Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԻԿ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ. «ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՅՐԸ»



ԽԱՉԻԿ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ. «ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՅՐԸ»Խաչիկ Աստվածատրյանը կամ Փոլ Չաթերը հասարակական-պետական գործիչ էր, բարերար, դատավոր, օրենսդիր խորհրդի անդամ, միջազգային ընկերությունների համասեփականատեր, որ հսկայական բիզնես կայսրություն էր հիմնել Արևելյան Ասիայում: Ծնվել է 1846 թվականին Կալկաթայում, բազմազավակ ընտանիքում։ Ծնողների մահից հետո ծնողական խնամքից զրկված երեխաներին տեղափոխել են որբանոց, իսկ տարիներ անց 18 տարին բոլորած Խաչիկը մեկնել է Հոնկոնգ՝ գումար վաստակելու և քույր-եղբայրների հետ ընտանիքը վերամիավորելու նպատակով։

Նա աշխատանքի է անցել Հոնկոնգի բանկերից մեկում՝ որպես օգնական՝ միաժամանակ սովորելով քոլեջում։ 1886 թ. աշխատել է Հոնկոնգի օրենսդրական խորհրդում, դարձել գործադիր խորհրդի, հետագայում՝ հաշտարար դատարանի անդամ։ Աստվածատրյանը 40 տարի Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդականն էր։ 1890 թվականին կառուցել է աշխարհում առաջին էլեկտրակայաններից մեկը։ Նրա մասին տեղացիներն այսպես են արտահայտվել. «Կալկաթայից ժամանած այս երիտասարդ հայն իրենով է լցրել ամբողջ Հոնկոնգը։ Նա ամենուր է, ոչինչ հնարավոր չէ իրականացնել առանց նրա իմացության ու մասնակցության։ Նա Հոնկոնգի հայրն է»։

Աստվածատրյանին նաև անվանել են «Հոնկոնգի արքայազն»՝ իր նախաձեռնող մտքի և բիզնեսում հաջողության համար։ Զբաղվել է ոսկու ձուլակտորների և հողատարածքների առուվաճառքով։ Բարձր արժեքով գնել է հողատարածքներ և կառուցել որբանոցներ, ծերանոցներ, եկեղեցիներ ու դպրոցներ։ Խաչիկ Աստվածատրյանը բավականին լավ ծանոթ էր Հոնկոնգի աշխարհագրական առանձնահատկություններին և ամեն ջանք գործադրել է տնտեսության զարգացման համար։ Նա օվկիանոսի հաշվին կղզու մակերեսը ընդլայնելու ծրագիր է մշակել։ Իսկ բանկային համակարգի ստեղծման ու զարգացման շնորհիվ Հոնկոնգը շուտով դարձել է Չինաստանի ամենազարգացած շրջաններից մեկը: Խաչիկ Աստվածատրյանի գործուն մասնակցության շնորհիվ քաղաքը մինչ այսօր նշանակալի ազդեցություն ունի համաշխարհային տնտեսությունում։ Նրա օժանդակությամբ են կառուցվել Հոնկոնգի համալսարանը, նավահանգիստը, բազմաթիվ շենք-շինություններ։

Բրիտանական «Daily Mail» պարբերականը հայ բարերարի ու գործարարի մասին գրել է. «Հոնկոնգի հանդեպ ունեցած Չաթերի վերաբերմունքի ամենակարևոր փաստերից մեկն այն է, որ նա ինքնուրույն վերականգնեց քաղաքի զարգացման ծրագիրը, որը հիմք ծառայեց XX դարում քաղաքի կառուցապատման համար»։

Խաչիկ Աստվածատրյանը Հոնկոնգի նշանավոր դեմքերից էր։ Նրա պատվին անվանակոչել են փողոցներ, այգիներ ու պետական շինություններ, իսկ Կալկաթայի հայկական եկեղեցու հիմնական շինությանը կից կառույցն անվանակոչվել է «Սըր Փոլ Չաթերի տուն»։ 1902 թվականին Մեծ Բրիտանիայի թագավոր Էդվարդ VII-ը Աստվածատրյանին շնորհել է ասպետի կոչում՝ արժանացնելով «Սըր» տիտղոսի, որից հետո նրան կոչում էին Սըր Խաչիկ Փոլ Չաթեր։

Չաթերը երկու սպորտաձևի սիրահար էր՝ ձիավարություն և կրիկետ։ 1872 թ. հիմնադրել է իր սեփական ձիարշավարանը: Նրա մահից տարիներ անց՝ 1955 թ. ձիարշավի ասպարեզում Հոնկոնգի հեղինակավոր «Եռակի թագ» մրցանակը կոչվել է Խաչիկ Աստվածատրյան Չաթերի անունով:

Հոնկոնգի հանդեպ ունեցած անսահման սիրո հետ մեկտեղ նա երբեք չի մոռացել իր ծագման մասին։ Մեծ գումարներ է նվիրաբերել Հոնկոնգի, Կալկաթայի, Լոնդոնի, Փարիզի, Նանկինի և Պեկինի հայկական դպրոցներին, եկեղեցիներին ու որբերի խնամող ընտանիքներին։

Աստվածատրյանը մահացել է 1921 թվականին և թաղվել Հոնկոնգի գերեզմանատանը։ Նրա մահից հետո տեղական թերթերը գրել են. «Հոնկոնգը կորցրեց իր սիրտը»։ Նա երեխաներ չուներ, և կտակի համաձայն՝ կարողությունը փոխանցվել է Կալկաթայի հայկական Սուրբ Նազարեթ և Հնդկաստանի ու Հարավարևելյան Ասիայի մի շարք հայկական եկեղեցիներին։

1836 թ. Կալկաթայում հիմնադրված Լա Մարտինիեր դպրոցի բակում 2017 թ. սեպտեմբերի 8-ին տեղի է ունենում Փոլ Չաթերի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ դպրոցն է ավարտել պատանի Չաթերը: 1910 թ. դպրոցը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունենում և փակման եզրին հայտնվում։ Աջակցության խնդրանքից հետո հայ գործարարը ոչ միայն մարել է դպրոցի կուտակած պարտքը, այլև ստեղծել է հիմնադրամ, որը մինչ օրս աջակցում է կրթահամալիրի գործունեությանն ու զարգացմանը։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Հոգևոր-մշակութային


15/07/2024