ԴՅՈՒՑԱԶՆԱՄԱՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայկական Թամանյան դիվիզիայի անվան զորամասի հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Ռուբիկ Միքայելյանն այն ինը հայորդիներից է, որի անձնական նվաճումը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Ռուբիկը, որ զբաղվում է սամբո ըմբշամարտով եւ բանակ է զորակոչվել անցած տարվա գարնանը ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտն ավարտելուց հետո, պառկած դիրքից 6500 արտակորում («փորի պրես») էր կատարել 2011թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի առթիվ։ Եվ ահա, ընդառաջելով նրա ցանկությանը, Գինեսի ռեկորդների գրանցման հանձնաժողովը, Հայաստանի արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողովին թույլատրել էր կազմակերպել նոր ռեկորդի սահմանման միջոցառումը, որն էլ տեղի ունեցավ հունվարի 28-ին՝ ազգային բանակի կազմավորման քսանամյա տարելիցի օրը, «Գրանդ սպորտ» մարզադահլիճում։ Մեկնարկից առաջ հիշյալ հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը ներկայացրեց միջոցառման անցկացման պայմանները եւ հանձնաժողովի անդամներին, որի կազմում էին նաեւ Գինեսի ռեկորդակիրներ Արտակ Գրիգորյանը եւ Բենիկ Իսրայելյանը։
Համապատասխան բուժզննում անցնելուց հետո Ռուբիկ Միքայելյանն սկսեց վարժության կատարումը։ Դահլիճում հավաքված նրա երկրպագուները ժամեր շարունակ հետեւում էին հայ զինվորի` «սեփական անձի դեմ» մղվող պայքարին։
Ի վերջո, 4 ժամ 35 րոպեում Ռուբիկ Միքայելյանը կատարեց 7550 (յոթ հազար հինգ հարյուր հիսուն) արտակորում եւ 1050-ով գերազանցեց իր իսկ ռեկորդը։ Միջոցառման վերջում նա հայտարարեց, որ ռեկորդը նվիրում է ազգային բանակի քսանամյակին եւ խոստացավ մինչեւ իր ծառայության ավարտը սահմանել նոր՝ 10000-ոց ռեկորդ։ Իսկ հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, շնորհավորելով զինվորին եւ բոլոր ներկաներին, ասաց.
-Շատ ուրախալի է, որ մեր ինը ռեկորդակիրներից հինգը զինծառայողներ են, իսկ այս ռեկորդը կգրանցվի մոտ ժամանակներս հրատարակվող Հայաստանի ռեկորդների գրքում՝ «Դյուցազնագրքում», իսկ տեսանյութը կուղարկվի Լոնդոն՝ Գինեսի ռեկորդների համակարգող հանձնաժողովին։
Միջոցառմանը ներկա էին ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր