ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԵՐԹԱՓՈԽԸ
Զորակոչ է: ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 4 տարածքային ստորաբաժանումում աշխատանքային եռուզեռ է: Բժշկական հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ զննում են զորակոչիկներին, պատասխանատուները վերստուգում են փաստաթղթերը, որ քիչ հետո կենտրոնական հավաքակայան ճանապարհեն բանակի շարքերը համալրող տղաներին։
Վաղ առավոտից տարածքային ստորաբաժանման բակում հավաքվել են զորակոչիկների հարազատները։ Անհրաժեշտ ընթացակարգերն անցնելով՝ երիտասարդները գալիս են նրանց մոտ, մինչև հավաքակայան մեկնելը շփվում ընտանիքի անդամների, ընկերների, բարեկամների հետ, լսում նրանց բարեմաղթանքներն ու լավ ծառայելու հորդորները։ Զրուցում եմ շատերի հետ: Զինվորների հարազատները հպարտությամբ, սիրով, բայց և հուզմունքով ներկայացնում են իրենց ապագա զինվորին, խոսում իրենց համար առանձնահատուկ օրվա զգացողությունների մասին։ Տղաներն էլ վստահեցնում են, որ լիովին գիտակցում են ծառայության կարևորությունը, պատրաստ են կյանքի այս նոր ու կարևոր շրջափուլի բոլոր դժվարություններին։
Արմինե Խաչատրյանը զորակոչիկ Գոռ Գրիգորյանի մայրիկն է:
-Ուժեղ, քաջ, ընկերասեր, աշխատասեր ու բարի տղա է որդիս,- ասում է Արմինեն: -Ուրախ սրտով ենք ճանապարհում մեր տղային: Նույն տրամադրությամբ հետևելու ենք նրա ծառայությանն ու անհամբեր սպասելու ենք վերադարձին:
-Գրիգորյաններն այսօր գրեթե ամբողջ գերդաստանով այստեղ են,- ժպտալով ասում է Գոռի պապիկը՝ ցույց տալով հարազատների աշխույժ ու բազմամարդ խումբը,- բոլորով եկել ենք ճանապարհելու մեր զինվորին:
Գոռի զարմիկը՝ փոքրիկ Վահիկը, հպարտությամբ խոսում է եղբոր մասին:
-Գոռը ուժեղ, մարտական տղա է, նա պետք է ծառայի, որ մեր Հայաստանը պաշտպանի: Երբ մեծանամ, ես էլ եմ նրա պես ծառայելու, դիրքեր պահելու,- ասում է մեծավարի և հպարտ ձգվում զինվորի պես:
Զրույցին միանում է զորակոչիկ Գոռը:
-Շատ բարձր տրամադրությամբ եմ մեկնում ծառայության: Բանակը բոլոր տղաներին է պետք,- ասում է երիտասարդը: -Բանակով անցածը սովորում է լիովին ինքնուրույն լինել, որոշումներ կայացնել: Դեռ այսքանը կասեմ: Մնացածը կգնամ, կտեսնեմ:
Գոռը ողջագուրվում է մի երիտասարդի հետ, պարզվում է՝ դասընկերն է՝ Կարենը:
-Ես կուրսընկերոջս՝ Հովհաննեսին էի եկել ճանապարհելու և տեսա Գոռին,- ասում է Կարենը: -Փաստորեն, միանգամից երկու ընկերոջ ճանապարհում եմ բանակ:
-Խոհարար եմ,- ասում է Հովհաննեսը,- շատ համեղ սուշի եմ պատրաստում:
-Գուցե բանակում էլ խոհարարի գործ կատարես,- ասում եմ ես:
-Հնարավոր է,- համեստ ժպիտով պատասխանում է երիտասարդը:
Մյուս ընկերները՝ Միքայելն ու Կարապետը, մեկը մյուսին լրացնելով՝ Հովհաննեսի դրական կողմերն են թվարկում.
-Շատ լավ մարդ է՝ նպատակասլաց, ընկերասեր, ընտանիքի մասին հոգ տանող: Հաստատ լավ զինվոր կլինի։
Զորակոչիկ Հովհաննեսի հորեղբայրը՝ Հովհաննես Զուռնաջյանն իրենց զինվորին այսպես է ներկայացնում.
