սահմանին:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում