Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ՝ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ



ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ՝ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎՀուլիսի 1-ից 7-ը Տավուշի մարզում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը: Պաշտպանության նախարարության հրաձգարաններում, զորավարժարաններում և զորամասերում թիմերը ուժերն են չափում չորս մրցաձևերում:

Բանակային խաղերին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական 18 թիմերը, որոնցում ներգրավված էին նաև կին ծառայողներ: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խաղերին մասնակցող թիմերի քանակը կրկնապատկվել է: Մասնակիցները գնահատվել են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:

Առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևը: Թիմերի ներկայացուցիչների համար պահանջը հետևյալն էր՝ անծանոթ տեղանքում արագ և անվտանգ հաղթահարել երթուղին, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացնել սահմանված վայրի հայտնաբերում և կարճ ժամանակում հատել վերջնագիծը։ Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը:

Երեք օր զուգահեռաբար անցկացվել է հրաձգություն՝ ինքնաձիգից, դիպուկահար հրացանից, ատրճանակից։ Բոլոր դրվագներում հավասարապես մասնակցել են կառույցների կին ներկայացուցիչները։ Հաջորդիվ «Քառամարտն» էր։ Մասնակիցները ֆիզիկական տարբեր վարժություններով վաստակել են ընդհանուր թիմային հաշվարկի համար կարևոր միավորներ՝ կատարելով 100, 1000 և 3000 մետր վազք, ձգումներ պտտաձողից, ծալումներ և նռնակի նետում։

Վերջին մրցաձևը ռազմականացված կրոսավազքն էր, ներառյալ փոխանցումավազքը։ Մասնակիցներն անցել են վազքով, կատարել նշանակետի խոցում և նռնակի նետում։ Մրցաձևի անցկացմանը հետևել է հանրապետության վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունն ու կարողությունների բարձր մակարդակը՝ ընդգծելով, որ այս խաղերը ևս մեկ հնարավորություն են առողջ ապրելակերպի նկատմամբ ուշադրությունն ավելացնելու ուղղությամբ։

Բանակային մեկշաբաթյա խաղերի արդյունքներն ամփոփվել են հուլիսի 7-ին խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Լավագույն թիմերն ու անհատական անվանակարգերում գերազանց ելույթներ ունեցած մասնակիցներն արժանացել են գավաթների և խրախուսական պարգևների:

Թիմային հաշվարկով առաջին տեղում պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի, երկրորդ տեղում երրորդ բանակային զորամիավորման թիմն է, իսկ երրորդը պետական պահպանության ծառայության թիմն է։ Բոլոր մասնակիցների գնահատմամբ՝ բանակային խաղերն անցել են արդար և թափանցիկ մրցապայքարում։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Ազգային բանակ


15/07/2024