-Անգին տղա է՝ խելացի, աշխատասեր, զբաղվում է սպորտով, հետևում է առողջ ապրելակերպին: Չափված-ձևված մարդ է: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, մեր տղան լավ զինվոր կդառնա։ Ես ծառայել եմ, նաև պատերազմի մասնակից եմ։ Իմ փորձից ելնելով՝ խորհուրդ եմ տվել եղբորորդուս, որ սպաներին, ծառայակից տղաներին եղբայրավարի ընկալի ու վերաբերվի, չէ՞ որ մենք բոլորս Հայաստան անունը կրող նույն տնից ենք: Թող մեր բոլոր զորակոչիկ տղաներն առողջ լինեն, լավ ծառայեն ու բարով վերադառնան իրենց օջախները:
Սվետլանա Տիգրանյանը անսահման սիրով է խոսում իր թոռան՝ Ստեփան Տիգրանյանի մասին:
-Մեծ հպարտությամբ եմ թոռանս ճանապարհում բանակ, շատ ոգևորված եմ: Արդեն չորրորդ տասնամյակն է, որ դպրոցում եմ աշխատում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Այժմ եկել է պահը, երբ բոլոր գաղափարները, որոնցով ես, մեր ընտանիքը դաստիարակել ենք մեր տղային, դառնան գործ: Հայրենի հողի պաշտպան են պատրաստվում դառնալ մեր զավակները, մեր թոռները: Ճիշտ է՝ մի քիչ հուզված եմ, այլ կերպ չէր էլ լինի, բայց ավելի շատ հպարտ եմ, որ իմ թոռնիկը մեր երկիրն ազատ, խաղաղ պահելու գործում իր լուման է ներդնելու: Անհամբեր սպասելու եմ, որ երկու տարի անց ասեմ՝ աչքներս լույս, մեր զինվորները վերադարձան:
-Վաչագան Խաչատրյան,- ներկայանում է մյուս զորակոչիկի՝ Աշոտ Խաչատրյանի պապը: -Մեծ թոռս՝ Վաչագանը, մասնակցել է 44-օրյա պատերազմին, հիմա էլ այստեղ է, եկել է ճանապարհելու կրտսեր եղբորը: Աշոտը՝ մեր զինվորը, ավարտել է Մշակույթի և արվեստի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժինը: Ֆիլմ է նկարահանել, կարծում եմ՝ խոստումնալից ռեժիսոր է թոռս։ Վստահ եմ՝ ծառայությունը կնպաստի, որ նոր գաղափարներով ու եռանղով վերադառնա իր գործին:
Պապից հետո խոսում է հայրը՝ Գևորգ Խաչատրյանը:
-Մեր որդին մեկնում է ծառայության, մարտական է նաև մեր տրամադրվածությունը: Մեծ որդիս արժանապատվորեն է ծառայել, հիմա հերթը փոքրինն է: Այսպես ենք դաստիարակել մեր տղաներին՝ պետք է տեր լինել հայրենիքին: Բոլորիս ցանկությունն է, որ խաղաղություն լինի, սակայն խաղաղությանն էլ պետք է պատրաստ լինել, պայքարել դրա համար: Այդ գործում բոլորս մեր բաժինն ունենք։
-Ի դեպ, Գևորգն էլ է զինվորական եղել, մասնակցել է 1990-ական թվականների մարտական գործողություններին: Կրտսեր որդիս էլ այժմ ծառայում է, սպա է,- կողքից հուշում է Վաչագան պապը։
Մեր լուսանկարիչը մտաբերում է Գևորգի ավագ որդուն՝ Վաչագանին: «Հայ զինվորի» էջերում ժամանակին անդրադարձել ենք երիտասարդին՝ որպես պատերազմի մասնակցի, հիմա արդեն իր եղբորն է ծառայության ճանապարհում:
-Տղան պետք է ծառայի, տղամարդ դառնա, իր ընտանիքը, իր հայրենակիցներին պաշտպանի: Եղբայրս հասուն մարդ է, կարելի է ասել, շատ դեպքերում խորհուրդ տալու կարիք էլ չկա: Վստահ եմ՝ լավ կծառայի ու պատվով հետ կգա,- ասում է Վաչագանը:
Բոլորի խոսքն ամփոփում է զինվորի մայրիկը՝ Հերմինեն.
-Երբ երկու որդի ունեցանք, գիտակցում էինք, որ երկու զինվոր են, հայրենիքի երկու պաշտպան: Մեծ տղաս մասնակցեց 44-օրյա պատերազմին… Շատ դժվար օրեր էին, բայց ամեն ինչ հաղթահարեցինք: Հպարտություն և ուրախություն է որդուն բանակ ճանապարհելն ու ծառայությունից հետո նորից գրկելը: Մի մաղթանք ունեմ այսօր՝ թող մեր զինվորների մայրերի աչքերում միայն ուրախության արցունքներ լինեն:
***
Մոտենում է բաժանման հուզառատ պահը: Տղաները պատրաստվում են նստել ավտոբուսները՝ կենտրոնական հավաքակայան մեկնելու համար: Այնտեղ անհրաժեշտ բժշկական հետազոտություններն անցնելուց ու վիճակահանությանը մասնակցելուց հետո նրանք կմեկնեն իրենց ծառայավայրերը։ Ծնողներն ու հարազատները շրջապատում են իրենց զինվորներին ու մի անգամ էլ մաղթում խաղաղ, անվտանգ ծառայություն: Իսկ զորակոչիկներն իրենց կյանքի նոր ու կարևոր շրջանն են թևակոխում: Առջևում զինվորական հետաքրքիր, հագեցած ու պատվաբեր ծառայության երկու տարիներն են:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում