ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան օրերս տոնեց կազմավորման 30-րդ տարեդարձը: Ռազմական կրթության գլխավոր դարբնոցը երեք տասնամյակների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, որակական նոր նշաձողի հասցրել ռազմական կրթության չափորոշիչները: Թեմայի շուրջ ներկայացնում ենք ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ հարցազրույցը:
-Ինչո՞ւ ընտրել սպայի ուղին և ինչո՞ւ դիմել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ ռազմական կրթություն ստանալու համար:
-Բոլոր ժամանակներում սպաները հասարակությունում իրենց առանձնահատուկ դերն ու նշանակությունն են ունեցել: Պատմություն ուսումնասիրելով՝ կտեսնենք, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատ մարդիկ հնարավորություն չեն ունեցել զինվորագրվելու, զինվորականի մասնագիտություն ստանալու: Պատահական չէ, որ միայն ազնվականներինն է եղել այդ պատիվը՝ դառնալ սպաներ, որովհետև սպայի կերպարը մշտապես կապվել է ուժի, գիտելիքի և առաջնորդության հետ:
Դժվար է պատկերացնել որևէ մարտունակ բանակ առանց արհեստավարժ սպայական կազմի, իսկ մեր պարագայում մենք այլընտրանք չունենք. մեր այս բարդ տարածաշրջանում ապրելը մեզ ստիպում է է՛լ ավելի արժևորել սպայի մասնագիտությունը: Այն պետք է լինի համար մեկ մասնագիտությունը մեր պետության համար, որովհետև առանց սահմանների անվտանգության, առանց պետության կայունության դժվար է պատկերացնել, որ այլ մասնագիտության տեր մարդը կարող է գործել, արարել, զարգանալ: Հանրային գիտակցում պետք է լինի, որ սպան շատ կարևոր մասնագիտություն է մեր պետության, մեր պետականության համար:
Կարծում եմ՝ ակնհայտ է, թե ինչու ընտրել ակադեմիան, որովհետև միայն ակադեմիան է մեր երկրում սպա դառնալու հնարավորություն ընձեռում:
-Վերջին երկու տարիներին ռազմական ակադեմիա դիմողների թվի ավելացում է նկատվում, սակայն մինչ այդ նվազման միտում կար: Ինչո՞վ էր պայմանավորված դիմողների թվի նվազումը, և ինչի՞ արդյունքում ունենք այս ավելացումը:
-2010 թվականից մենք դիմորդների թվաքանակի նվազում ենք ունեցել: Իմ կարծիքով՝ դա նաև իմ նշած հանրային գիտակցության պակասից է եղել, մենք պատշաճ չենք արժևորել սպայի մասնագիտությունը: Ավելի ժամանակակից, առաջին հայացքից ավելի գրավիչ մասնագիտությունների տարածմանը զուգահեռ, մեր երիտասարդներից շատերը նախապատվություն տվեցին դրանց՝ մոռանալով, որ զինվորականի մասնագիտությունը շատ կարևոր է մեր պետության համար: Կարծում եմ՝ այժմ հանրային գիտակցումը կա, և մենք կատարված բարեփոխումների շրջանակում տեսնում ենք դիմողների աճ: Այժմ ռազմական ակադեմիան ունի դիմորդներին որակյալ կրթություն տալու հնարավորություն: Առկա են անհրաժեշտ պայմանները՝ ուսումնանյութական նոր բազա, շենք-շինություններ, կացարաններ, մեր կուրսանտներին ուղղակի պետք է լավ սովորել լավ սպա, հրամանատար դառնալու համար:
-Ինչպե՞ս է կազմակերպվում ուսումնական գործընթացը ռազմական ակադեմիայում, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում:
-Մեր ուսումնանյութական բազան բավականին կատարելագործվել է: Օգտագործում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, լսարանները մեծամասամբ հագեցած են «խելացի» գրատախտակներով, ինչն ավելի է բարելավում ուսուցման գործընթացը: Կուրսանտները ուսանում են թե՛ քաղաքացիական, ընդհանուր զարգացվածության առարկաներ, թե՛ զինվորական մասնագիտական առարկաներ: Նրանց ուսումնառության առաջին երկու տարիների ընթացքում նախապատվությունը տալիս ենք քաղաքացիական առարկաներին՝ ճշգրիտ գիտություններ, հումանիտար առարկաներ, հոգեբանություն, մանկավարժություն և այլն: Դրանից հետո աստիճանաբար անցնում ենք բուն զինվորական առարկաներին: Վերջնարդյունքում ունենում ենք ոչ միայն պատրաստված զինվորական, այլև բազմակողմանի զարգացած անձնավորություն: Անցած տարվանից ներդրել ենք ամբողջ աշխարհում ընդունված ուսուցման ժամանակակից մեթոդներից մեկը, որ կոչվում է ուսանողակենտրոն ուսուցում: Մեր բոլոր կուրսանտներն ունեն իրենց անհատական համակարգիչները: Ինքնապատրաստության ժամերին նրանք մուտք են գործում ակադեմիայում գործող փակ հարթակ, որտեղ դասախոսն արդեն տեղադրել է այն նյութը, որն իրենք պետք է սովորեն՝ աշխատություններ, տեսանյութեր: Տեսանյութը դիտելով՝ կուրսանտները արդեն պատկերացում են կազմում նյութի բովանդակության վերաբերյալ և հաջորդ օրը ներկայանում են դասին արդեն իսկ պատրաստ քննարկմանը:
-Ձեր պատասխանից ակնհայտ է, որ ռազմական ակադեմիայի կրթական ծրագրերը հիմնովին փոխվել են: Այնուամենայնիվ, փոփոխությունները շատ դեպքերում դժվար են ընկալվում: Ձեր կարծիքով՝ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի՝ կրթական նոր մշակույթը զորային օղակում և ամբողջ սպայակազմի համար ընդունելի և կիրառելի դարձնելու համար:
-Կրթությունն ինքնին ժամանակատար գործընթաց է, և պետք չէ արդյունք ակնկալել շատ կարճ ժամանակահատվածում: Կդժվարանամ ժամկետ նշել, միայն կարող եմ հավաստիացնել, որ մոտ ապագայում արդեն իրականացված բարեփոխումների արդյունքը տեսնելու ենք զինված ուժերում: Շատ շուտով ունենալու ենք ամբողջովին նոր գաղափարախոսությամբ, նոր ունակություններով, հրամանատարի, առաջնորդի որակներով օժտված, գիտելիքներով հարուստ սպաների նոր սերունդ:
-Ռազմական ակադեմիան իրականացնում է ակադեմիական փոխանակման ծրագրեր արտասահմանյան բուհերի հետ: Ո՞ր բուհերի մասին է խոսքը:
-2023 թ. դարձանք առաջատար ռազմական ուսումնական հաստատությունների ասոցիացիայի անդամ: Ասոցիացիայի կազմում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ այլ պետությունների ռազմական ակադեմիաները: Մեզ համար մեծ պատիվ է այդ ցանկում ընդգրկվելը: Այդ համագործակցությամբ մեր առջև բավականին լայն դռներ են բացվում: Կարող ենք իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում տարբեր դասընթացների միջոցով թե՛ այստեղ, թե՛ արտասահմանում:
Մենք հնարավորություն ունենք օտար լեզուների տիրապետող և բարձր առաջադիմությամբ սովորող կուրսանտներին ուղարկելու հենց այդ ակադեմիաներ իրենց ուսումը շարունակելու: Կատարում ենք փոխայցելություններ, կուրսանտների փորձի փոխանակում, ինչն իր դրական ազդեցությունն ունենալու է: Ուսումնասիրում ենք նաև այդ ակադեմիաներում գործող դասավանդման նոր մեթոդները՝ ծրագրերը մեր ակադեմիայում անհրաժեշտ ձևաչափով կիրառելու նպատակով:
-Շատ է քննարկվում ՀՀ զինված ուժերի համար նոր ռազմական գնումների հարցը: Կան մտավախություններ, որ դրանց կիրառման և անձնակազմի ուսուցման հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենալու: Ի՞նչ աշխատանքներ են տարվում նման խնդիրները բացառելու ուղղությամբ:
-Ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նոր միջոցների, սպառազինության ձեռքբերմանը զուգահեռ ես կարևորում եմ մի էական բաղադրիչ՝ օտար լեզուների ուսուցումը: Ռազմական ակադեմիայում գործող օտար լեզուների կենտրոնում առնվազն 8 լեզու է ուսուցանվում կուրսանտներին և ԶՈՒ սպայակազմին: Այդ զինծառայողների մի մասը հետագայում այդ նոր ռազմական տեխնիկան պետք է ուսումնասիրի, շահագործի: Նոր ձեռքբերումներին զուգընթաց մեր ուսումնական ծրագրերում կատարում ենք համապատասխան փոփոխություններ, կուրսանտներն ու սպաները ստանում են նոր սպառազինության մասին նյութեր:
-Անդրադառնանք ապագա սպաներին տրվող սոցիալական երաշխիքներին: Հայտնի է, որ սպայական առաջին կոչումն ստանալուց հետո պետությունը սպային ապահովում է երեք սենյականոց բնակարանով:
-Սոցիալական երաշխիքները սպայի և նրա ընտանիքի համար շատ կարևոր են, բարելավում են նրանց կյանքի որակը: Մեր պետությունը հոգ է տանում այդ խնդիրների արագ լուծման համար: Այսուհետ ռազմաուսումնական հաստատություններ ավարտող սպաներն իրենց ավարտական դիպլոմների հետ մեկտեղ ստանալու են Երևան քաղաքում 75-80 քմ մակերեսով երեք սենյականոց բնակարանի բանալիներ: Դրանով նաև խրախուսվում է զինվորական մասնագիտություն ընտրելը: Գիտեք՝ տարիներ շարունակ սպաներին բնակարանով ապահովելու խնդիր է եղել, պետությունը տարբեր ծրագրերի միջոցով փորձել է այդ հարցը լուծել: Այժմ այս ձևաչափով հարցը կարգավորվում է, սպան այլևս բնակարանի խնդիր չի ունենալու: Հաջորդը սպայի դրամական բավարարման հարցն է: Ատեստավորման գործընթացի ներդրմամբ մեր սպաները հնարավորություն ունեն իրենց ամսական դրամական բավարարումն էականորեն ավելացնելու: Սա ևս մի կարևոր ծրագիր է մեր սպաների և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար: Չափազանց արդյունավետ է նաև սպաներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական ծառայությունների մատուցման, փոխհատուցման ծրագիրը, սպան այդպիսով իրեն պաշտպանված է զգում:
Սպայի մասնագիտությունն այժմ արդիական է և պետության կողմից ուշադրության կենտրոնում է: Համոզված եմ՝ առաջիկայում նման սոցիալական ծրագրերն ավելանալու են՝ է՛լ ավելի բարձրացնելով զինվորական գործի գրավչությունը:
-Մեր երկրի առաջ պարբերաբար անվտանգային լուրջ սպառնալիքներ են առաջանում: Դրանց դիմակայելու հարցում ինչպե՞ս եք գնահատում ռազմական բուհի դերակատարումը:
-Ռազմական ակադեմիան առանց չափազանցության մեր զինված ուժերի ողնաշարն է: Ցանկացած բարեփոխում միանշանակ անդրադառնալու է զինված ուժերի մարտունակության վրա: Այդ պատճառով շատ կարևոր է պահպանել և ավելացնել այս բարեփոխումների շարքը: Այդ ամենը ես անմիջականորեն կապում եմ մեր պետության կայունության և սահմանների անվտանգության հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կուրսանտներին, որ արդեն իսկ առաջին քայլը կատարել են և ընտրել են այս մասնագիտությունը: Ցանկանում եմ, որ նրանք լավ սովորեն, պատվով կրեն հայ կուրսանտի և ապագա հայ հրամանատարի կոչումը, իրենց գիտելիքները ծառայեցնեն մեր հայրենիքի զարգացմանը: Երիտասարդներին հորդորում եմ ընտրել այս պատվաբեր ճանապարհը:
Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Ազգային բանակ